
ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը մեկ օրում վաճառել է 1000 «ոսկե քարտ»՝ հայտարարել է առևտրի նախարար Հովարդ Լաթնիկը All-In podcast-ին տված հարցազրույցում։
«Ի դեպ, երեկ ես վաճառել եմ 1000 քարտ»,- ասել է նախարարը։
«Աշխարհում կա 37 միլիոն մարդ, որոնք կարող են գնել այդ քարտը: Նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ մենք կկարողանանք մեկ միլիոն այդպիսի քարտ վաճառել», — հավելել է նա:
Մեկ «ոսկե քարտի» արժեքը 5 միլիոն դոլար է։ Այդպիսով, առևտրի նախարարությունը կարողացել է վաստակել 5 միլիարդ դոլար։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները մեծահարուստ օտարերկրացիներին կվաճառի «ոսկե քարտեր», որոնք ԱՄՆ-ում ապրելու և աշխատելու իրավունք կտան և ճանապարհ կբացեն դեպի ամերիկյան քաղաքացիություն։
Քարտի վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի ԱՄՆ-ի պետական պարտքի մարմանը, որը գերազանցում է 36 տրիլիոն դոլարը։ Ոսկե քարտը կփոխարինի կառավարության EB-5 ներգաղթային վիզաների ծրագրին:




