
ԵՄ դիվանագիտության ղեկավարը Վաշինգտոնից ավելի ակտիվ քայլեր է պահանջում ուկրաինական պատերազմին վերջ տալու ուղղությամբ։ Դրա անհրաժեշտությունը Բրյուսելում պայմանավորում են Մոսկվայից ընդառաջ քայլերի բացակայությամբ։ ԵՄ երկրները խոսում են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին, իսկ Ուկրաինայի նախագահը կարծում է, որ Մոսկվան, այսպես ասած, «ծաղրում» է ուկրաինական պատերազմը դադարեցնելու Արևմուտքի փորձերը։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ԵՄ երկրների արտգործանախարարների հետ մադրիդյան հանդիպմանը ԱՄՆ վարչակազմին կոչ է արել գործողություններում ավելի ակտիվ լինելու, որոնք միտված են Ուկրաինայում կրակի դադարեցմանը։
Նա հորդորել է ԱՄՆ վարչակազմին ուժեղացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վրա ճնշումը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած ագրեսիվ պատերազմին վերջ տալու համար։
«Կարծում եմ, որ Միացյալ Նահանգները նույնպես խնդիր ունի ավելի մեծ ճնշում գործադրելու Ռուսաստանի վրա»։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ Մոսկվան պետք է համաձայնի հրադադարին և այդ ուղղությամբ քայլ անի։
«Դա կարող է ներառել, օրինակ, արտաքսված ուկրաինացի երեխաների վերադարձը և ռազմագերիների ազատ արձակումը»,— կարծում է Կալասը:
Մադրիդի խորհրդակցություններին մասնակցել են Լեհաստանի, Ֆրանսիայի և Իսպանիայի արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև պաշտպանության և տիեզերքի հարցերով եվրահանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը։ Հանդիպումից հետո նախատեսվում էր համատեղ հայտարարություն անել՝ հաջակցություն Ուկրաինայում կրակը դադարեցնելու՝ ԱՄՆ նախագահ Թրամփի ջանքերին։
Կուբիլիուսը հիշեցրել է Եվրահանձնաժողովի՝ վերջերս ընդունած վերազինման եվրոպական ռազմավարությունը և ընդգծել դրա իրագործման կարևորությունը, քանի որ, ըստ նրա, ուղղակի «հայտարարություն կարդալը» Պուտինին չի կանգնեցնի։
ԵՄ-ն պետք է հետևի նաև Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը՝ պնդել է եվրահանձնակատարը։ Նրա գնահատմամբ՝ ԵՄ-ն սպառազինության մեծ պակասուրդ ունի, և Ուկրաինան կարող է դառնալ եվրոպական անվտանգության համակարգի հենարանը։
Ըստ Կուբիլիուսի՝ Ռուսաստանի Դաշնությունը ռազմական ծախսերին ուղղում է ՀՆԱ-ի 9 տոկոսը, մինչդեռ ԵՄ երկրներն այդ նպատակով միջինը ծախսում են ՀՆԱ–ի 2 տոկոսը:
«Այս տարի ռուսական ռազմական բյուջեն ավելի մեծ կլինի, քան ԵՄ բոլոր երկրների պաշտպանական ծախսերը միասին վերցրած: Եթե Եվրոպան ցանկանում է խուսափել պատերազմից, պետք է պատրաստվի պատերազմի»։
Գերմանիայի կառավարությունը ևս «արդարացված, տեղին և արդյունավետ» է համարում Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցները, որոնք սահմանվել են ի պատասխան Ուկրաինայում ծավալած պատերազմի՝ հայտարարել է Գերմանիայի կանցլերի ներկայացուցիչ Քրիստիան Հոֆմանը։
Պատժամիջոցները խստացնելու հարցում կառավարության մոտեցումը պաշտպանել է նաև Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։
«Ռուսաստանն ինքը կարող է վերջ դնել այս պատերազմին, որը դարձել է պատժամիջոցների կիրառման պատճառ»,— հայտնել են ԱԳՆ-ից։
Սաքսոնիայի երկրամասի վարչապետ Միխայել Կրեչմերը, սակայն, ավելի վաղ առաջարկել էր քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացման հարցը։ Նրա խոսքով՝ Գերմանիայի կառավարության դիրքորոշումն այս հարցում «հնացած» է և «անհամատեղելի այն ամենի հետ, ինչ հիմա անում են ամերիկացիները»։ Պաշտոնական Բեռլինը այս հայտարարությունը չի մեկնաբանել։ Փոխարենը՝ ասվել է, որ Գերմանիան չի պատրաստվում ռուսական նավթ գնելու Շվեդտի նավթավերամշակման գործարանի համար։ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչի խոսքով՝ Գերմանիան, «մեծ ջանքեր ներդնելով», փորձում է թուլացնել կախվածությունը ռուսական էներգետիկ ռեսուրսներից։ Գերատեսչությունից հայտնել են, որ չեն դիտարկում նաև գործող խողովակաշարերով ռուսական գազի ներկրումը վերականգնելու հարցը։
Դոնալդ Թրամփը նույնպես հույս ունի, որ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր կլինի «գործարք կնքել»՝ Ուկրաինայում հրադադարի հասնելու վերաբերյալ։
«Ես ցանկանում եմ, որ նա գործարք կնքի, որպեսզի դադարեցվեն ռուս, ուկրաինացի զինվորների և այլ մարդկանց սպանությունները։ Ես ուզում եմ համոզվել, որ նա գործը կհացնի ավարտին, որ նա կանի դա: Ես չեմ ուզում երկրորդական մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթի նկատմամբ»։
Անդրադառնալով Ուկրաինայի հանքային պաշարների թեմային՝ ԱՄՆ նախագահը հայտարարել է, թե ուկրաինական կողմը փաստաթղթի ստորագրման դիմաց ՆԱՏՕ–ին անդամակցություն է պահանջում։
«Մենք գործարք ենք կնքել հողային հազվագյուտ մետաղների վերաբերյալ․ ամեն ինչ պատրաստ էր։ Ես դեռ չեմ խոսել նրանց հետ, բայց ձեր միջոցով իմացա, որ ասում են. «Մենք այս գործարքը կանենք միայն ՆԱՏՕ-ին անդամակցելու դեպքում» կամ նման մի բան։ Նախ՝ դա երբեք չի քննարկվել։ Երկրորդ՝ կարծում եմ, որ Պուտինից ավելի վաղ հստակ ասվել է, որ ՆԱՏՕ-ն չի ընդունի նրանց»։
Թրամփն ավելի վաղ ասել էր, որ Ուկրաինայում ժամանակավոր կառավարում հաստատելու Պուտինի առաջարկից «շատ զայրացել է»։ Նա հայտնել էր, որ պատրաստ է 25 տոկոսի չափով երկրորդական տուրքեր սահմանելու ռուսական նավթի արտահանման նկատմամբ, եթե Մոսկվան տապալի Ուկրաինայում հրադադարի պայմանագիրը։




