Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
«Ժառանգություն» կուսակցությունն այսօր խորհրդաժողով է հրավիրել սահմանադրական բարեփոխումների թեմայի շուրջ: Քննարկմանը մասնակցել են Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, մասնագիտական հանձնաժողովի անդամները: Հնչել են թեր և դեմ գրեթե բոլոր դիրքորոշումները. բարեփոխումներին կողմնակից ուժերը փորձել են հիմնավորել, թե ինչու են Հայաստանին անհրաժեշտ սահմանադրական փոփոխությունները, դեմերը՝ թե ինչու անհրաժեշտ չեն այդ փոփոխությունները:
Իրավիճակը, որ կառավարման խորհրդարանական մոդելի կողմնակից քաղաքական ուժերը դեմ են սահմանադրական բարեփոխումներին, իսկ իշխող կուսակցությունը, որը նախկինում է դեմ արտահայտվել կառավարման մոդելի փոփոխությանը, բայց հիմա տեսնում է դրա անհրաժեշտությունը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհանննիսյանը ահազանգ է համարում։ «Սա, իմ կարծիքով, բնութագիր է, ցուցանիշ, նաև ահազանգ մեր քաղաքական ներկա իրավիճակի մասին»։
«Ժառանգության» ղեկավարն առաջարկում է սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը գնահատել՝ ելնելով ոչ թե տեսական մոտեցումներից, այլ երկրի իրական վիճակից ու առկա իրողություններից։ «Հարց է ծագում. եթե առաջարկվող փաստաթուղթը հենց հիմա, այսօր գոյություն ունենար, ի՞նչ կփոխվեր Հայաստանի քաղաքացու կյանքում և մեր իրավական համակարգում, ի՞նչ կփոխվեր, եթե պետության որակն ու վտահության մակարդակը զուգահեռաբար չեն աճել»։
Հենց այս հիմնավորմամբ էլ «Ժառանգությունը» դեմ է այս փուլում սահմանադրական արմատական փոփոխություններ իրականացնելուն և այդ պատճառով էլ բովանդակային քննարկումներին չի մասնակցում: Ի դեպ՝ այսօր մանրամասնվեց, թե որ դեպքում է «Ժառանգությունը» պատրաստ բովանդակային բանավեճի մեջ մտնել:
Ըստ Ռուբեն Հակոբյանի՝ նախապայմանները երեքն են. ընտրական օրենսգրքի փոփոխություն, ընդդիմության մասին օրենքի ընդունում և սահմանադրական հանրաքվեից հետո համապետական ընտրությունների անցկացում: «Ժառանգությունում» անգամ դրանց ժամկետներն են պատկերացնում։ «Օրենքով սահմանված ժամկետները նկատի ունենալով ՝ 2016-ի գարնանը»։
Հայ ազգային կոնգրեսն ավելի արմատական մոտեցում ունի. ոչ միայն դեմ է կառավարման մոդելի փոփոխությանը և անցմանը խորհրդարանական համակարգին, այլև կարծում է, որ փոփոխությունների անվան տակ բոլորովին նոր սահմանադրություն է առաջարկվում: Իսկ սահամանդրափոխությանը այստեղ դեմ են: Փաստարկները, որոնցով հիմնավորվում է այս դիրքորոշումը, մոտենում են մեկ տասնյակին՝ երկրում սահմանադրական վակուում չկա, արտակարգ իրավիճակներ նույնպես, չկան սահմանադրական խութեր, որոնք ճգնաժամային իրավիճակ են ստեղծել և այլն:
Գրեթե նույն դիրքերից է հարցին մոտենում «Բարգավաճ Հայաստանը»՝ միայն այն տարբերությամբ, որ կառավարման խորհրդարանական մոդելին կողմ է , բայց՝ ոչ այս փուլում և ոչ հասարարական նման պահանջի պայմաններում: Հակառակ դեպքում օրակարգն արհեսատական է, ասում է ԲՀԿ խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը: «Հայաստանում այսօր առկա հիմնահարցերից որեւէ մեկը պայմանավորված չէ Սահմանադրությամբ կամ դրա անկատարությամբ»:
ՕԵԿ-ով, որը նույնպես փոփոխություններն այս փուլում վաղաժամ է համարում, ավարտվում է բարեփոխումներին ընդդիմացող քաղաքական ուժերի շարքը: Խորհրդարանական ուժերից երկուսը ՝ ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն, պաշտպանում են սահմանադրական փոփոխությունների առաջարկը: Յուրահատուկը ՀՅԴ-ի կարգավիճակն է, քանի որ քառյակի ուժերից բարեփոխումների միակ պաշտպանն է: Արծվիկ Մինասյանն այսօր մեկ անգամ ևս ընդգծեց ՝ սա ոչ թե իրավիճակային, այլ տարիների ընթացքում ձևավորված մոտեցում է։ Դաշնակցությունը կողմ է սահմանադրական փոփոխություններին և դրանց կենտրոնում տեսնում է կառավարման մոդելի փոփոխության հարցը:
Արծվիկ Մինասյանը ՀՅԴ-ի անունից առաջարկում է համախոհության հիմքի վրա ցանկալի փաթեթ մշակել ու գոնե այս անգամ անսալ 124-ամյա կուսակցությանը։ «Այո, անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ, անհրաժեշտ է, որ համախոհության հիման վրա մենք ձևավորենք փոփոխությունների այն փաթեթը, որը պետք է պարտադրենք ու ստանանք երաշխիքներ: Սա է պայքարի միակ ձևը, սա է երկիրն առաջ տանելու միակ հնարավորությունը, սա ասել ենք տարբեր ժամանակներում, սա ասում ենք հիմա: Գոնե մեկ անգամ լսեք 124-ամյա կուսակցությանը»:
124 –ամյա կուսակցության դիրքորոշումը կիսում է իշխող քաղաքական ուժը: ՀՀԿ-ն համոզված է, որ առաջարկվող փոփոխությունները համակարգային են, որակական արդյունքներ և վճռորոշ նշանակություն են ունենալու: Հանրապետական պատգամավոր Կորյուն Նահապետյանը անդրադառնում է ամենից հաճախ հնչող հակափաստարկին. արդյո՞ք այս փուլում են անհրաժեշտ սահամանդրական փոփոխությունները։
«Այո , ժամանակի իմաստով կարող ենք վստահաբար ասել, որ սահմանադրական բարեփոխումները հենց հիմա են անհրաժեշտ՝ ելնելով հասարակական- քաղաքական առկա իրողություններց, ելնելով այն իրողությունից, որ քաղաքական համակարգն արմատական բարեփոխման կարիք ունի»,- ասում է ՀՀԿ- ական պատգամավորը։
Ի դեպ՝ ընդդիմախոսների այն դիտարկմանը, թե Հայաստանում այսօր սահմանադրական ճգնաժամ չկա, Հանրապետական պատգամավորը համաձայնում է. ճգնաժամ չկա, բայց փոփոխություններն անհրաժեշտ են:
Տեղեկացնեմ նաև, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, ըստ մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանի, պատրաստ կլինի հոկտեմբերի երկրորդ կեսին: Մինչ այդ այն կքննարկվի նաև Վենետիկի հանձնաժողովում, դիտողությունները հաշվի առնելուց հետո արդեն կմտնի նոր՝ քաղաքական քննարկումների փուլ:




