Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
«Ես կողմ եմ , որպեսզի տարկետումը վերացվի: Տարկետման այն նվազագույն քանակությունը, որն այսօր մնացել է, դա էլ արդար չէ այն մարդկանց նկատմամբ, ովքեր չեն օգտվում տարկետման հնարավորությունից: Պայմանները պետք լինեն հավասար բոլորի համար»,-ԵՊՀ ուսանողադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ այսօր ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Ժառանգություն խմբակցության պատգամավորների տարկետման իրավունքը վերացնելու առաջարկի վերաբերյալ հարցին: Պաշտպանության նախարարը նշել է, որ ստեղծվել է հակառակորդի դիվերսիաների դեմ պայքարի համակարգ, որի շնորհիվ հակառակորդի վերջին դիվերսիոն գործողությունները հասել են մինչև հայկական կողմի ստեղծած ինժեներական սարքավորումներն ու կանգ առել , հակառակորդը չի կարողացել առաջ գալ:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի արդեն ավանդույթ դարձած հանդիպումները բուհերի ուսանողադասախոսական կազմի հետ, նախարարի մեկնաբանմամբ, մեկ նպատակ են հետապնդում՝ հաշվետվությամբ ներկայանալ հասարակությանը, որի զավակներով է ի վերջո համալրվում հայոց բանակը: Մայր բուհում կայացած հանդիպման ժամանակ պաշտպանության նախարարն այսօր ներկայացրեց այն քայլերը, որոնք միտված են հայկական Զինված ուժերի մարտունակության բարձր մակարդակի ապահովմանը:
Նախարարի տեղեկացմամբ վերջին տարիներին ստեղծվել է հակառակորդի դիվերսիոն գործողությունների դեմ պայքարի արդյունավետ համակարգ, դրանք ինժեներական սարքավորումներ են, որոնք թույլ չեն տալիս հակառակորդին մոտենալ անմիջապես մեր դիրքերին: Հակառակորդի վերջին բոլոր դիվերսիոն գործողություններն, ըստ նախարարի, հասել են մինչև այդ սարքավորումներն ու կանգ առել, հակառակորդը չի կարողացել առաջ գալ:
Նախախարի խոսքով՝ հակառակորդը չի կարողանում հանգիստ նստել: Նա որդեգրել է բանակցային գործընթացին զուգահեռ լարվածություն ստեղծելու, դրանով գործընթացի վրա ազդելու և ուժի դիրքից հայկական կողմի հետ խոսելու քաղաքականություն, բայց դա Ադրբեջանին չի հաջողվել: «Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այսօր հակառակորդը ստանում է արժանի հակահարված»,-նշեց Սեյրան Օհանյանը:
«Հայաստանի ու Արցախի հետ պարտադրանքի լեզվով խոսելն այլևս անհնար է»:
«Արցախի ինքնորոշումն այլընտրանք չունի: Իսկ հաղթանակները, որ տարել ենք արցախյան գոյամարտի ժամանակ այսօր բազմապատկվում են»,-շեշտեց պաշտպանության նախարարը: Ի թիվս համալսարանականների մի շարք հարցերի, նախարար Օհանյանն այսօր անդրադարձավ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների տարկետման իրավունքը վերացնելու առաջարկի վերաբերյալ հարցին: Նրա խոսքով տարկետման այն նվազագույն քանակությունը, որն այսօր մնացել է, դա էլ արդար չէ այն մարդկանց նկատմամբ, ովքեր չեն օգտվում տարկետման հնարավորությունից: «Պայմանները պետք լինեն հավասար բոլորի համար: Ես կողմ եմ , որպեսզի տարկետումը վերացվի»,-նշեց նախարարը:




