ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Երևանը քայլեր է ձեռնարկել խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար, պետք է վերացնել Բաքվի թերահավատությունը․ Գերմանիայի նախագահ

Հայաստանում է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։ Գերմանիայի նախագահը տարածաշրջանում կլինի մինչև ապրիլի 2-ը։ Հայաստանից հետո նա կայցելի Ադրբեջան։

Երևանում Շտայնմայերն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այնուհետև նա հանդիպել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այդ հանդիպումներից հետո  Գերմանիայի նախագահը պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա խոսել է խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման անհրաժեշտության մասին։

Վերջին տարիներին պատերազմներն ավելացել են աշխարհում, և դժվարացել է ճգնաժամերի կառավարումը՝ ասում է Գերմանիայի նախագահը։ Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցումը։ Նրա համոզմամբ՝ այդ  փաստաթուղթը կարող է ճանապարհ բացել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու համար։

Նրա դիտարկմամբ, սակայն, կողմերը դեռ վերջնակետին չեն հասել, և ցանկալի է, որ Երևանն ու Բաքուն օգտագործեն պատեհ ժամանակը և կայուն խաղաղություն հաստատեն Հարավային Կովկասում։

«Բոլորս վկա ենք, որ Հայաստանը վերջին շաբաթների ընթացքում կառուցողականություն է դրսևորել։ Երբ մեր այս այցը կազմակերպվում էր, դեռ կային բաց հարցեր։ Այժմ դրանք չկան։ Եվ այժմ որևէ բան չի խանգարում, որ այդ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, վավերացվի և իրագործվի։ Հայաստանը որոշումներ է կայացրել, որոնք հանգեցրել են նրան, որ խաղաղության համաձայնագիրը հնարավոր դառնա»։ 

Ըստ Գերմանիայի նախագահի՝ այժմ հարկավոր է վերացնել Բաքվի թերահավատությունը։ Շտայնմայերը երևանյան այցից հետո մեկնելու է Բաքու։ Նա վստահեցրեց, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու մասին խոսելու է նաև Ադրբեջանում։

«Ցանկանում ենք, որ այս բանակցությունների ճանապարհն իր հանգրվանին հասնի, և խաղաղություն ու կայունություն հաստատվի։ Մենք այստեղ շարունակելու ենք այդ մասին խոսել․ վաղը չէ մյուս օրը Բաքվում մեր մյուս գործընկերների հետ նույնպես խոսելու ենք այս մասին»։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ վստահեցրեց, որ ցանկացած հարց կարելի է լուծել բանակցությունների միջոցով, և որ պատերազմի ժամանակն ավարտվել է․

«Մենք հետևողական ենք խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում։ Մենք խնդիր ունենք տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Ադրբեջանի հետ, և այդ նպատակին հասնելու համար կոնկրետ աշխատանքներ ենք անում։ Այն դժվարությունները, որ կան և կլինեն, մենք կարծում ենք, որ հաղթահարելի են, և ամեն հարց կարելի է բանակցային սեղանի շուրջ լուծել։ Պատերազմի ժամանակն ավարտվել է, հակամարտությունների ժամանակն ավարտվել է։ Հարավային Կովկասի մեր տարածաշրջանն այլևս այդ ռեսուրսները չունի պատերազմելու։ Պատկերացրեք՝ 1988 թվականից, իսկ ավելի լայնամասշտաբ՝ 1991 թվականից մենք պատերազմական վիճակում ենք․․․»։

Ոչ միայն Գերմանիան, այլև ողջ ԵՄ-ն է հետաքրքրված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու հարցում՝ հայտարարեց Ֆրանկ-Վալտեր Շտանյմայերը։

Ինչո՞վ կարող է օգնել Գերմանիան Հայաստանին եվրաինտեգրման հարցում, և արդյո՞ք Հայաստանն ընթանալու է Ուկրաինայի  և Մոլդովայի ուղով․ գերմանացի լրագրողի այս հարցին ի պատասխան՝ Շտայնմայերը վստահեցրեց, որ հարգանքով է վերաբերվում Հայաստան-ԵՄ մերձեցմանը։ Նա ասաց նաև, որ ՀՀ-ն համարձակ քայլ է արել՝ ԱԺ-ում ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրենք ընդունելով, սակայն դրանում բարեփոխումների կարիք կա։

Նա տեղեկացրեց, որ ԵՄ բարձր ներկայացուցիչը Հայաստան է ժամանելու և այդ ուղղությամբ բանակցություններ են տեղի ունենալու։ Նա վստահեցրեց, որ ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին պետք չէ թերահավատությամբ մոտենալ։

Կարդացեք նաև

Back to top button