
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կտրականապես հերքել է իր դեմ առաջադրված մեղադրանքները։ Նա մեղադրվում է կոռուպցիայի և ահաբեկիչների հետ համագործակցության մեջ։ Սպասվում է, որ Իմամօղլուն այսօր կկանգնի դատարանի առաջ։
Մարտի 19-ին ընդդիմադիր քաղաքապետի ձերբակալությունից հետո, չնայած իշխանությունների արգելքին, Թուրքիայի խոշոր քաղաքներում ցույցեր են տեղի ունենում։
Ընդդիմության տվյալներով՝ անցած գիշեր Ստամբուլում հավաքվել է մոտ 300 հազար մարդ։ Նրանք քարեր, շշեր, ճայթրուկներ են նետել ոստիկանների ուղղությամբ։ Իրավապահ մարմիններին հանձնարարվել է գործել առավելագույն զսպվածությամբ, սակայն մահակներ, արցունքաբեր գազ և ջրցան է կիրառվել ցուցարարների նկատմամբ։
Շատերը կարծում են, որ Իմամօղլուի ձերբակալությունը քաղաքական դրդապատճառներ ունի․ Էքրեմ Իմամօղլուն համարվում է 2028 թվականի Թուրքիայի նախագահական ընտրությունների գլխավոր ընդդիմադիր թեկնածուն և Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը։
Էրդողանը ստեղծված իրավիճակը ընդդիմության կողմից ուշադրությունը սեփական խնդիրներից շեղելու փորձ է անվանել և հայտարարել, որ դատարանները Թուրքիայում գործում են «ազատ և անկախ»։
Վերլուծաբանները կարծում են, որ Իմամօղլուն կարող է պաշտոնանկ արվել, եթե նրան պաշտոնապես մեղադրեն արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ կապերի մեջ, որը Թուրքիայի, ԵՄ-ի և նրա արևմտյան դաշնակիցների կողմից ներառված է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում:




