
Լիբանանի վարչապետ Նաուաֆ Սալամը զգուշացրել է, որ Իսրայելի տարածքի գնդակոծության վերսկսումը կարող է հանգեցնել նոր ավերիչ պատերազմի։
«Հարավային սահմանին ռազմական գործողությունների վերսկսումը սպառնում է երկիրը ներքաշել նոր պատերազմի մեջ, որը աղետ կբերի Լիբանանին և լիբանանցիներին», — մեկնաբանելով հարավային Լիբանանից Իսրայելի հյուսիսում գտնվող Մետուլա շրջանի ուղղությամբ երեք հրթիռների արձակումը՝ ասել է վարչապետը, որի խոսքերը մեջբերում է կառավարության մամուլի ծառայությունը X-ում։
Սալամը Հանրապետության պաշտպանության նախարար Միշել Մենասեին հանձնարարել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հարավային սահմանի անվտանգությունն ապահովելու համար։ Նա ընդգծել է, որ «միայն պետությունն իրավունք ունի որոշումներ կայացնել պատերազմի եւ խաղաղության մասին»։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը մեղադրել է Լիբանանի կառավարությանը Իսրայելի տարածքի գնդակոծման համար և սպառնացել պատասխան քայլերով։ Նա ասել է, որ հանձնարարել է իսրայելական բանակին «պատասխան տալ»:
Ավելի վաղ իսրայելական զինվորականները 2024 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ արձանագրել էին երկրի հրթիռակոծում Լիբանանի տարածքից։ ՀՕՊ համակարգը որսացել էր սահմանամերձ Մետուլա քաղաքի ուղղությամբ արձակված երեք հրթիռ։




