
Ֆրանսիական ոստիկանությունը հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ սպառնալիքներ են հնչել ֆրանսիական ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենի, ինչպես նաև այս կուսակցությունից Եվրախորհրդարանի 8 պատգամավորների և 12 օգնականների գործով դատավճիռ կայացրած դատավորների հասցեին, հայտնում է AFP գործակալությունը։
Վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազ Ռեմի Էյտեսն անընդունելի է համարել դատավորներին ուղղված սպառնակիքները։ Նրա կարծիքով՝ այդ սպառնալիքները քրեական պատասխանատվություն են ենթադրում։
Փարիզի դատարանը երեկ չորս տարվա ազատազրկման է դատապարտել Մարին Լը Պենին՝ ԵՄ կողմից տրամադրած միջոցները յուրացնելու համար։ Ֆրանսիական դատարանի որոշման համաձայն՝ պատժաչափի կեսը պայմանական բնույթ է կրելու, մյուս կեսը նա անցկացնելու է տնային կալանքի պայմաններում։
Դատարանի որոշումը նրան զրկում է Ֆրանսիայի նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։
BFMTV հեռուստաալիքն էլ հայտնել է, որ Լը Պենի բողոքի վերաբերյալ վերաքննիչ դատարանը կարող է որոշում կայացնել 2026 թվականի ամռանը։
Ինչպես նշել է հեռուստաալիքը, այս ժամկետը պահպանելու համար վերաքննիչ դատարանում բողոքարկման ընթացակարգը պետք է սկսվի 2026 թվականի սկզբին, և դատավճիռը կարող է կայացվել Ֆրանսիայի 2027 թվականի նախագահական ընտրություններից շատ ամիսներ առաջ։




