
Էր Ռիադում ԱՄՆ-Ուկրաինա և ԱՄՆ-ՌԴ պատվիրակությունների միջև թեժ քննարկումները շարունակվում են: Բանակցություններն ընթանում են փակ դռների հետևում՝ կլոր սեղանի շուրջ, առանձին-առանձին ձևաչափով: Ըստ տարբեր հրապարակումների՝ քննարկումների առանցքային կետերն են էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանությունն ու Սև ծովում նավագնացության անվտանգությունը: Իսկ Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, անգամ հակամարտության ավարտի ժամկետի մասին է գրել:
Էր Ռիադում ձևավորվում են Ուկրաինայի ապագայի վերաբերյալ հետագա քայլերը, կամ որոշվում է ռազմաքաղաքական հավասարակշռությունը։ Նման ձևակերպումներով են ռուս-ամերիկյան և ռուս-ուկրաինական բանակցությունների մասին տեղեկություններ հաղորդում առաջատար լրատվամիջոցները: Ավելին՝ խոսում են հարադադարի հասնելու ժամկետների մասին: Bloomberg-ը գրում է, որ Սպիտակ տունը ձգտում է հրադադարի հասնելու մինչև ապրիլի 20-ը․ այդ օրն այս տարի համընկնում է թե՛ կաթոլիկ, թե՛ ուղղափառ եկեղեցիներում նշվող Սուրբ Զատկի տոնին։
Ըստ գործակալության աղբյուրների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ընդունում է, որ ժամկետները կարող են փոխվել՝ հաշվի առնելով երկու կողմերի տարաձայնությունները։
Ամերիկա-ռուսական և ամերիկա-ուկրաինական պատվիրակությունների միջև թեժ բանակցություններն ընթանում են առանձին, նույն վայրում, առանցքային նույն թեմաների շուրջ: Վերջին անգամ կողմերը հանդիպել էին մարտի սկզբին՝ Ջիդդայում, այս անգամ հանդիպումը Էր Ռադում է: Ուկրաինական կողմը կիրակի օրվա քննարկումներից հետո հայտարարել է, որ Էր Ռիադում մտադրություն չունի հանդիպելու ռուսական կողմի հետ, իսկ ամերիկացիների հետ հանդիպումը կառուցողական և առարկայական է համարել: Ռուս-ամերիկյան քննարկումները «դժվար բանակցություններ» է որակել Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա ասել է, որ դեռ ճանապարհի միայն սկզբում են: ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Վաշինգտոնն ակնկալում է Էր Ռիադում իրական առաջընթացի հասնել։
Ի՞նչ հարցերի շուրջ են ընթանում բանակցությունները
Կողմերը տարբեր հայտարություններով ընդգծել են, որ օրակարգում են Սև ծովում ռազմական գործողությունների դադարեցումը և հացահատիկի գործարքի վերականգնումը։ Այդ հարցերը քննարկվել են Թրամփ-Պուտին վերջին հեռախոսազրույցի ժամանակ։
Սև ծովով հացահատիկի տեղափոխման գործարքը կնքվել էր 2022-ի հուլիսի 22-ին Ստամբուլում Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև։ Գործարքը, սակայն, Ռուսաստանը հետագայում չի երկարաձգեց։ Մոսկվան երկու տարի առաջ հայտարարեց, որ, սևծովյան պայմանավորվածությունների՝ Ռուսաստանին վերաբերող հատվածը չի կատարվել։ Պեսկովն ասել է, որ գործարքի վերսկումը անվտանգ նավարկություն կապահովի Սև ծովով ուկրաինական ֆերմերային տնտեսությունների համար: Նա նշել է նաև, որ Սև ծովում նավարկության անվտանգության հարցը քննարկելու առաջարկն արել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տվել է իր համաձայնությունը։
«Հենց այս մանդատով է մեր պատվիրակությունը մեկնել Էր Ռիադ»,-լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հաստատել է, որ պատվիրակությունները կենտրոնանալու են Սև ծովում ռազմական գործողությունների դադարեցման վրա, իսկ բանակցությունների հաջորդ փուլում Ռուսաստանը և ԱՄՆ-ն քննարկելու են հրադադարի հաստատման, խաղաղապահների, տարածքների պատկանելիության խնդիրները։ Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Քիթ Քելլոգն էլ Էր Ռիադի բանակցությունները կոչել է «մաքոքային դիվանագիտություն», որտեղ ամերիկյան պատվիրակությունը առանձին սենյակներում հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ։
Ուկրաինական կողմի արձագանքը
Կիրակի՝ երեկոյան, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ իր երկրի բանագնացները կառուցողական աշխատանք են կատարում: Քննարկումը կառուցողական ու բովանդակալից է համարել նաև Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը՝ նշելով, որ քննարկվել են էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր: Նախարարը ասել է նաև, որ Ուկրաինան աշխատում է «արդար և կայուն խաղաղության» իր նպատակն իրականություն դարձնելու ուղղությամբ: Ուկրաինական «Rada» հեռուստաալիքը հայտնում է, որ ուկրաինական պատվիրակությունը մնացել է Էր Ռիադում՝ սպասելու Ռուսաստան–ԱՄՆ բանակցությունների արդյունքներին:
Պատվիրակությունների կազմը
Ռուսական պատվիրակությունը գլխավորում են Ռուսատանի նախկին փոխարտգործնախարար, Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը և Անվտանգության դաշնային ծառայության տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդան։ ԱՄՆ պատվիրակության կազմում են Պետդեպարտամենտի քաղաքականության պլանավորման տնօրեն Մայքլ Էնթոնը, ինչպես նաև Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի օգնականները և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը:
Ուկրիանական կողմից բանակցություներին մասնակցել են Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, նրա տեղակալ Պավել Պալիսան, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը:
Մամուլի արձագանքը
Միջազգային լրատվամիջոցները շեշտում են, որ Էր Ռիադի բանակցությունները կարող են կանխորոշել ոչ միայն Ուկրաինայի, այլև ողջ տարածաշրջանի ռազմաքաղաքական հավասարակշռությունը։ Սաուդյան Արաբիայում ընթացող այս բանակցությունները կարող են շրջադարձային լինել ոչ միայն պատերազմը դադարեցնելու, այլև աշխարհաքաղաքական հետագա փոփոխությունների հարցում։




