
Վրացական ֆուտբոլի հաջողությունը դրական ազդակ է Հայաստանի հավաքականի համար, ասում են հայ և վրացի ֆուտբոլասերները, որ երեկ Թբիլիսիում ականատես եղան երկու երկրների հավաքականների խաղին։
«Ես վստահ էի, որ վրացական հավաքականը կհաղթի, սակայն դա չի նշանակում, թե Հայաստանը չի կարող դա անել։ Մենք դարավոր բարեկամ երկրներ ենք, որ միշտ հավասարապես մրցել ենք, բայց և իրապես բարեկամական խաղ ցույց տվել»,-ասում է վրացի ֆուտբոլասերը։
Վրացիների խոշոր՝ 6:1 հաշվով հաղթանակն օրինակ է փոքր երկրները համար, թե ինչպես կարելի է բարձր ցուցանիշի հասնել ֆուտբոլում։
Այս հաղթանակով Վրաստանը պահպանեց իր տեղը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի B դիվիզիոնում, իսկ Հայաստանը կշարունակի մրցել C դիվիզիոնում։
Իրար հետևից հայկական հավաքականի պարտությունը չի նշանակում, թե հայերը չեն կարող, վստահեցնում են Հայաստանից Վրաստան ժամանած հայ ֆուտբոլասերները․ «Հայ ֆուտբոլիստներին ժամանակ է պետք»։
Վրացական ֆուտբոլն իր զարգացման ակտիվ շրջանում է․ անցյալ տարի անկախ Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ հասավ ֆուտբոլի Եվրոպայի առջնություն՝ աննախադեպ ցնծություն պարգևելով ողջ ժողովրդին։ Կարճ ասած՝ վրացիներն ուղղակի սիրում են ֆուտբոլ, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է վրացի ֆուտբոլային մեկնաբան Գիոգի Դարջանիան․

«Վրացական ֆուտբոլում բոլորովին նոր սերունդ է։ Այս ֆուտբոլիստները մանկուց են խաղում։ Գրեթե բոլորը հանդես են գալիս Եվրոպայում։ Կվարացխելիան, երբ խաղում էր Ռուսաստանում, նրա մասին ոչ ոք չգիտեր: Այժմ նա հայտնի է Եվրոպայում»։
Իսկ երիտասարդ կիսապաշտպան Գիորգի Մամարդաշվիլին արդեն աշխարհի լավագույն դարպասահպահների տասնյակում է։ Նա ի դեպ, խաղի ավարտին շտապեց հայ կիսապաշտպանին իր աջակցությունը հայտնելու։
Այս պահին Վրաստանի ֆուտբոլի հավաքականը հետխորհրդային երկրներում ուժեղներից մեկն է դառնում, ասում են ֆուտբոլային մասնագետները՝ նշելով, որ սա տարիների աշխատասիրության, ֆուտբոլի հանդեպ վրացիների սիրո արդյունք է։ Եւ այսօր վրացական ֆուտբոլի հաջողությունը վարակիչ է դարձել Վրաստանի դպրոցներում․ «Մենք մեկս մյուսի ստիմուլ ենք հաղորդում՝ Հայաստանը ևս կարող է։ Դա միշտ այդպես է եղել․․․»։
Վերջին շրջանում հայերը բարի նախանձով են նայում վրացական ֆուտբոլի հաջողությանը, շատերը վստահ են՝ վրացիների հաղթանակը այն մասին է, որ հայերը ևս կարող են։
Ֆուտբոլի հայ երկրպագուները վստահ են՝ վրացական ֆուտբոլի հաջողության մեջ ոչինչ պատահական չէ․ տասը տարվա համակարգված աշխատանքն է բերել է նման արդյունքի։ Ասում են․ «Հայկական ֆուտբոլին հայտնագործություն պետք չէ այսօր։ Ուղղակի պետք է լավ փորձը կիրառել․ ի վերջո հայերը վրացիներից պակաս չեն սիրում ֆուտբոլ»։




