
ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ ապրիլի 3-ից ուժի մեջ կմտնի ավտոմեքենաների ներմուծման համար 25 տոկոս մաքսատուրք սահմանելու որոշումը։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ սրանով Միացյալ Նահանգներ-Եվրոպա տնտեսական պատերազմը նոր փուլ է մտնում։ Նրանք կարծում են, որ մաքսատուրքերի փոփոխությունը հարվածելու է հատկապես գերմանական ավտոարտադրողներին, այդ թվում՝ Volkswagen-ին, Mercedes-ին, BMW-ին և հատկապես Porsche-ին։
Ապրիլի 3-ից նոր մաքսատուրքեր կգործեն Միացյալ Նահանգներ ներմուծվող ավտոմեքենաների համար։ Ամերիկյան իշխանությունները չեն բացառում, որ նույն միջոցը կկիրառվի նաև այլ, օրինակ, դեղագործության ոլորտում։
Դոնալդ Թրամփը պնդում է, որ ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի բարձրացման հաշվին ԱՄՆ բյուջեն 100 միլիարդ դոլարի լրացուցիչ եկամուտ կստանա՝ գրում է գերմանական DW պարբերականը՝ նկատելով, սակայն, որ այլ հաշվարկներ նույնպես կան։ Կանադացի տնտեսագետ Պոլ Էշվորթի կանխատեսմամբ, օրինակ, հավելյալ եկամուտը 50 միլիարդ դոլարից պակաս կլինի։
«Իմ հաշվարկներով՝ կարճաժամկետ հեռանկարում մաքսատուրքերն ավելացնելու են ավտոմեքենաների գները, ինչը հանգեցնելու է նրան, որ նոր մեքենաները դառնան, այսպես ասենք, շքեղության առարկա։ Հետևաբար սպառողներն ավելի երկար կպահպանեն իրենց ունեցած մեքենաները, ինչը կբարձրացնի սպասարկման ծառայությունների գները»։
Չինաստանից հետո ԱՄՆ-ն երկրորդ ամենակարևոր շուկան է գերմանական ավտոմեքենաների համար։ Ըստ Bloomberg-ի հաշվարկների՝ մաքսատուրքերը կարող են խլել Porsche-ի և Mercedes-ի գործառնական շահույթների շուրջ 25 տոկոսը։
Porsche-ն այժմ վաճառքի անկման խնդիրներ ունի Չինաստանում, մինչդեռ ԱՄՆ-ում վերջին 15 տարիներին անընդհատ աճող պահանջարկ ուներ։ Սակայն, ի տարբերություն այլ ընկերությունների, Porsche-ի ամերիկյան դիլերներն ամբողջությամբ կախված են ներմուծումից, քանի որ ընկերությունը ԱՄՆ-ում գործարան չունի։
DW-ի հետ զրուցած փորձագետների տվյալներով՝ 2024 թվականին ԱՄՆ-ն Գերմանիայից շուրջ 25 միլիարդ դոլարի ավտոմեքենա է ներմուծել։ Նոր մաքսատուրքերը կարող են զգալիորեն նվազեցնել Volkswagen-ի, BMW-ի և գերմանական ավտոմոբիլային այլ ընկերությունների եկամուտները, ինչպես նաև ազդել խոշոր մատակարարների՝ Bosch-ի և Continental-ի վրա։
Միջազգային մամուլն արձանագրել է նաև, որ Թրամփի՝ մարտի 27-ի հայտարարությանը ֆոնդային շուկաներն անմիջապես են արձագանքել։ Ըստ այդմ՝ Ֆրանկֆուրտի բորսայում Porsche-ի բաժնետոմսերը միանգամից անկում են ապրել 5 տոկոսով, Mercedes-ինը՝ 5,2, BMW–ինը՝ 4,9%-ով։
Չի ուշացել նաև գերմանական ավտոարտադրողների արձագանքը։ Գերմանիայի ավտոմոբիլային արդյունաբերության միության ղեկավար Հիլդեգարդ Մյուլերը Թրամփի հայտարարությանը կտրուկ է արձագանքել.
«Մաքսատուրքերի սահմանումը մահացու ազդանշան է ազատ և կանոններով կարգավորվող առևտրի համար։ Դա մեծ ծանրաբեռնվածություն է առաջացնելու բիզնեսի և փոխկապակցված մատակարարման շղթաների համար»։
Եվրոպայում սա առևտրային պատերազմ են համարում և խոսում հակաքայլերի անհրաժեշտության մասին։ Այդ կարծիքին է, օրինակ, Գերմանիայի արտաքին առևտրի և սպասարկման ընկերությունների միության նախագահ Դիրկ Յանդուրան։ Նա Reuters-ի հետ զրույցում ասել է․
«Թրամփը միակողմանիորեն առևտրային պատերազմ է սկսել, և ԵՄ-ն պետք է արդյունավետ հակաքայլեր անի։ Դրանց մեջ պետք է լինի նաև արձագանք՝ Եվրոպայում ԱՄՆ տեխնոլոգիական ընկերությունների գերիշխող և հեգեմոն դերին»։
Գերմանիայի կառավարությանը տնտեսական հարցերում խորհրդատվություն ներկայացնող հինգ առաջատար փորձագիտական ինստիտուտների միավորման՝ Իմաստունների խորհրդի նախագահ Մոնիկա Շնիցերը նույնպես պնդել է, որ ԵՄ-ն ստիպված է գործել.
«Տնտեսական իմաստով ԵՄ-ն պետք է գնա բանակցությունների, բայց ոչ զիջումների ճանապարհով։ Կարևոր են հակաքայլերը, որոնք կարող են լինել հենց մաքսատուրքերի վերանայման տեսքով»։
Եվրոպացի տնտեսագետները հիշեցնում են, որ Միացյալ Նահանգների տնտեսությունը եվրոպական տեխնոլոգիաներից, ապրանքներից ու ծառայություններից կախված է ոչ պակաս, քան Եվրոպան՝ ամերիկյանից։
Խոսքը խոշորագույն երկու տնտեսությունների մասին է, որոնց բաժին է ընկնում համաշխարհային առևտրի 30 տոկոսը։ Ըստ հաշվարկների՝ Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև առևտրի օրական շրջանառությունը 4,5 մլրդ դոլար է, տարեկանը՝ շուրջ 2 տրլիոն դոլար։




