
Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը ստորագրվի, վավերացվի, և կայուն խաղաղության նշաններ լինեն, Հայաստանը կարող է քննարկել ՀՀ-ում ԵՄ դիտորդների համար նոր մանդատ սահմանելու հարցը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը: Նրա դիտարկմամբ՝ խաղաղության պայմանագրին ընթացք տալն այդքան էլ արագ չի ստացվում, իսկ դիտորդների մանդատն, ի դեպ, երկու տարով է:
Հայաստանը և Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնության հասնելու և բանակցությունների ավարտի մասին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել իր ստորագրությունը դնել այդ փաստաթղթի տակ: Լենա Բադեյանն է ի մի բերել թեման։
11 օրվա ընթացքում, սկսած այն պահից, երբ հայտնի դարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրի նախագծի վերջնական համաձայնեցման մասին, 58 երկիր և միջազգային 10 կազմակերպություն է ողջունել գործընթացը և հորդորել ավարտին հասցնել այն։ Խաղաղության պայմանագիրը դեռ չի ստորագրվել, փոխարենը, մարտի 20-ի դրությամբ, ՀՀ ՊՆ-ն հերքող 12 հաղորդագրություն է տարածել՝ ի պատասխան Ադրբեջանի ապատեղեկատվության, թե իբր Հայաստանը խախտել է հրադադարի ռեժիմը։
«Օրբելի» կենտրոնի տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի գնահատմամբ՝ Ադրբեջանն այս պահին ոչ թե էսկալացիայի է գնում, այլ փորձում է չեզոքացնել խաղաղության գործընթացի առումով համաշխարհային արձագանքը։
«Միջազգային դիվանագիտական արշավը հայկական կողմից նախաձեռնած գործողություն էր, որն անակնկալի է բերել Ադրբեջանին և որոշակի առումով նաև գրգռել։ Մեզ բոլորիս շատ քաջ հայտնի է, որ Ադրբեջանը որևէ կերպ չի ցանկանում և որևէ նպատակ չունի այս պահին որևէ փաստաթուղթ ստորագրել»։

Ըստ վերլուծաբանի՝ հենց սա է Ադրբեջանի կողմից առաջադրվող նոր նախապայմանների հիմքը։ Այդ նախապայմաններից ամենաերկար ժամանակ պահանջողը և խնդրահարույցը Պետրոսյանը համարում է հենց Սահմանադրության փոփոխության հարցը։
«Ժամանակային առումով իրենք շատ լավ հասկանում են, որ եթե անգամ ՄԽ հարցն էլ լուծվող է, ապա Հայաստանում Սահմանադրության փոփոխության հարցը բավականաչափ տևական է և դրան ածանցյալ՝ շատ մեծ հավանականություն կա, որ կարող է նաև նոր Սահմանադրությունը հավանության չարժանանա։ Ադրբեջանի ռազմական առումով ակտիվացման նպատակն է՝ ցույց տալ միջազգային հանրությանը, որ Հայաստանը մի կողմից վերջնական համաձայնեցնում է տեքստը, բայց մյուս կողմից պատրաստվում է ռևանշի, թե հայ հասարակությունում բավական մեծ մակարդակի է հասնում ռևանշիզմը և այլն, և այլն։ Այնպես չէ, որ այդ կրակոցները չկան, բայց կան ադրբեջանական կողմից, որովհետև նաև հայկական մեդիադաշտում տարբեր աղբյուրներից տեղեկատվություն է տարածվել, որ ադրբեջանական կողմից կրակոցներ կան։ Այսինքն՝ Ադրբեջանը սադրում է, որպեսզի Հայաստանը պատասխանի, և դա օգտագործեն արդեն իրենց քարոզչական նպատակներով, բայց քանի որ այդ պատասխանն էլ չկա, այստեղ է, որ Ադրբեջանը բավականին ջղագրգիռ վարքագիծ է դրսևորում»։
Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանին Ադրբեջանի գործելաոճն անակնկալի չի բերել։ Դիվանագետն ասում է, որ այդ վարքագծին պաշտոնական Երևանը ծանոթ է վաղուց․
«Ցավոք, անցյալից էլ պետք է ասեմ․ միշտ, երբ ունեցել ենք մի քայլ առաջ, միշտ այն կողմից եղել են բարդություններ, պրովոկացիաներ, երբեմն դիտվում էր երկու քայլ հետ և այլն։ Այսինքն՝ նոր գործելաոճ չէ սա։ Մենք նաև հայտարարեցինք, որ պատրաստ ենք այժմ քննարկել ստորագրման հետ կապված բոլոր գործընթացները։ Այդ հայտարարությանը դեռևս չկա արձագանք։ Սակայն հայտարարությունները նոր են արվել։ Բարդ էր անմիջապես պատկերացնել ակտիվ գործողություններ։ Մենք շարունակում ենք խաղաղության օրակարգը, շարունակում ենք միջազգային ասպարեզում այդ ուղղությամբ աշխատել մեր գործընկերների հետ»։

Հանրային հեռուստաընկերությանը տված իր վերջին հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե այս պահին ինչ քննարկումներ են ընթանում ադրբեջանական կողմի հետ, թե երբ է պայմանագրի տեքստի հրապարակման հավանական ժամկետը։ Փաշինյանն արձագանքել է նաև խոսակցություններին, թե ինքը պատրաստ է անգամ միակողմանիորեն ստորագրել խաղաղության պայմանագիրը։
«Ադրբեջանի հետ այնքան հարց կա քննարկելու, որ չեմ կարծում, որ ճիշտ է այդ փաստաթուղթը հանրայնացնելուց սկսել։ Բայց իրականում մենք Ադրբեջանի հետ քննարկում ենք փաստաթուղթը հանրայնացնելու հնարավորությունը, որովհետև առաջարկում ենք ստորագրել, որովհետև հենց ստորագրեցինք, այն կհանրայնացվի, և պատկերացրեք՝ ինչ աստիճանի մտավախություն չունենք այդ առումով, որ մեր պատրաստակամությունն ենք հայտնում ստորագրել և հրապարակել։ Այսինքն՝ մենք կողմ ենք ինստիտուցիոնալ հրապարակմանը։ Մյուս կողմից՝ ես ուզում եմ, որ մենք խաղաղության համաձայնագրի ինստիտուտի վերաբերյալ ունենանք ճիշտ պատկերացում․ այն երկու կողմ ունի և ենթադրվում է, որ երկու կողմն էլ պետք է ստորագրի»։

Թեև անգամ այդ պարագայում հայկական կողմում լիովին վստահ չեն, որ ստորագրված փաստաթուղթը միանշանակ խաղաղություն է բերելու, միևնույն է, ծրագիրն այն է, որ խաղաղության օրակարգը պետք է առաջ մղվի, ինչն, ըստ վարչապետի, նշանակում է առերեսվել բոլոր բարդություններին։
Եթե ոչ փաստաթուղթը, ապա ի՞նչը կարող է երաշխավորել խաղաղություն՝ այս հարցին Հայաստանի փոխարտգործնախարարն արձագանքում է․
«Իհարկե, լիարժեք երաշխավորություն ստանալ հնարավոր չէ։ Բայց մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի նվազեցնենք այդ ռիսկերը։ Համաձայնագրի դեպքում այդ ռիսկը առավելագույնս նվազում է, քանի որ ունենք նաև միջազգային հանրության ուշադրությունը, հայտարարություններ ամենատարբեր երկրներից։ Կարևորագույն երաշխավորը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է։ Տեսանք, որ այն հայտարարությանը, որ տեքստի շուրջ բանակցություններն ավարտվել են, ողջունեցին ԱԽ բոլոր 5 մշտական անդամները՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը և Ռուսաստանը»։
Ինչ վերաբերում է ԵՄ դիտորդական առաքելության մանդատի հնարավոր փոփոխությանը, ապա, ըստ փոխարտգործնախարարի, դա դեռ քննարկման ենթակա չէ։
Հովհաննիսյանի խոսքով՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը ենթադրում է տարբեր փուլերով երկարատև գործընթաց, մինչդեռ դիտորդական առաքելության մանդատը երկու տարով է։ Պարույր Հովհաննիսյանը համոզված է, որ եթե նոր կարգավորումների անհրաժեշտություն առաջանա, և եթե իսկապես կայուն խաղաղության նշաններ լինեն, անգամ դրական սցենարի դեպքում հնարավոր կլինի գտնել ճիշտ մոդել՝ շարունակելու ԵՄ դիտորդների հետ գործակցությունը:
Փոխարտգործնախարարը նույն համոզմանն է նաև ԵԱՀԿ ՄԽ հնարավոր լուծարման առումով․ հայկական կողմն, ասում է, պատրաստ է քննարկել յուրաքանչյուր առաջարկ, բայց դա կախված է խաղաղության հաստատման ընթացքից։




