Ալեքսան Սարգսյան
«Ռադիոլուր»
Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանները հավակնում են զբոսաշրջային պահանջված ուղղություն դառնալ: Լեռնային ու բարձր լեռնային այդ բնակավայրերը հարուստ են մեր թվարկությունից առաջ կառուցված ինքնատիպ ամրոցներով, որոնք դեռևս գիտական լուրջ ուսումնասիրությունների առարկա չեն դարձել: Առաջիկայում նախատեսվում է թվայնացնել, մոդելավորել և քարտեզագրել այդ հուշարձանների տվյալները։ Նախաձեռնության հեղինակները «Հայկական մշակութային լանդշաֆտ» ՀԿ-ի մասնագետներն են:
Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններն միասին ձևավորում են Աշոցքի սարահարթը: Հյուսիսային և բարձր լեռնային այս տարածքը հարուստ է ջրային պաշարներով ու մարգագետնային արոտավայրերով: Հենց բնական ռեսուրսները պահպանելու և պաշտպանելու նպատակով դեռևս մ.թ.ա. 2-1 հազարամյակներում բարձրադիր լեռնային գոգավորություններում ու երբեմն անմատչելի վայրերում կառուցվել են պաշտպանական նշանակություն ունեցող ամրոցներ, որոնք, ըստ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Լևոն Մկրտչյանի, եղել են ոչ թե առանձին կառույցներ, այլ ամրոցների միասնական համակարգեր:
«Երբ խոսում ենք ամրոցների համակարգի մասին, նշանակում է, որ դրանք երկար տարիներ, անընդհատ են կառուցվել, զարգացել: Փոխվել են դարաշրջանները, փոխվել են պահանջները, բայց այդ մշակույթը չի ընդհատվել․ մեր նախնիները չեն դադարել անընդհատ պաշտպանել իրենց տարածքը»։
Աշոցքի սարահարթն ունի թաքնված գանձեր, որոնք բացահայտում են հազարամյակներ առաջ այս տարածաշրջանի ապրելակերպն ու մշակույթը։ Հատկանշական է, որ հայտնաբերված ամրոցները, դրանց հիմքերը, պահպանված են նույնությամբ և մարդկային միջամտությունների գրեթե չեն ենթարկվել, ինչը, մասնահետների կարծիքով, խոսում է հեռավոր տարածաշրջանների սակավ բնակեցվածության և ամրոցների անմատչելիության մասին: Արդեն մի քանի տարի գիտաշխատող Լևոն Մկրտչյանը զբաղված է հանրությանը անհայտ ամրոցների թվայնացման աշխատանքներով: Մասնագիտական փոքր խմբով ստանձնել են Աշոցքի սարահարթի թաքնված հարստությունների հանրահռչակման դժվար ու պատասխանատու գործը:
«Արդեն մի քանի ամրոցներ թվայնացրել ու մոդելավորել ենք՝ Աղվորիկը, Փոքր Սեպասարը, Սեպասարը և մի շարք այլ ամրոցներ: Նոր Շաղիկում մի քանի ամրոցներ ունենք․ ի զարմանս մեզ 3-4 ամրոց արդեն տեսել ենք: Զորակերտում ամրոցների քանակը հասնում է 5-6-ի, և դրանցից մի քանիսն անմատչելի վայրերում են»։
Սակայն հայտնաբերված և տեղայնացված ամրոցներում գիտական ու հետազոտական լիարժեք աշխատանքներ դեռևս չեն կատարվել, ինչը կարող է նոր ու կարևոր բացահայտումների հիմք դառնալ՝ նշում է Լևոն Մկրտչյանն ու հավելում, որ բրոնզ-երկաթեդարյան հնավայրերը տարիների ընթացքում գյուղատնտեսական և ճանապարհաշինարարական աշխատանքների հետևանքով հետզհետե վերանում են։
«Երբ ձյունը հալվի, ցեխն անցնի, սկսելու ենք այդ ամրոցների թվայնացման աշխատանքները։ Կենտրոնանալու ենք հատկապես Ամասիայի վրա, Հայաստանի հյուսիս-արևմտյան հատվածի, որտեղ Արփի լիճն է։ Պատկերացրեք՝ խորհրդային տարիներին Արփի լիճը բարձրացվել է 3-4 անգամ, բայց բնական լճակ եղած ժամանակաշրջանում շրջապատված է եղել ամրոցների շարքով, որոնք տեղակայված են եղել հարմար լեռնագոգերի վրա։ Նախատեսում ենք դրանք հնարավորինս շատ ուսումնասիրել, և ասեմ, որ դրանց մեջ շատ նորահայտումներ կան։ Հատկապես հետաքրքիր է ամրոցներից մեկը, որը ոչ մի կերպ չէր նույնականանում նախկինում մեր հայտնաբերած անունների հետ»։
Աշխատանքային խմբում ընդգրկված են պատմաբաններ, հնագետներ, տեսանկարահանող մասնագետներ և տուրիստական ընկերությունների ներկայացուցիչներ: Կարինե Փանոսյանի կարծիքով՝ ամրոցների և հնավայրերի թվայնացումը կնպաստի զբոսաշրջային հոսքերի ավելացմանը դեպի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններ։
«Մենք տեսնում ենք մեծ հոսք դեպի թվայնացում, դեպի թվային ռեսուրսների կիրառում։ Հնագիտության ոլորտում դա շատ ավելի ակնառու է, որովհետև ոչ միայն տեսնում ես հուշարձանը տարբեր դիրքերից՝ վերևից, կողքից, այլ նաև պատկերացում ես կազմում դրա հատակագծի մասին։ Սա հնարավորություն է, որը հնագետները, օրինակ, 30 տարի առաջ չունեին»։
Ծրագրի շրջանակում նախատեսում են ի մի բերել հին քարտեզները, մատենագիտական և արբայնակային տվյալները, թվայնացնել ու մոդելավորել հուշարձաններն ու դրանց լանդշաֆտները, իսկ դաշտային աշխատանքների միջոցով կնույնականացվեն ու կտեղայնացվեն ամրոցներն ու հայտնաբերված հուշարձանները: Տուրիստական ընկերության համահիմնադիր Կարինե Փանոսյանը ծրագրում է Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում կազմակերպել նաև գիտարշավներ:
«Գիտարշավային ամբողջական տուր-ծրագիր ենք ունենալու, որը հնարավորություն կտա զբոսաշրջիկներին մասնակից դառնալ հնագիտական այդ ուսումնասիրության մի ամբողջ փուլի։ Բնականաբար, սա նույնպես կարող է նպաստել տարածաշրջանի՝ որպես զբոսաշրջային հետաքրքիր ուղղության հանրահռչակմանը»։
Ամրոցների թվայնացման ծրագիրն իրականացվում է փոքր բյուջեով։ Մասնագիտական խումբը պատրաստ է ֆինանսական ներդրումների համար համագործակցել շահագրգիռ անձանց ու պետական կառույցների հետ: Այժմ համագործակցում են Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի և «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հետ: Նմանատիպ ծրագիր իրականացրել են նաև Արցախում, որի արդյունքներով տպագրվել են «Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի ամրոցները» և «Արցախի մեգալիթյան մշակույթը» վերլուծությունները։




