ԿարևորՀասարակություն

Հայաստանը մասնակցել է Ժնևի Գրքի միջազգային ցուցահանդեսին

Մարտի 19-ից 23-ը, Շվեյցարիայի «Հակոբ Դ. Թոփալյան» հայկական հիմնադրամի նախաձեռնությամբ և ջանքերով, Հայաստանը հերթական անգամ մասնակցել է Ժնևի Գրքի միջազգային ամենամյա ցուցահանդես-տոնավաճառին:

Հայկական տաղավարում ցուցադրված են եղել Հայաստանում և արտերկրում վերջին տարիներին տպագրված հարյուրից ավելի հայերեն և օտարալեզու բազմաթիվ հրատարակություններ:

Ցուցահանդեսի հինգ օրերի ընթացքում, գրքերի ցուցադրությանը զուգահեռ, տեղի են ունեցել դասախոսություններ՝ նվիրված հայ ժողովրդի պատմությանը, լեզվին, գրականությանը, երաժշտական արվեստին, ճարտարապետությանը, ՅՈՒՆԵՍԿՈ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառված հայկական կոթողներին, ինչպես նաև Հայոց ցեղասպանությանը, Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգությանը։ Առանձին անդրադարձեր են կատարվել Հայաստանի զբոսաշրջային մեծ ներուժին, ինչպես նաև խաղողագործության և գինեգործության հարուստ ավանդույթներին։ Ներկայացվել է նաև Բրյուսելի «Պողոսյան» և Լիոնի «Բուլուկյան» հիմնադրամների գործունեությունը։

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս, Հայաստանի տաղավարի հանդեպ ցուցահանդեսի այցելուների հետաքրքրությունը մեծ էր` պայմանավորված ներկայացված գրքերի բազմազանությամբ, ինչպես նաև դասախոսություններին հեղինակավոր բանախոսների մասնակցությամբ։

1986 թվականանին հիմնադրված Ժնևի Գրքի միջազգային ցուցահանդեսն իր ծավալով աշխարհում երկրորդն է ֆրոնկոֆոն ցուցահանդեսների շարքում և ամենախոշորն է Շվեյցարիայում։ Յուրաքանչյուր տարի այն հյուրընկալում է շուրջ 100,000-ից ավելի այցելուների, 820 հրատարակչությունների և ավելի քան 800 հեղինակների։

2011 թվականին Ժնևի Գրքի միջազգային ցուցահանդեսի պատվավոր հյուրը Հայաստանն էր՝ ի նշանավորումն հայ գրատպության 500-ամյակի:

Կարդացեք նաև

Back to top button