ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Քաղաքակա՞ն օրակարգ, թե՞ սոցիալական խնդիրներ․ ԼՂ-ից տեղահանվածները նպատակ ունեն շարունակել ակցիաները

Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները երրորդ օրն է, ինչ կառավարությունից ակնկալում են պատասխան գործադիր իշխանությանը փոխանցված իրենց գրությանը։  

Մարտի 29-ից Երևանում սկսվել է արցախցիների իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումների շարք, որի մեկնարկը տրվել էր «Ազատության» հրապարակում՝ մեծ հանրահավաքով։ Իրենց հետագա քայլերում կողմնորոշվելու համար հավաքի մասնակիցները սպասում են գործադիրի պատասխանին։ Ակցիայի հերթական օրը, նրանք հավաքվել էին նախարարությունների շենքի մոտ՝ ակնկալելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատասխանը։

Հայաստանի կառավարությանն արցախցիների կողմից փոխանցված պահանջագրի առանցքում սոցիալական խնդիրներ են։ Հիմքում ապրիլի 1-ից 40+10 հազար դրամի սոցիալական աջակցության դադարեցման որոշումն է, որն էլ և արցախցիներն առաջարկում են վերանայել։  Հավաքի մասնակիցներն առաջարկ ունեն, ասում են՝ եթե կառավարությունը չի հավատում, որ իրենց տրամադրված այդ գումարն ուղղվում է բնակվարձերի վճարմանը, ապա կառավարությունը կարող է վարձակալվող բնակարանների համար ինքը պայմանագիր կնքել տանտերերի հետ։ Բողոքի ակցիայի մասնակիցները վկայակոչում են որոշ գնահատումներ, որոնց համաձայն՝ արցախցիների 80 տոկոսն աղքատության եզրին է, եթե ոչ՝ աղքատ։

Արդեն 3 օր պատկան տարբեր կառույցների դիմող արցախցիների հերթական կանգառը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն էր։

Նրանց լսել ենք՝ հավաստիացնում է սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը, նաև ընդգծում, որ ներկայացված ոչ բոլոր պահանջներն են ընդունելի։ Նախարարի խոսքով՝ ցուցարարներից  ոմանց հետ նախարարությունը պարբերաբար կապի մեջ է, քննարկել է բոլոր դիտարկումները։ Մկրտչյանի ձևակերպմամբ՝ չի եղել որևէ ողջամիտ առաջարկ, որն ընդունած չլինեն։
Տեղահանված արցախցիների համար Հայաստանի կառավարությունը մշակել է 3 փուլանոց ծրագիր՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ։ Այժմ փուլից փուլ անցնելու ժամանակն է՝ մանրամասնում է նախարարը։  

«Մի բան է՝ տարանջատել քաղաքական ձևակերպումները, որոնք լսեցինք, մի բան՝ սոցիալական խնդիրները, որոնք բարձրացվում են։ Մենք չենք փախչում այդ խնդիրները լսելուց և առաջարկներ ներկայացնելուց։ Հիմա շրջանառության մեջ է մեկ այլ փաթեթ, համաձայն որի՝ մենք կյանքի դժվարին իրավիճակում հայտնված,  իրականում խոցելի խումբ  համարվողներին նոր գործիքակազմ կտրամադրենք, որպեսզի կարողանան այդ իրավիճակից դուրս գալ։ Բայց իմ հորդորը և խնդրանքն այն է, որ իրենք դառնան ՀՀ  քաղաքացի, դիմեն ծրագրին և օգտվեն դրանցից։ Մենք հորդորում ենք, որպեսզի մարդիկ ակտիվանան տնտեսապես։ Նրանք այո՛, պետք է գնան և վաստակեն, սա է ինտեգրվելու ամենաարդյունավետ ճանապարհը»։   

Արցախցիներն ամեն դեպքում ակնարկում են, որ գործադիրի պատասխանից կախված՝ իրենց գործողությունները կարող են ստանալ նաև քաղաքական երանգ, ինչի մասին դեռ չեն շտապում խոսել։

Արցախցիների իրավունքների պաշտպանության նպատակով ձևավորված  խորհուրդը, որը կազմակերպում է այս ակցիաները, ոչ միայն ձևակերպել է սոցիալական բնույթի ծրագրերի վերաբերյալ իր մտահոգությունները, այլև առաջարկել հնարավոր լուծումներ: Արցախի Հանրապետության նախկին օմբուդսմեն ու նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի ներկայացմամբ՝ սոցիալական  պահանջները երեք ուղղությամբ են՝ բնակարանային, զբաղվածության  և բնակվարձի աջակցության ծրագրեր։ Սոցիալական խնդիրների կայուն և արժանապատիվ լուծումն, ըստ Բեգլարյանի, արցախցիները պահանջագրում ձևակերպել են այսպես․

«Սա գումարի հարց չէ, սա ուղղակի լուծումների, սկզբունքների, մեխանիզմների հարց է։ Լավագույն տարբերակը համայնքային բնակեցումն է մեզ համար, բայց կառավարությունն արդեն ընտրել է ցրիվ կամ ապակենտրոնացված բնակության սկզբունքը, որովհետև իրենք մտածում են քաղաքական առումով։ Նիկոլ Փաշինյանը դրա մասին ուղիղ քանիցս արտահայտվել է, որ Արցախի հարցը փակված է, արցախյան շարժում չկա, Արցախի ժողովրդի վերադարձի հարց չկա Հայաստանի իշխանությունների օրակարգում։ Իսկ եթե մենք ունենանք համայնքային բնակեցում, մենք կպահպանենք մեր ինքնությունն ավելի հեշտ և ավելի հեշտ կպայքարենք մեր հավաքական իրավունքների համար»։

Օրեր առաջ Հայաստանի վարչապետը խորհրդարանում այս առումով իր միտքն այսպես էր ձևակերպել․

«Ֆունդամենտալ հարցը հետևյալն է, որ մենք՝ ՀՀ-ն, Հայաստանի ժողովուրդը ուզո՞ւմ է շարունակել ղարաբաղյան շարժումը, թե՞ չի ուզում շարունակել։ Այսինքն՝ մենք պիտի շարունակե՞նք շարժումը, թե՞ պիտի չշարունակենք ղարաբաղյան շարժումը։ Ես ազնիվ գտնված չեմ լինի, եթե շատ ուղիղ այս ամբիոնից իմ կարծիքը չասեմ այն արձանագրումներից հետո, որոնք նախկինում արել եմ հենց այս ամբիոնից՝ ասելով, թե ինչպես է օգտագործվել ղարաբաղյան շարժումը Հայաստանի պետականության չկայացման ճանապարհին։ Եվ ես առանց սեթևեթանքի ուզում եմ հստակ և աներկբա ասել,  որ ես կարծում եմ, որ մենք ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք»։  

Վարչապետը նաև հստակեցրել էր հայկական կողմի ակնկալիքը, այն է՝ Ադրբեջանն իր հերթին պետք է հրաժարվի «Արևմտյան Ադրբեջան» խոսույթից։ Տարածաշրջանում խաղաղությանն ուղղված այս քայլին, ի դեպ, Բաքուն արդեն պատասխանել է, բայց էլի իրեն բնորոշ ձևակերպումներով։ Ադրբեջանի պետական հեռուստաընկերության կիրակնօրյա գլխավոր թողարկման ժամանակ Հայաստանի Հանրապետության տարածքը հերթական անգամ ներկայացվել է որպես այսպես ասած «Արևմտյան Ադրբեջան»։ Ադրբեջանական հաղորդման ժամանակ կադրեր են ցուցադրել Թալինից ու Ագարակից և խոսել այսպես կոչված «վերադարձի իրավունքի» մասին։

Վերադարձի իրավունքի մասին պետք է խոսի նաև Հայաստանը՝ պնդում են ակցիայի մասնակիցները՝ համոզված լինելով, որ այդ հարցը նաև միջազգային կառույցների օրակարգում է։ Արցախի Հանրապետության պատգամավորներից Մետաքսե Հակոբյանը վկայակոչում է միջազգային տարբեր հարթակներում իրենց իրավունքի կարևորումն ու բանաձևերի ընդունումը՝ վստահ լինելով, որ դրա հիմքերը միջազգային իրավական նորմերում առկա են։ Մետաքսե Հակոբյան․

«Աշխարհաքաղաքական համատեքստի իրավիճակում շատ լավ երևում է տեսլականը։ Իհարկե, մենք չենք լռելու և օգտագործելու ենք այն բոլոր ռեսուրսները, որոնք մեր ձեռքի տակ կան»։

Արցախցիները վկայակոչում են Շվեյցարիայի Դաշնային Ժողովի Վերին պալատում մարտի 18-ին ընդունված նախագիծը ԼՂ հակամարտության հարցով խաղաղության միջազգային համաժողով կազմակերպելու վերաբերյալ։ Նախագծի հենց անվան մեջ կա «հայերի վերադարձի հնարավորության ապահովում» ձևակերպումը։

Արցախցիների նախաձեռնած շարժման մեջ այլ երանգներ է տեսնում իշխող կուսակցությունից պատգամավոր Արսեն Թորոսյանը։ Սոցցանցում գրառմամբ, շարունակելով վարչապետ Փաշինյանի խոսքն այն մասին «թե ինչպես է օգտագործվել ղարաբաղյան շարժումը Հայաստանի պետականության չկայացման ճանապարհին», Արսեն Թորոսյանը մտահոգություն է հայտնել, որ  Հայաստանի Հանրապետության դեմ քայլեր են արվում։

Կարդացեք նաև

Back to top button