Կիրակի օրը Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակնօրյա իր աղոթքում ցավ է հայտնել Գազայում շարունակվող ռմբակոծությունների կապակցությամբ եւ ուրախություն՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի վերջնական ձևավորման շուրջ համաձայնության հասնելու կապակցությամբ, գրում է vaticannews-ը։
«Ուրախ եմ, որ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի վերջնական տարբերակի շուրջ։ Հույս ունեմ, որ այն հնարավորինս շուտ կստորագրվի և կկարողանա նպաստել կայուն խաղաղության հաստատմանը Հարավային Կովկասում»,- նշել է Ֆրանցիսկոս պապը։
Հռոմի քահանայապետը շնորհակալությունն է հայտնել բժիշկներին, առողջապահական ոլորտի աշխատակիցներին և իր համար աղոթողներին։
«Դուք մեծ համբերությամբ և շարունակաբար աղոթում եք ինձ համար։ Շատ շնորհակալ եմ ձեզ։ Ես էլ եմ աղոթում ձեզ համար։ Եկեք միասին խնդրենք, որ վերջ դրվի պատերազմներին և հաստատվի խաղաղություն՝ հատկապես Ուկրաինայում, Պաղեստինում, Իսրայելում, Լիբանանում, Մյանմայում, Սուդանում և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։ Թող Սուրբ Կույս Մարիամը պահպանի մեզ և շարունակի մեզ ուղեկցել Սուրբ Զատիկ տանող ճանապարհին»,- ասված է Ֆրանցիսկոս պապի կիրակնօրյա աղոթքում։




