«Այո, այո, այո։ Շատ-շատ, սպասում ենք, երկուշաբթի օրը գալիս ենք ու էդ ամբողջը՝ և՛ նկարելը, և՛ թեյը, սուրճը, իրար հետ զրուցելը, վարժությունները․․․ բոլորը օգնում են, դուրս ենք գալիս էդ վիճակից»։
Այս ոգևորությամբ Լուսինե Վիզոյանը Արցախից բռնի տեղահանված տարեցների աջակցության սրճարան այցելությունների մասին է պատմում։ 60 և ավելի տարեկան արցախցիների համար ստեղծված միջավայրը նրանց հույզերի հետ աշխատելու, հոգեսոցիալական օգնություն տրամադրելու համար է նախատեսված։ Աջակցության սրճարանները գործում են Երևանում ու Գյումրիում։ Դրանք ստեղծել է «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունը՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ։




