
Հունիսի 30-ից Ռուսաստանը պլանավորում է ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիների համար գործարկել գրանցման նոր ընթացակարգ՝ միասնական նույնականացման ու վավերացման համակարգում օգտագործելով ընդհանուր պորտալի բջջային հավելվածը։ «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը մանրամասներ է ներկայացրել ՌԴ միգրացիոն օրենսդրության փոփոխությունների մասին։ Ռուսաստանի Դաշնության միգրացիոն քաղաքականությունը վերջին տարիներին զգալի փոփոխությունների է ենթարկվել, ինչն առավելապես բացատրվել է անվտանգության նկատառումներով։ Իսկ 2024 թվականն առանձնացել է միգրանտների նկատմամբ վերահսկողության աննախադեպ խստացումով։ Որպես հետևանք ռեկորդային թվով միգրանտների են արտաքսել երկրից։
ՌԴ պետդուման դեռ 2024 թ. հունիսին էր խստացրել երկրում միգրանտների գտնվելու ընթացակարգը։ Այդ ժամանակ ընդունված նոր օրենքով էլ նախատեսվել էր ստեղծել համապատասխան ռեգիստր։
Եվ ահա, տվյալ օրենքից բխող՝ Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության փոփոխություններով ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիների մուտքի համար նոր կարգավորումներ են սահմանվելու։ Մասնավորապես նախատեսվում է, որ հունիսի 30-ից վերը նշված երկրների քաղաքացիները պետք է գրանցվեն նույնականացման ու վավերացման միասնական համակարգում։
Գրանցման համար ստեղծվելու է միասնական պորտալի բջջային հավելված՝ RuID՝ տեղեկացնում է «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։ Փորձագետի պարզաբանմամբ՝ օտարերկրյա քաղաքացիները ՌԴ մուտք գործելու համար մինչև 72 ժամ առաջ, իսկ արտակարգ դեպքերում մինչև 4 ժամ առաջ պետք է գրանցվեն այդ համակարգում։
«Օտարերկրացին բացելու է իր համար, այսպես կոչված, կաբինետ, լրացնելու է իր տվյալները և դիմելու է, որ պատրաստվում է 72 ժամ հետո մուտք գործելու ՌԴ։ Իր տվյալները ստուգելու են ՌԴ պատկան մարմինները, և եթե նրա մուտքը թույլատրվի, նա կստանա համապատասխան կոդ, որը կներկայացնի սահմանապահին։ Օտարերկրացուն առանց այդ կոդի ուղղակի թույլ չեն տա մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն»։
Փորձագետի գնահատմամբ՝ դրանից հետևում է, որ այդ համակարգը յուրօրինակ «վիզային մեխանիզմ» է ոչ վիզային երկրների համար։
«Ոչ վիզային երկրների համար Ռուսաստանը ստեղծում է յուրօրինակ, այսպես ասած, «վիզային մեխանիզմ», և նշված չէ, որ այս կամ այն նպատակի պարագայում այդ պահանջը չի լինի»։
Այսինքն՝ խոսքը Ռուսաստան ամեն պարագայում մուտք գործելու մասին է՝ ասում է փորձագետը։ Սրանից բացի՝ ՌԴ միգրացիոն օրենսդրության այլ փոփոխություններ ևս կատարվել են ու կատարվում են։ Ապրիլի 1-ից, մասնավորապես, ուժի մեջ է մտել մի կարգավորում, որով բոլոր միգրանտների երեխաների համար պարտադիր է դառնում ռուսերենի իմացության թեստ հանձնելը, եթե նրանք պատրաստվում են դպրոց հաճախելու։ Միգրացիայի հարցերով փորձագետ Տաթևիկ Բեժանյանը Հայաստանի քաղաքացիներին հորդորում է, որ եթե առաջիկայում պատրաստվում են երկար ժամանակով մեկնելու Ռուսաստան, ու այդ ընթացքում նրանց երեխաները դպրոց են հաճախելու, լավ կլինի, որ այսօրվանից երեխաներին ուղարկեն ռուսերենի դասընթացների։
Եթե երեխան չանցնի թեստավորումը, ապա պարզապես դուրս կմնա կրթական գործընթացից, և դրա վտանգը բավական մեծ է՝ շեշտում է Բեժանյանը։ ՌԴ օրենսդրության հաջորդ փոփոխությունը վերաբերում է վարորդական իրավունքի վկայականներին։ Մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը Ռուսաստանում բնակվելու իրավունք և կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կամ երկքաղաքացիները կարող էին պարզացված կարգով իրենց պետությունների վարորդական իրավունքի վկայականները փոխարինել ռուսականով, այսինքն՝ առանց քննություն հանձնելու։ Ապրիլի 1-ից այդ կարգը այլևս չի գործում։ ՌԴ վարորդական իրավունք ստանալու համար պարտադիր պետք է քննություն հանձնել։ Այս հիմքով խախտումը արտաքսման պատճառ կարող է դառնալ։
Տաթևիկ Բեժանյանը նկատում է, որ նման խստացումներն ազդում միգրացիոն հոսքերի վրա։ Ի դեպ, վերջին շրջանում Հայաստանից Ռուսաստան միգրացիոն հոսքերը նվազել են։ Այդ հարցում ազդեցություն ունի նաև ռուբլու արժեզրկումը, ինչպես նաև Հայաստանում իրականացվող շինարարական լայնամասշտաբ ծրագրերը։ Շատերը նախընտրում են մնալ ու աշխատել Հայաստանում։
Գերմանական DW պարբերականը հրապարակումներից մեկում հրապարակել էր Ռուսաստանից արտաքսված միգրանտների վիճակագրության ուշագրավ մանրամասներ՝ շեշտելով նաև այդ երևույթի հետևում թաքնված քաղաքական հնարավոր շարժառիթները։ Անցած տարի Ռուսաստանից արտաքսվել է ավելի քան 80 հազար միգրանտ՝ գրում է DW–ն՝ հղում անելով ռուսական ՏԱՍՍ գործակալությանը։ Փորձագետները նկատել են, որ ՌԴ-ից արտաքսված միգրանտների այդ թիվը ռեկորդային է վերջին մի քանի տարվա համար։ Այն գրեթե երկու անգամ գերազանցում է 2023-ի ցուցանիշը։
2023-ին Ռուսաստանից արտաքսվել է 44,2 հազար օտարերկրացի և քաղաքացիություն չունեցող անձ, 2022-ին՝ 26,6 հազար միգրանտ։ Արևմուտքի փորձագետները հատկանշական էին համարել, որ ՌԴ միգրացիոն քաղաքականության խստացումը համընկել է երկրում տեղի ունեցած մի շարք ներքին իրադարձությունների։
Անցյալ տարվա սեպտեմբերին Ռուսաստանի ՆԳՆ-ն հայտարարել էր, որ մեկ տարվա ընթացքում երկրից հեռացել է ավելի քան 2 միլիոն օտարերկրյա քաղաքացի։ Ռուսաստանն ավելի վաղ հայտնել էր միգրանտների ներհոսքի կրճատման մասին՝ բացատրելով, որ նպատակ է դրել այդ թիվը վերջին տասը տարվա նվազագույն մակարդակին հասցնելու։ 2023 թվականին այլ երկրներից Ռուսաստան է մեկնել շուրջ 560 հազար մարդ՝ 23 տոկոսով պակաս, քան 2022 թվականին։
Միգրացիայի հարցերով փորձագետ Տաթևիկ Բեժանյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում դժվարացավ գնահատել, թե այս խստացումները որքանով են տարածվել հայ միգրանտների վրա, և քանի հայ է արտաքսվել Ռուսաստանից․
«Ցավոք, ՌԴ-ի բազաները ընդհանուր թիվ են պարունակում և չեն տարանջատում մարդկանց ըստ քաղաքացիության: Կարող եմ ասել միայն, որ 2024 թ. դեկտեմբերի դրությամբ շուրջ 16․000 քաղաքացի ունի մուտքի արգելք: Սա գերատեսչությունների տրած թիվն է․ դա արտաքսումները և դատարանի վճիռները չի ներառում»։
ՌԴ իշխանությունները միգրացիոն քաղաքականությունը սկսել են խստացնել Մոսկվայի մարզի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում 2024-ի մարտին կատարված ահաբեկչությունից հետո, որի համար մեղադրվում էին Տաջիկստանի քաղաքացիներ։




