ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

«Պոպուլիզմը»՝ ըստ Ադրբեջանի․ Երևանը Բաքվից հերթական մերժումն է ստացել

Ադրբեջանի խորհրդարանականները պատրաստ չեն հայ գործընկերների հետ խաղաղության օրակարգին առնչվող հարցերը քննարկելուն։ Երևանը հերթական մերժումն է ստացել Բաքվից՝ տեղեկացրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը։ Նա դիմել էր ադրբեջանցի պաշտոնակցին՝ առաջարկելով խորհրդարանական հանձնաժողովների հանդիպում կազմակերպել հայ–ադրբեջանական սահմանին։  

Ադրբեջանական կողմը Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին «պոպուլիստ» է որակել այն բանի համար, որ նա առաջարկել է հայ-ադրբեջանական սահմանին հանձնաժողովների հանդիպում կազմակերպել խաղաղության համաձայնագրի շուրջ կարծիքներ փոխանակելու նպատակով։ Ադրբեջանի Միլի մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամադ Սեյիդովին Խանդանյանը պաշտոնական նամակ ուղարկել էր մարտի 20–ին՝ խաղաղության փաստաթղթի ամբողջական համաձայնեցման մասին հայտարարությունից  յոթ օր անց։ Պատգամավորը մտածել էր, որ խաղաղության ուղղությամբ քայլեր անող կողմերի համար այդ շփումն օգտակար կլինի։

«Հաշվի առնելով, որ Խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է, և պետք է արդեն բանակցություններ ընթանան ստորագրման վայրի, տեղի և հետագա գործընթացների մասին, որոնց հետևելու է նաև վավերացման գործընթացը խորհրդարաններում, ես պատեհ համարեցի այս և այլ հարցեր Ադրբեջանի պատգամավորների հետ քննարկելը, որովհետև, ի վերջո, մենք պետք է սկսենք խոսել միմյանց հետ»։

Ադրբեջանի հրապարակային մերժման ու պիտակավորման կապակցությամբ Խանդանյանն ասում է, որ եթե ​​խաղաղության քարոզչությունը պոպուլիզմ է, ապա հպարտորեն ընդունում է պիտակավորումը, ավելին՝ առաջարկը թողնում է սեղանին։

Պատգամավորը պատրաստակամություն է հայտնում վստահության ամրապնդման միջոցառումներին միջխորհրդարանական մակարդակով ներգրավվելու՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար։ Խանդանյանը կարծում է, որ այսպիսի նախաձեռնությունը կարող է լրացնել պաշտոնական Երևանի և Բաքվի քայլերը, նպաստել տարածաշրջանային կայունությանը։

Մարտի 13-ից ի վեր, սակայն, Ադրբեջանը փորձում է սրել իրավիճակը։ Այս մարտավարությունը հաջորդում է փաստաթղթի ամբողջական համաձայնեցման մասին հայտարարություններին։ Վերջին շրջանում գրեթե ամենօրյա ռեժիմով, երբեմն էլ օրը մի քանի անգամ Հայաստանի պաշտպանության նախարարությունը ստիպված է լինում  հերքել Ադրբեջանի  ապատեղեկատվությունը  իբր Հայաստանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների մասին։

Մինչդեռ փաստերն այլ իրավիճակի մասին են վկայում։ Մարտի 31–ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից բացված կրակի հտևանքով Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրում բնակելի տուն է վնասվել։ Սահմանային իրավիճակի և հնարավոր էսկալացիայի մասին խոսելիս Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը նշել է․

«Տեղեկատվությունը տրված է, խնդրում եմ սահմանափակվեք դրանով։ Մենք ոչինչ չենք թաքցնում, սա  միանշանակ»։  

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։ Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել Խնածախ բնակավայրի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Առաջարկի պատասխանը նախարարությունը չի ստացել։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Վերլուծաբանները Ադրբեջանի գործողությունների հիմքում տարբեր նպատակներ են տեսնում։ Ամենահավանականը երկուսն են համարում՝ ճնշում Հայաստանի վրա նախապայմանները կյանքի կոչելու համար և  Խաղաղության պայմանագրի տեքստին առնչվող առարկություններ։ «ԱՊՐԻ Արմենիա»–ի գիտաշխատող, ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյան․

«Խնդիրն այն է, որ Ադրբեջանը, իմ կարծիքով, այդքան էլ չի ուզում այդ փաստաթուղթը ստորագրել և դա չանելու համար պետք է ունենալ եթե ոչ էսկալացիա, ապա ավելի անկայուն վիճակ սահմանին և պետք է ունենալ լրատվական հիմք, ինչը իրենք դա անում են շատ ակտիվ։ Իմ կարծիքով, կա զսպող գարծիքներ։ Դա ԱՄն–ի ճնշումն է, դա Իրանի ճնշումն է, ԵՄ–ի դիտորդական առաքելությունը և ճնշումը, կան տարբեր կարծիքներ, թե Ռուսաստանի դիրքորոշումը այստեղ ոնց է և ում կողմից է, բայց այդ գործոնները բոլորը մենք ունենք և այս պահին գոնե մեկ տարի դա աշխատել է։ Թե այս տարի ինչպես կլինի շատ տարբեր գործոնների հետ է կապված»։  

Ադրբեջանի գործելաոճին գրառմամբ անդրադարձել է Ֆրանսիական Le Figaro հանդեսի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը։ Նրա կարծիքով՝ Ադրբեջանը կրկնում է այն ձեռագիրը, որը կիրառել է Արցախի դեպքում։ Բյուիսոնը գրել է, մեջբերում․ «Պնդելով, թե խաղաղություն են ուզում և ձևացնելով, թե Հայաստանը դա չի ուզում, ադրբեջանցիները շարունակում են ահաբեկել Սյունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչներին, ինչպես արեցին արցախցիների նկատմամբ…նախքան նրանց արտաքսելը», մեջբերման ավարտ։

Կարդացեք նաև

Back to top button