
Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին մարտի 27-ին ՀՀ ԱԺ պատգամավորի կողմից ահազանգ է ստացվել, որ «Մայր Հայաստան» դաշինքի շտաբում խուզարկությունից հետո Գյումրու ավագանու անդամ Էմմա Գրիգորյանին ուժի կիրառմամբ տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե:
ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ զանգահարող պատգամավորը ասել է նաև, որ պատգամավորներին թույլ չի տրվում մուտք գործել Հակակոռուպցիոն կոմիտե:
Պաշտպանի թեժ գծին ահազանգել է նաև փաստաբան, որը ևս հայտնել է, որ խոչնդոտվում է իր մուտքը վարույթն իրականացնող մարմին՝ Էմմա Գրիգորյանին իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով:
Պաշտպանի հանձնարարությամբ՝ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե է մեկնել արագ արձագանքման խումբ՝ տեղում բարձրացված խնդիրների մանրամասներին ծանոթանալու, ազատությունից զրկված անձի հետ առանձնազրույց ունենալու նպատակով:
Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում են նաև նշված դեպքի վերաբերյալ հրապարակային նյութերը:




