ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Նախորդ տարեվերջի նկատմամբ պետական պարտքն ավելացել է 6,2 տոկոսով

Նախորդ տարեվերջի նկատմամբ պետական պարտքն ավելացել է 6,2 տոկոսով, բայց ՀՆԱ-ի մեջ պարտքի չափաբաժինը չի ավելացել։ Խորհրդարանում շարունակել են քննարկել Կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։

Այսօր պատգամավորները լսել են ֆինանսների նախարարի, Պետական եկամուտների կոմիտեի և Կենտրոնական բանկի  նախագահի հաշվետվությունները։

2024 թվականին բյուջեի եկամուտները կատարվել են  շուրջ 96, իսկ ծախսերը՝ շուրջ 94 տոկոսով: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում ներկայացրել է կառավարության ծրագրի  նախորդ տարվա կատարողականի հիմնական ցուցանիշները։ Նախարարի խոսքով՝ նախորդ տարվա ծախսերի ցուցանիշը 16 տոկոսով է գերազանցում 2023-ինը, եկամուտներինը՝ 9,3 տոկոսով։

Աճել է պետական պարտքը։

«Պետական պարտքը նախորդ տարեվերջին կազմել է 5 տրիլիոն դրամ կամ շուրջ 12,8 մլրդ դոլար: Նախորդ տարեվերջի նկատմամբ ցուցանիշն ավելացել է 6,2 տոկոսով»,-ասում է Վահե Հովհաննիսյանը։

Ըստ նախարարի՝ ուրախալին այն է, որ պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ պահպանվել է 50 տոկոսից ցածր մակարդակում՝ կազմելով 48,3 տոկոս կամ 0,1 տոկոսով պակաս, քան 2023 թվականին:

Իսկ թե ինչպես է ընթանում հարկահավաքման գործընթացը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն է մանրամասնում։   

«Ընդհանուր առմամբ, 2024 թվականին 2 տրլն 390 մլրդ հարկային եկամուտներ են հավաքագրվել, որը 5,1 տոկոսով կամ 117 միլիարդ դրամով ավելի է, քան 2023 թվականին: Ներմուծումից անկում ունենք, և դրա առյուծի բաժինը պայմանավորված է ավտոմեքենաների ներմուծման կրճատմամբ, որը կարելի է օբյեկտիվ երևույթ համարել»,-ասում է Հակոբյանը: 

ՊԵԿ նախագահը հիշեցնում է, որ 2022-2023 թվականներին Հայաստանում ավտոմեքենաների վերարտահանման մեծ տեմպեր են գրանցվել: Դրանք կտրուկ նվազել են 2024-ին: Էդուարդ Հակոբյանի խոսքով՝ նվազել է նաև ծխախոտի ներմուծումը։

«Սա պայմանավորված է նրանով, որ ծխախոտ ներմուծողները, երբ պահանջ դրվեց նկարներ փակցնելու, պահեստավորում և պաշարում արեցին»,-հավելեց նա:

2024-ին հարկերի հավաքման տեսանկյունից նկատելի է եղել շինարարության ոլորտի դերը։

«Այս տարի բազմաթիվ շինարարություններ, հատկապես Երևան քաղաքում բազմաբնակարան շենքերի, քանի որ մոտենում են ավարտին, կա ավելի մեծ հարկեր հավաքագրելու պոտենցիալ: Երբ նայում ենք այս տարվա հավաքագրումները, շինարարությունն արդեն մեծ դեր ունի հարկահավաքման մեջ»,-ասում է Հակոբյանը:

Անդրադառնալով համընդհանուր հայտարարագրմանը՝ ՊԵԿ նախագահը կարևորում է ոչ թե դրանց քանակը, այլ դինամիկան։ Էդուարդ Հակոբյանը կարծում է, որ իրազեկման արշավները տվել են իրենց պտուղները։

«15 հազար քաղաքացի հայտարարագիր է ներկայացրել, 7 հազարը սոցիալական կրեդիտ է ստացել»,-ասում է Հակոբյանը։

Կառավարության ծրագրի կատարողականից բացի՝ հանձնաժողովի նիստում  քննարկման առարկա դարձավ նաև ակնթարթային վարկերին առնչվող խարդախությունների հարցը։ Թեման «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արուսյակ Մանավազյանին էր մտահոգում։

«Մարդը անձամբ չի դիմել վարկ վերցնելու համար, բայց իր անունով վարկ է ձևակերպվել, և անձը պարտավոր է այն վճարել։ Ինչո՞ւ անվտանգային ապահովվածությունը սկզբից դրված չի եղել»։ 

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասաց, որ Կենտրոնական բանկը տեղյակ է խնդրից, և այն արդեն քննարկվել է խարդախության զոհ դարձած քաղաքացիների հետ։

«Նախնական քննարկումների արդյունքներով պարզվել է, որ դեպքերի ճնշող մեծամասնության դեպքում  քաղաքացիներն անձամբ են տրամադրել իրենց տվյալները խարդախներին»,- ասաց նա։

Գալստյանի պարզբանմամբ՝ խարդախները որոշակի եղանակով ձեռք են բերում անձնական տվյալներ, որոնք կարողանում են օգտագործել առցանց տիրույթում և, օրինակ, վարկ ձևակերպել։

Առցանց գործարքների համակարգի վերացման դեպքում քաղաքացիներն այլ բարդությունների կբախվեն՝ կարծում է ԿԲ նախագահը։

 «Դա կնշանակի, որ պետք է ֆիզիկապես ներկայանան բանկ, ինչը կբերի լրացուցիչ ծախսերի և ժամանակի կորստի։ Հավաստիացնում եմ, որ ԿԲ-ն ուսումնասիրում է առցանց համակարգերում հնարավոր պաշտպանական բացերը»։  

ԿԲ նախագահը վստահեցնում է՝ եթե պարզվի, որ բանկերը պաշտպանության համապատասխան մեխանիզմներ չեն գործարկել, և քաղաքացին դրա հետևանքով է վնաս է կրել, ապա փոխհատուցումներ կլինեն։

Կարդացեք նաև

Back to top button