Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Առաջարկի ու պահանջարկի աահամապատասխանություն, Հայաստանյան աշխատաշուկայի վերը նշված պատկերն ու աշխատանք գտնելու դժվարությունները շատ հաճախ Հայաստանում աշխատողներին հեռու են պահում իրենց խախտված աշխատանքային իրավունքները վերականգնելու փորձերից անգամ: Աշխատանքային իրավունքի ներկայիս վիճակի շուրջ այսօր Գործընկերություն հանուն բաց հասարակության հիմնադրամը հանրային քննարկում էր կազմակերպել:
Այժմ ավելի հաճախ, նախկինում՝ մի քիչ ավելի քիչ, մեր երկրում աշխատողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվողներ կան: Ավելին, ունենք նաև պետական կառույց, որը նախկնում այդպես էլ կոչվում էր՝ աշխատանքի պետական տեսչություն: 2013թ հուլիսին կառավարությունը որոշեց միաձուլել երկու պետական՝ աշխատանքի տեսչությունն ու սանիտարահիգիենիկ հակահամաճարակային տեսչությունը՝ այն անվանելով առողջապահական պետական տեսչություն: Առաջին հայացքից հարց է առաջանում, արդյո՞ք, նորակառույց մարմինը միայն կոնկրետ ոլորտի աշխատողների խնդիրներով է զբաղվելու: Եվ ընդհանրապես, արդյո՞ք, որոշումն իրավաչափ ու հիմնավորված էր: Հարցերի այսպես ասենք, հետքերով գնացել են նաև փորձագետները, իսկ թե ինչ են նրանք պարզել, փոխանցում է ԵՊՀ սոցիոլոգիաի ֆակուլտետի դասախոս Ավետիք Մեջլումյանը.
«Տեսնում ենք բազմաթիվ բացեր կան, հակասություններ, թե Սահմանադրության, թե ՀՀ տարբեր օրենքների հետ, հակասություններ նաև միջազգային փաստաթղթերի, կոնվենցիաների ,որոնք Հայաստանը վավերացրել է և որոնք Հայաստանում ուժի մեջ են»:
Սա իրավական կողմն էր, հետազոտության հեղինակները նաև նկատել են, որ նոր ստեղծված կառույցի կանոնադրության մեջ աշխատանքային խնդիրներին քիչ տեղ է հատկացված:
«Աշխատանքային խնդիրները ստորադասված են, թույլ են ներկայացված, դա խնդիրներ է առաջացրել»:
Ավետիք Մեջլումյանի հետ զրուցում էի Գործընկերություն հանուն բաց հասարակության հինմադրամի կազմակերպած Աշխատանքային իրավունքի իրականացման ներկայիս իրավիճակը Հայաստանում թեմայով կազմակերպված հանրային քննարկման ժամանակ: Հայաստանի Հելիսնկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը հիմնվելով համաշխարհային փորձի վրա կարևորում է աշխատանքային իրավունքի պաշտպանությունը: Նա համոզված է՝ աշխատանքային իրավունքը լոկոմոտիվի դեր է կատարում մյուս իրավունքների պաշտապանության համար: Պարզապես պատկերը Հայաստանում ըստ զրուցակցիս մեղմ ասած մխիթարական չէ:
«Հայաստանում վիճակը շատ ծանր է, ընդորում , շատ տեղեր կարելի է ասել համատարած է, երբ որ աշխատողները այնքան խոցելի են, նույնիսկ այն կարելի է ստրկական աշխատանք համարել, որը ընդհանրապես արգելվում է»:
Իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանն աշխատանքի բերումով հաճախ է հանդիպում մարդկանց հետ, որոնց աշխատանքային իրավունքները խախտվել ու խախտվում են: Նա նկատում է մեր օրենսդրությունը հիմնականում արտացոլում է այն, ինչ կա նաև միջազգային իրավունքում, սակայն. «Մեր օրենսդրությունը չի ամրագրում աշխատանքի իրավունքը: Մենք Սահմանադրությամբ հռչակել ենք աշխատանքի ազատության իրավունք, ինչը նշանակում է, որ մարդն ազատ է ընտրելու աշխատանքի տեսակներ կամ ընդհանրապես չընտրելու որևէ աշխատանք: Բայց մենք չենք ամրագրել , որ մարդը աշխատանք ունենալու Սահմանադրական իրավունք ունի, սա նաև նշանակում է, որ , եթե չկա այդ իրավունքը, չկա նաև պետության պարտականությունն պահովելու այդ իրավունքը»:
Փորձագետները փաստում են՝ գրեթե ամեն քայլափոխի խախտվում են աշխատողների իրավունքները, նրանք նաև կոչ են անում՝ չվախենալ աշխատանքը կորցնելուց և անպայման գոնե փորձել վերականգնել խախտված իրավունքները:




