ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

ԱՄՆ ներկայությունը տարածաշրջանում հավասարակշռող նշանակություն ունի․ փորձագիտական կարծիք

Միացյալ Նահանգներն անընդունելի է համարում Հարավային Կովկասում իրավիճակի սրումը։ Վաշինգտոնը շեշտում է տարածաշրջանում հակամարտությունները դադարեցնելու անհրաժեշտությունը։ Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Փորձագետները ԱՄՆ ներկայությունը մեր տարածաշրջանում հավասարակշռող ու զսպող գործոն են համարում։ Շատերն էլ կարևորում են այն, որ ԱՄՆ-ն Հայաստանի հետ խոսում է ոչ թե միջնորդավորված, այլ ուղիղ կերպով։

Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները ԱՄՆ ուշադրության շրջանակում են։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այնուհետև խոսել է Վաշինգտոն այցելած՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Քննարկումների հիմնական շեշտադրումն այն է, որ Հարավային Կովկասում իրավիճակի թեժացումն անընդունելի է։

Պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Մարկո Ռուբիոն Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը․

«Ամուր խաղաղությունը կարևոր է տարածաշրջանային հակամարտությունների ցիկլը դադարեցնելու և Հարավային Կովկասում անվտանգություն ու բարգավաճում ապահովելու համար»։

ՀՀ կառավարությունից էլ տեղեկացնում են, որ վարչապետ Փաշինյանը պետքարտուղարի հետ խոսել է բանակցային գործընթացի մասին։

Նա ասել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը սպասում է ստորագրման։

Նիկոլ Փաշինյանն ու Մարկո Ռուբիոն պայմանավորվել են շարունակել Հայաստան-ԱՄՆ բարձր մակարդակի շփումները։

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը, անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի և ՀՀ վարչապետի զրույցին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ մեկ հեռախոսազանգից ելնելով՝ չի շտապի պնդել, որ ամերիկյան կողմը Հարավային Կովկասում սկսելու է ակտիվություն ցուցաբերել կամ հայ-ադրբեջանական պայմանագիրը ստորագրելու միջնորդ է դառնալու: Ըստ նրա՝ ավելի կարևոր է հետևել այլ հեռախոսազանգերի և փոփոխությունների, որոնք տեղի են ունենում Պուտինի և Թրամփի միջև․ դրանք նոր իրողություններ են ձևավորում աշխարհում:

«Մեր առումով ավելի շատ բան կախված է լինելու Իրանի և ԱՄՆ հարաբերությունների դինամիկայից, դրանց  դրական կամ բացասական փոփոխություններից:

Իհարկե, Թրամփը կարող է փորձել խաղաղության պայմանագրի միջնորդ լինել, բայց դրա համար մի շարք հանգամանքներ կան։ Միացյալ Նահանգները բալանսավորող և զսպող գործոն էր Հարավային Կովկասում իր ներկայությամբ, փափուկ ուժի առկայությամբ, ՆԱՏՕ-ում ծանրակշիռ դերակատարությամբ, Ռուսաստանի հետ մրցակցությամբ: Հիմա բոլոր այս գործոնները չկան, և ԱՄՆ-ն նոր գործիքակազմ պետք է մշակի ազդեցության պահպանման և բալանսավորման համար»։

Ռազմական փորձագետ Արմինե Մարգարյանն ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ հեռախոսազրույցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստը փոխադարձ հավանության է արժանացել է, բայց Ադրբեջանը ոչ միայն հավելյալ նախապայմաններ ներկայացնելով հրաժարվում է այն ստորագրելուց, այլև փորձում է սահմանային լարվածություն հրահրել:

Տարածաշրջանում էսկալացիայի անթույլատրելիության մասին ԱՄՆ պետքարտուղարի դիրքորոշումը վերլուծելով՝ փորձագետը ֆեյսբուքյան գրառում է կատարել․

«Սահմանային լարվածություն հրահրելու ադրբեջանական փորձերն այս պահին կարելի է համարել տապալված, իսկ ռուսական կողմի փորձերը միջնորդի դեմքով տաքուկ տեղավորվելու Հայաստանի և Ադրբեջանի արանքում կարելի է համարել ժամանակավրեպ»։

Հարավային Կովկասի և մասնավորապես Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների թեման ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն քննարկել է նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, որն այս օրերին ԱՄՆ-ում է։

Պետդեպարտամենտը հաղորդում է, որ  պետքարտուղարը խնդրել է Թուրքիայի աջակցությունը Ուկրաինայում և Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու հարցում։

Թուրքական Hürriyet-ն  իր դիվանագիտական աղբյուրներին հղումով գրում է, որ Ռուբիոն և Ֆիդանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու գործընթացին առնչվող հարցեր։

Բացի այդ՝ թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Հաքան Ֆիդանը ԱՄՆ-ում քննարկելու է Թուրքիայի նախագահ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Թրամփի հանդիպումը նախապատրաստելուն վերաբերող հարցեր։

Bloomberg-ն էլ գրում է, որ Էրդողանը ջանում է ապրիլին Սպիտակ տանը հանդիպել Թրամփի հետ ու ներկայացնել Ուկրաինային և Սիրիային առնչվող հարցերում միջնորդ դառնալու իր ցանկությունը։

Ռազմական փորձագետ Արմինե Մարգարյանը, հաշվի առնելով, որ Ռուբիո-Փաշինյան հեռախոսազրույցը տեղի է ունեցել Ռուբիո-Ֆիդան հանդիպմանը զուգահեռ, մատնացույց է անում 10 օրով բացված Մարգարայի կամրջի շուրջ Ադրբեջան-Թուրքիա հայտարարությունների մակարդակով, իր ձևակերպմամբ, «փոխհրաձգությունը»։

Այս և մի շարք այլ փաստեր համադրելով՝ նա կարևորում է, որ ռազմավարական գործընկերներ Հայաստանը և ԱՄՆ-ն քննարկել են համատեղ շահերը, ինչը նշանակում է, որ գործընթացը կենդանի օրգանիզմ է, որտեղ Հայաստանը խոսում է հենց իր անունից:

Կարդացեք նաև

Back to top button