
Իսրայելական հրետանին և օդուժը շաբաթ օրը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավին։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հարվածների հետևանքով զոհվել է երկու մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, ևս ութը վիրավորվել են:
Ավելի վաղ իսրայելական զինվորականները 2024 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ արձանագրել էին երկրի հրթիռակոծում Լիբանանի տարածքից։ ՀՕՊ համակարգը որսացել էր սահմանամերձ Մետուլա քաղաքի ուղղությամբ արձակված երեք հրթիռ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել էր զինվորականներին «վճռականորեն գործել Լիբանանում ահաբեկչական տասնյակ թիրախների դեմ»։
Լիբանանի ամենամեծ զինված խմբավորումը՝ Հեզբոլլահը, հայտարարել է, որ Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռների հետ իրենք որևէ կապ չունեն՝ վստահեցնելով, որ հավատարիմ են մնում հրադադարի համաձայնագրին, որը հարաբերական անդորր է բերել Լիբանանին:
«Հզբոլլահը» Իսրայելին մեղադրել է Լիբանանի նկատմամբ սեփական թշնամական գործողություններն արդարացնելու փորձերի մեջ:
Լիբանանի ուղղությամբ հարվածներն իրականացվել են այն բանից հետո, երբ Իսրայելը, խախտելով հրադադարը, Գազայի հատվածում վերսկսել է իր հարձակումը ՀԱՄԱՍ-ի դեմ:
Լիբանանի վարչապետ Նաուաֆ Սալամը զգուշացրել է, որ Իսրայելի տարածքի գնդակոծության վերսկսումը կարող է հանգեցնել նոր ավերիչ պատերազմի։
Սալամը Հանրապետության պաշտպանության նախարար Միշել Մենասեին հանձնարարել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հարավային սահմանի անվտանգությունն ապահովելու համար։




