
Հնդկաստանի արտգործնախարարության նախաձեռնած «Ռաիսինա երկխոսություն 2025» համաժողովին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը։ «Ապրի Արմենիայի» փորձագետների խումբը աշխարհի տարբեր երկրներից Նյու Դելի ժամանած շուրջ չորս հազար մասնագետների հետ տարբեր հարցեր է քննարկել՝ երկկողմ համագործակցությունից մինչև աշխարհաքաղաքական զարգացումներ։ «Ապրի Արմենիայի» փորձագետը «Ռադիոլուրին» պատմել է ուշագրավ քննարկումների մասին։
Ոչ միայն ռազմական, այլև ռազմավարական․ «Ռաիսինա երկխոսություն 2025» համաժողովի ընթացքում փորձագետները, քննարկելով հայ-հնդկական համագործակցությունը, ընդգծել են տարբեր ոլորտներում արժեքավոր գործընկերներ լինելու կարևորությունը՝ պատմում է «Ապրի Արմենիայի» գիտաշխատող Դավիթ Անտոնյանը։
Հնդկաստանի համար խաղաղությունը նույնքան կարևոր գործոն է, որքան Հայաստանի՝ ասում է փորձագետը և նկատում՝ հենց այդ պատճառով էլ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը հետաքրքրում է Նյու Դելիին։
«Խաղաղության խաչմերուկն իրենց շատ է հետաքրքրում, հետաքրքրում է նաև Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջազգային հանգույցների թեման, Չաբահարի նավահանգիստը, որով Հայաստանը նույնպես շահագրգռված է։ Իրենք ասում են՝ մենք չեզոք դիրք չունենք, մենք ունենք խաղաղության դիրք, որը նաև Հայաստանի պարագայում է կարևոր, քանի որ ներքին և արտաքին քաղաքականության մեջ շեշտում ենք խաղաղության գործոնը»։
Սրան զուգահեռ ընդհանուր են Հայաստանի ու Հնդկաստանի շահերը ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում։ Անտոնյանը հիշեցնում է որոշ երկրների համագործակցությունն այս առանցքի շուրջ։
«Տեսնում ենք ադրբեջանա-թուրքական և պակիստանյան ավելի լայն համագործակցությունը, որը Հնդկաստանի շահերին հակասում է։ Կա աճող համագործակցություն, այսպես ասենք, ոչ լավ գործընկերների միջև, և սա այն կետերից մեկն է, որտեղ մեր շահերը համընկնում են»։
Բացի ռազմականից հայ-հնդկական համագործակցությունը կարևորվել է նաև այլ ոլորտներում։ Խոսքը մասնավորապես վերականգնվող էներգիայի, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, ենթակառուցածքների մասին է։
«Հայաստանն ունի մեծ կարողություններ AI-ի և տեխնոլոգիաների ոլորտում։ Լուրջ քննարկում կա բժշկական համագործակցության շուրջ՝ հնդկական ներդրումներ, համատեղ ընկերություններ։ Այժմ ձգտում ենք, որ համատեղ ձեռնարկություններ լինեն, որ հենց Հայաստանում արտադրություն կազմակերպվի»։
Ինչ վերաբերում է ռազմական համագործակցությանը, ապա Հայաստանը Հնդկաստանի համար կարևոր երկրների առաջին եռյակում է՝ ասում է Անտոնյանը։
«Արդեն տեսնում ենք արդյունքներ, տարբեր թրեյնինգներ են անցկացվում հայկական կողմի համար։ Ռազմական հարաբերություններում Հնդկաստանը մեր կարևորագույն գործընկերներից է։ Մենք այս առումով Հնդկաստանի գործընկեր-երկրների առաջին եռյակում ենք, որտեղ նաև Միացյալ Նահանգներն է։ Ուշագրավ է, որ երեք միլիոնանոց պետությունը համեմատում ենք 350 միլիոնանոցի հետ։ Այսինքն՝ Հայաստանը ռազմական առումով կարևոր է Հնդկաստանի համար, և պետք չէ թերագնահատել այդ հանգամանքը»։
«Ռադիոլուրի» զրուցակիցը նշում է նաև, որ Նյու Դելիում սպասում և կարևորում են Դելի-Երևան և հակառակ ուղղությամբ ուղիղ չվերթերի իրականացմանը, ինչը կնպաստի գործնական հարաբերությունների զարգացմանը։




