ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Քանի դեռ Ադրբեջանն ապակառուցողական է, Հայաստանը չի կաշկանդվի միջազգային դատարաններում․ Արման Եղոյան

ՀՀ–ի համար այս փուլում միջազգային հանրության արձագանքը բավարար է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցություններն ավարտելու առնչությամբ։ Սակայն, եթե Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքը շարունակվի, ապա Հայաստանի իշխանությունը միջազգային հանրությունից ակնկալելու է ոչ միայն շնորհավորանքներ ու հորդորներ, այլև քայլեր ու հստակ ձևակերպումներ, որպեսզի հասկանալի դառնա միջազգային հանրության դիրքորոշումը ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Մարտի 13–ից Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ քննարկելու ամբողջովին համաձայնեցված Խաղաղության պայմանագրի նախագծի ստորգրման վայրն ու ժամկետը։ Ադրբեջանը, սակայն, չի արձագանքում նոր քննարկումներ սկսելու առաջարկին։ Այստեղ կա նաև հարցի մեկ այլ կողմ․ արդյո՞ք պայմանագրում համաձայնեցված որոշ կետերով և կայացրած քաղաքական որոշումներով Հայաստանը իրեն կաշկանդված կզգա իր գործողություններում մինչև պայմանագրի ուժի մեջ մտնելը։    

Ադրբեջանի ապակառուցողականությունը չի հիասթափեցնում Հայաստանի իշխանությանը, որը շարունակում է հավատալ բանակցություններում իր ընտրած ճանապարհին։ Անգամ եթե չհաջողվի Ադրբեջանին վերադարձել կառուցողական դաշտ, խորհրդարանական մեծամասնությունը, ըստ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի, դա չի համարի ձախողում, քանի որ դիվանագիտական հաղթանակ է համարում 3 տարի քննարկվող խաղաղության պայմանագրի նախագծի թեկուզ միայն համաձայնեցումը։ Պատգամավորն ասում է, որ փաստաթղթի տեքստում ամեն ստորակետի շուրջ տևական քննարկում է եղել համապատասխան կառույցներում, բոլոր տողերն ու բառերը վերլուծել են՝ համեմատելով նաև աշխարհաքաղաքական զարգացումների հետ։

«Ադրբեջանի մոտեցումները, իհարկե, կառուցողական չեն այս փուլում, բայց դրանք չեն նսեմացնում մեր ջանքերը և մեր ձեռքբերումները խաղաղության համաձայնագրի բանակցությունների տեքստում։ Դուք նաև պետք է  նկատեք, թե մյուսները ինչպես են արձագանքում Ադրբեջանի արձագանքին։

Սա էլ է շատ կարևոր, որովհետև ինչպես աշխարհը կընկալի և ինչպես միջազգային դերակատարները կվերաբերվեն այս բանակցություններին, ինչպես իրենք կդիրքավորվեն, ահա դրանից է նաև կախված՝ բանակցությունները և խաղաղության գործընթացը հաջողվում են, թե չեն հաջողվում։ Եթե այդ պրիզմայով նայենք, այս պահին մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, բայց եթե Ադրբեջանի այս մոտեցումները շարունակվեն, մենք նաև կակնկալեինք ահա այս մոտեցումների վերաբերյալ հավելյալ տեսակետներ միջազգային հանրության հատկապես խոշոր դերակատարների կողմից»։

Ի տարբերություն «Քաղաքացիական պայմանագրի», որը ձևավորված մոտեցումը և միջազգային կոչերը բավարար է համարում, ընդդիմադիր խմբակցությունները կարծում են, որ, այսպես ասած, «դրսից» Բաքվի վրա բավարար ճնշում չի գործադրվում։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը թերահավատ է, որ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու․

«Ադրբեջանի նկատմամբ մեծ ճնշումներ գոյություն չունեն կամ գոնե դրանք խիստ արտահայտված չեն։ Ես կարծում եմ, որ այս փուլում ևս Ադրբեջանը ձգձգելու է բանակցային գործընթացում, մասնավորապես, այդ փաստաթղթի ստորագրման պրոցեսը և փորձելու է Հայաստանից ստանալ նոր զիջումներ»։

Հակառակ նրան, որ Հայաստանի իշխանությունները բացառում են Ադրբեջանի նոր նախապայմանների քննարկումը, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը համոզված է, որ վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարությունը «ղարաբաղյան պայքարից» հրաժարվելու մասին, հենց դրա հետևանքն է․

«2022 թվականից Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի գերիշխանությունը Արցախի նկատմամբ, և ես չեմ հասկանում՝ ինքը ի՞նչ էր ասում՝ այլևս չպետք է շարունակենք։ Ի՞նչ է ինքը շարունակել 22 թվականից։ Հետևաբար, վերլուծելով այս ամեն ինչը, կարող ենք պնդել, որ Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացրել ՀՀ–ին»։

Իշխանական պատգամավոր Արման Եղոյանը ճիշտ չի համարում այն ձևակերպումը, որ «ղարաբաղյան պայքարից» հրաժարվելու մասին հայտարարությամբ Հայաստանը հրաժարվում է տարիներ շարունակ բանակցությունների հիմքում դրված «ազգերի ինքնորոշման իրավունքի» միջազգային սկզբունքից։ «Ռադիոլուր»–ի հետ զրույցում Եղոյանը, ներկայացնելով իշխող մեծամասնության դիրքորոշումը, հիշեցնում է, որ «ղարաբաղյան պայքարը» սկսվել է խորհրդային տարիներին՝ Մոսկվային նամակով դիմելու և Մոսկվայի իմպերատիվ որոշումը ստանալու ակնկալիքով՝ Սովետական Միության մեկ սուբյեկտի կազմից մեկ ինքնավար միավոր հանելու և այլ սուբյեկտի կազմ մտցնելու պահանջով։

«Ինչպես բազմաթիվ անգամներ արել էին մինչև այդ այլ երկրամասերի հետ կապված, միջին Ասիայում էր շատ եղել ժամանակին և այլն, դա՛ անեին։ Արդեն մեր անկախությունից հետո, քանի որ անկախությունը տեղի ունեցավ շարժման ընթացքում, դա արդեն վերաճեց այլ հարցի, դա արդեն ձևակերպվեց  որպես ազգերի ինքնորոշման հարց և այդ հարցի վերաբերյալ 96 թվականի լիսաբոնյան գագաթնաժողովում ԵԱՀԿ անդամ բոլոր պետությունները ասեցին իրենց դիրքորոշումը։ Այսօր արդեն գաղտնազերցված այդ փաստաթղթերը կան չէ՞՝ «ինքնորոշում տարածքային ամբողջականության մեջ»։ Երկու սկզբունքները պետք է լինեն, ըստ իրենց և ըստ միջազգային իրավունքի, միասին։ Ասեմ ավելին․ վերջերս գաղտնազերծված փաստաթղթերով՝ Մեղրիի բանակցությունների վերաբերյալ, այնտեղ մի դրվագ կար, երբ առաջարկվում է տարածքներ փոխանակել։ Ամերիկյան կողմը այն ժամանակ 99–2000 թվականներին, ասում են՝ սահման փոխել հասկացություն չկա, ասում է, եթե մենք փոխեցինք սահմանները քաոս կսկսվի աշխարհում»։

Կոսովոյի օրինակը, ըստ Եղոյանի, աշխարհում թերևս միակն է, որը կախված էր միջազգային հանրության «այլ դիրքորոշումից»։

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված նախագծի կետերից հատկապես մեկին՝ միջազգային իրավական ատյաններում հայցերից երկկողմանիորեն հրաժարվելուն, ապա Արման Եղոյանը պնդում է, որ Հայաստանը կաշկանդված չի լինելու իր քաղաքական որոշումների պատճառով։

Պայմանագրի կետերը ուժի մեջ են մտնելու փաստաթղթի ստորագրումից, վավերացումից ու փոխանակումից հետո, ինչը որոշակի ժամանակ կպահանջի։ Իսկ այդ ընթացքում միջազգային դատարաններում հայցերը շարունակվելու են։

Եթե խոսում ենք «այս ընթացքում» ձևակերպմամբ՝ ոչ։ Որովհետև այս ընթացքում, քանի դեռ պայմանագիրը ստորագրված և ուժի մեջ մտած չէ, այդ դրույթը հասկանալիորեն չի գործում։ Հայցերը, ինչպես որ կային միջազգային ատյաններում, ինչպես որ քննվում էին, այնպես էլ շարունակելու են քննվել։

Եթե պատկերացնենք իրավիճակ, որ այս փուլում, ենթադրենք մեկ տարվա ընթացքում չի ստորագրվում, և այս ընթացքում ընթացակարգերը դատարաններում բերում են նրան, որ Հայաստանը ինչ–որ մի հայցով հասնելու է հաջողության ․․․

Դե կհասնի հաջողության, կունենանք այդ հաջողությունը, եթե դա լինի մինչև պայմանագրի ստորագրումը և վավերացումը։

Իսկ արդյո՞ք չեք մտածի՝ հանկարծ չնեղացնեք Ադրբեջանին, որ չհրաժարվի պայմանագիրը ստորագրել։

Դե իրենք իրենցից պետք է նեղանան, ուրեմն, որովհետև պայմանագիրը ստորագրելու դեպքում դրանք հե՞տ կքաշվեին երկկողմանիորեն։ Այսինքն՝ այսօր հետ չքաշելու պատճառը պայմանագիրը ստորագրված չլինելու հանգամանքն է։ Էլ նեղանալը ո՞րն է, կներեք։

Եղոյանը բացառում է, որ Ադրբեջանի առաջ քաշած նախապայմանները, Խաղաղության պայմանագրի նախագծից դուրս, կարող են դառնալ նոր բանակցությունների առիթ և առարկա։

Կարդացեք նաև

Back to top button