
Գյումրիի 31/18 ընտրատեղամասում իր ընտրությունն է կատարել ավագանու արտահերթ ընտրություներին մասնակցող «Իմ հզոր համայնք» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Ռուբեն Մխիթարյանը։
«Ընտրեցի հանուն հայկական, երիտասարդ, զարգացող, ավանդույթներով լի, արժեքներով լի, դեպի առաջ ընթացող, անցյալի հետ կռիվ չունեցող, ներկայում իր լուսավոր ապագան ստեղծող Գյումրիի»,– քվեարկելուց հետո նա ասել է լրագրողներին։
Ընտրությունների ընթացքի մասին նշել է, որ բազմաթիվ դիտորդներ կան, վստահված անձինք, լրագրողներ, կարծում է, ամեն ինչ վերահսկողության տակ է։
Նա համաձայնել է, որ իր ընտրողը մինչև 35 տարեկան սեգմենտն է:
«Կոչ եմ անում հատկապես երիտասարդներին անպայման գան, մասնակցեն, որովհետև այս քաղաքը կարիք ունի երիտասարդանալու: Իմ առաքելություններից մեկը պատկերացնում եմ դա՝ Գյումրին պետք է ստանա երիտասարդական շունչ»,- ասել է Մխիթարյանը:
Ռուբեն Մխիթարյանը նշել է, որ բոլոր ընդդիմադիր թեկնածուների հետ ընտրություններից հետո պատրաստ է հանդիպել։




