
Եվրոպական Միությունից ֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսություն նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում Երևանում միջազգային երկօրյա կոնֆերանս է մեկնարկել: Աշխարհի տարբեր երկրներից Հայաստան են ժամանել գիտնականներ, հետազոտողներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, գյուղատնտեսներ ու ֆերմերներ: Քննարկումների առանցքում կանաչ գյուղատնտեսությունն է՝ որպես Հայաստանում կայուն զարգացման խթան:
ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» տվյալ ոլորտում կառույցի ֆինանսավորմամբ իրականացվող ամենախոշոր ծրագիրն է: Նպատակը նորարար և օրգանական ագրոբիզնեսի աճին նպաստելն է, ինչը ենթադրում է նպաստավոր միջավայրի ստեղծում, ենթակառուցվածքներին, տեխնոլոգիաներին և շուկաներին հասանելիության բարելավում:

Երկու օր գյուղոլորտի հայ և եվրոպացի ներկայացուցիչները քննարկելու են այն հարցերը, թե որոնք են այս նպատակներին հասնելու ամենաարդյունավետ ճանապարհները։
Ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Վարդան Ուռուտյանը համոզված է, որ նման կոնֆերանսները նույն հարթակում հարցերը տարբեր տեսանկյուններից քննարկելու հնարավորություն են։
«Ընդհանրապես, կանաչ գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք հարակայուն գործելակերպեր, կլիմայական խելամիտ տեխնոլոգիաների տարածում և այլն։ Մենք ունենք կլիմայի փոփոխություն՝ հողերի դեգրատացիա, կենսաբազմազանության կորուստ, ջրային ռեսուրսների ոչ ճիշտ կառավարում։ Նման խնդիրները Հայաստանում շատ են։ Կոնֆերանսի նպատակն է բարձրաձայնել բոլոր խնդիրները, հասկանալ, թե ինչպես կարող ենք օգտագործել բարձր տեխնոլոգիաները, նորարար լուծումներ կիրառել և բարձրացնել գյուղատնտեսության դիմադրողականության աստիճանը»։
ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը հիշում է, որ երբ 2004-ին առաջին անգամ Հայաստան եկավ, գյուղատնտեսության ոլորտում սահմանափակ թվով ծրագրեր կային, իսկ այժմ մեծ բազմազանություն կա։ Ըստ Բոկկերսի՝ մարդիկ այսօր շահագրգռված են զբաղվելու կանաչ գյուղատնտեսությամբ, հատկապես երիտասարդները, որոնք հետաքրքված են բնապահպանական իրավիճակով։

«Մարդիկ հետաքրքրված են կանաչ արտադրությամբ, շրջակա միջավայրի համար շահեկան արտադրական մեթոդներով։ Կարծում եմ, որ կա ներուժ, ու Հայաստանը պետք է հաշվի առնի, որ տնտեսության զգալի մասը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը։ Անհրաժեշտ է նաև սննդի արտադրության մեջ ավելի ինքնաբավ լինել, միգուցե 100 տոկոսով հնարավոր չէ դրան հասնել, բայց պարենային ներուժ կա, և ներուժ կա զարգացնելու օրգանական արտադրությունը»,– ասում է Պասկալ Բոկկերսը։
«Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի մեկնարկը տրվել է 2019-ին, այն կավարտվի այս տարվա մայիսին։ Ծրագիրը ֆինանսավորել է ԵՄ-ն՝ 9,7 եվրոյի չափով, Ավստրիայի կառավարությունն էլ 3,6 մլն եվրո է ուղղել օրգանական տնտեսության աջակցությանը։

Պասկալ Բոկկերսն ասում է, որ պատերազմից հետո ծրագրի հատուկ ուղղություն է դարձել արցախցի գյուղատնտեսներին օգնությունը։
«Մեկ տարի է, ինչ աջակցում ենք այն ֆերմերներին, որոնք Արցախից են հաստատվել Հայաստանում։ Տարբեր ծրագրեր ունենք իրենց համար, այդ թվում՝ հնդկահավի, ճագարի բուժման և կանաչ ջերմոցների ուղղությամբ»,- հայտնեց նա։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հրաչյա Զաքոյանը կարծում է, որ նման կոնֆերանսներն օգնում են ոլորտի զարգացմանը։
«Մի կողմից՝ ունենք եվրոպական բազմաթիվ երկրներից հրավիրված հյուրեր, որոնք կարող են ներկայացնել իրենց երկրի փորձը, մյուս կողմից՝ Հայաստանը կարող է կենտրոնանալ հետևյալ հարցի վրա․ գյուղատնտեսություն դեռևս չի նշանակում այն, ինչ մենք ենք պատկերացնում։ Բնության ճանաչված օրինաչափությունները հաշվի առնելով՝ պետք է կարողանանք կազմակերպել մեր գործունեությունը՝ ստեղծելով բարիքներ՝ բնության հետ ներդաշնակ համագործակցության միջոցով»։
Երկօրյա կոնֆերանսի շրջանակում մասնակիցները դաշտային այց կկատարեն Զաբել Եսայանի անվան ագրոբիզնեսի կենտրոն և Կանաչ ուսուցման կենտրոն։




