
Խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի և համաձայնեցման մասին հայտարարություններին հաջորդած 12 օրերին Բաքվից շարունակել են հնչել նոր նախապայմաններ՝ երկկողմ համաձայնեցված փաստաթուղթը ստորագրելու համար։ Հայաստանում չեն շտապում իրավիճակը փակուղային գնահատել, պաշտոնական Երևանը հայտարարում է, որ տարբեր հարցերի շուրջ քննարկումները Բաքվի հետ շարունակվում են։ Բանակցային դաշտում ստեղծված իրավիճակն ակտիվորեն քննարկվում ու վերլուծվում է նաև քաղաքական դաշտում ու խորհրդարանում անցկացվող ճեպազրույցների ընթացքում։ Սրան զուգահեռ՝ խորհրդարանական օրակարգում հանրային հնչեղություն ունեցող մի շարք այլ հարցեր էլ կան։ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին հարցի քննարկումը երկրորդ և վերջնական ընթերցմամբ նշանակված է մարտի 26-ի առաջին նիստին։ Այդ քննարկումից հետո խորհրդարան է գնալու գլխավոր դատախազը՝ երկու պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ։ Լենա Բադեյանն է ներկայացնում օրվա խորհրդարանական խճանկարը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցումից հետո փաստաթղթի ստորագրման ընթացքն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փակուղային չի համարում, թեև չի էլ բացառում, որ վերջին երկու կետին հայկական կողմի համաձայնություն տալն անսպասելի էր և անակնկալի է բերել ադրբեջանական կողմին։ Սիմոնյանը չի բացառում, որ նաև դրանով է պայմանավորված Բաքվի՝ վերջին 12 օրերի հախուռն արձագանքը։
«Այս պայմանագրի քննարկման նպատակը եղել է ինչ–որ արդյունքի հասնելը, ոչ թե խոսակցությունը հավերժ շարունակելը։ Ադրբեջանական կողմը նույնիսկ տպավորություն է ունեցել, որ իրենք կարող են ի սկզբանե ինչ–որ բանի համաձայնվեն՝ մտածելով, թե հայերը, միևնույնն է, չեն համաձայնվելու։ Միջազգային այլ կառույցների, մասնակիցների մոտ այդ տպավորությունը թողնելու համար այդ գործելաոճն էր, դա իմ անձնական տպավորությունն է»։
Խորհրդարանական ընդդիմությունը չի կիսում խորհրդարանի ղեկավարի այս մոտեցումը։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի կարծիքով՝ եղած պատկերից կարելի է այլ եզրակացություններ անել, անգամ փաստաթղթի մանրամասներին ծանոթ չլինելով։
«Ռեալ իրենք ուզում են համոզած լինեն, որ Ադրբեջանը չէ՞ր հավատում, Ադրբեջանի համար զարմանալի՞ էր, որ Հայաստանն ընդունել է այդ առաջարկները։ Տեքստը ես դեռ չեմ տեսել, գիտեմ այնքանը, ինչքանը հրապարակել են»։
Անգամ այն համատեքստում, որ Ադրբեջանը շտապեց առաջինը հայտարարել խաղաղության պայմանագրի նախագծի բոլոր կետերի համաձայնեցման մասին, հենց Բաքվից էլ շարունակում են պայմանագրի ստորագրման համար նոր նախապայմաններ ներկայացնել, մինչդեռ փաստաթուղթը նման կետեր չի պարունակում։
Հերթական այդօրինակ հայտարարությունն Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի կողմից է։ Բրազիլական գործակալությանը տված հարցազրույցում նա ասել է, թե, մեջբերում, «Բաքվի ու Երևանի միջև անշրջելի և տևական խաղաղության հասնելու համար պետք է փոփոխություններ կատարվեն Հայաստանի Սահմանադրության մեջ, որն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ է պարունակում»․ մեջբերման ավարտ։ Իսկ մինչ այդ՝ օրեր շարունակ ադրբեջանական մամուլն ապատեղեկատվություն էր տարածում, թե իբր հայկական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այս իրավիճակի հանգուցալուծումը պատկերացնում է այսպես․
«Մենք զինվում ենք, որպեսզի պաշտպանվենք։ Վարչապետն էլ բազմիցս հայտարարել է, որ ՀՀ բանակը ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս որևիցե խնդիր չունի լուծելու։ Նույնիսկ ՀՀ տարածքում գտնվող այն մասը, ուր ադրբեջանական զորքերը ներխուժել են, մենք ռազմական գործողություններով լուծելու նպատակ և գաղափար այս պահի դրությամբ չունենք։ Կարծում եմ, որ այն կրակոցները, որոնց մասին գրել էր իրենց մամուլը, կարող են առանձին և երկկողմ հետաքննության առիթ հանդիսանալ, և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, որպեսզի թե այս հրապարակումների հետ կապված, թե հետագայում հնարավոր հրապարակումների հետ կապված որևիցե մեխանիզմ լինի, որ հնարավոր լինի նման բաներից խուսափել։ Բոլոր «տրեկերով» քննարկումը շարունակվում է։ Քննարկենք, հասկանանք՝ ի՞նչ փոխելու մասին է խոսքը, իրենք իրենց Սահմանադրությունը փոխո՞ւմ են, թե՞ չէ։ Եթե կարիք լինի, կարող ենք մի հատ հասկանալ՝ կա՞ նման բան անելու անհրաժեշտություն, թե չկա։ Քննարկում է գնում»։
Բացի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրից՝ խորհրդարանի միջանցքներում այս շաբաթ ամենաշատ քննարկվող հարցերից է նաև գլխավոր դատախազի սպասվող այցը խորհրդարան։ Աննա Վարդապետյանը խորհրդարանին երկու պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդություն է ներկայացնելու։
Նախկին ՔՊ–ական, այժմ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի և «Պատիվ ունեմ» խմբակցությունից պատգամավոր Տարոն Մարգարյանի դեմ նախաձեռնված գործողությունները «հաշվեհարդար» բնորոշող հայտարարությունների հետ Ալեն Սիմոնյանը համաձայն չէ, քանի որ քրեական գործերն, ասում է, մի քանի տարվա վաղեմության են։
«Մանրամասները չգիտեմ։ Հիմա տեսեք, եթե Տարոն Մարգարյանը մասնակցեր ինչ–որ ընտրությունների, կասեի՞ք՝ ըհը, ընտրությունների է մասնակցում, դրա համար հիմա եղավ։ Հիմա որևէ բան չի կատարվում, ասում եք՝ ինչո՞ւ եք հիմա նախաձեռնում։ Ի՞նչ կապ ունի, ինձ հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ հիմա պետք է չառաջանար պահանջը»։
Հարցի քննարկման նախօրեին Տարոն Մարգարյանը խախտել է լռությունը՝ տարածած հայտարարությամբ 7 տարվա վաղեմության հարցով քրեական գործը որակելով շինծու, իսկ սպասվող քվեարկությունը՝ ձևական։ Նա կոչով դիմել է ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների գործընկերներին՝ որևէ կերպ չմասնակցել այդ գործընթացին։
Դժվար է ենթադրել, թե ինչ մարտավարություն կորդեգրեն ընդդիմադիր խմբակցությունները, որոնց ներկայացուցիչները վերջին շրջանում ակտիվորեն ներգրավված են այսպես ասած «սարգսյան–քոչարյանական մենամարտերին»։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն, օրինակ, զգուշացնում է ընդդիմադիր մյուս թևին․
«Երկար տարիներ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Սերժ Սարգսյանի անկուսակցական աջակիցները հանդուրժում էին Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացնող այս կամ այն վարձու, կնոպկայով խոսող գործիչների մանր հարձակումները։ Ինչ-որ պահից սկսած մենք այլևս հանդուրժելու համբերություն չունենք։ Մեզ մեկ սուտ ասողը կստանա 10 ճշմարիտ պատասխան։ Մեր մասին բոլոր սուտ ասողների տակ այնքան կեղտ կա, որ անվերջ կարելի է դրա մասին խոսել։ Ուստի մենք չենք դա սկսել, մենք էլ չենք կարող ասել երբ դա կավարտվի»։
Խորհրդարանական մեծամասնությունն ինքն էլ դեռ չունի վերջնական դիրքորոշում, թե ինչպես է քվեարկելու՝ վստահեցնում է ԱԺ նախագահը։ Սիմոնյանը հորդորում է սպասել դատախազի այցին և հարցի ներկայացմանը։




