
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԵՄ դիտորդների ներկայությունը ՀՀ-Ադրբեջան սահմանին կազմակերպվել է ՀՀ կառավարության, մասնավորապես իր կողմից ներկայացված հրավերով՝ ի նպաստ խաղաղության և կայունության:
«Մեր նպատակը եղել և մնում է՝ ԵՄ դիտորդներին դիտարկել որպես կայունության և խաղաղության գործոն։ Եթե ստորագրվի խաղաղության համաձայնագիրը, կունենանք ինստիտուցիոնալ խաղաղություն և կայունություն։ Եվ այդ պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո ԵՄ դիտորդներին նեղություն կարելի է չտալ կամ պակաս նեղություն տալ» ,- ասել է վարչապետը և ընդգծել, որ ԵՄ դիտորդների մասով դեռ որոշում չկա:
Փաշինյանը շեշտել է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո է նախատեսվում երրորդ կողմերի ներկայության դրույթի ուժի մեջ մտնելը, սակայն մինչ այդ ԵՄ դիտորդներն իրենց աշխատանքը կարող են շարունակել։ Նա հավելել է, որ երրորդ երկրների ներկայացուցիչների ներկայությունը ՀՀ-ում կախված է ՀՀ ինքնիշխան որոշումներից։
Ինչ վերաբերում է միջազգային ատյաններում ընթացող միջպետական հայցերին, վարչապետը նշել է, որ դրանց նպատակը նույնպես խաղաղություն ու կայունություն հաստատելն է, և եթե խաղաղությունը իրականանում է, ապա պետք է շարժվել այդ տրամաբանության շրջանակում։
«Եվ հարցը հետևյալն է. այդ հայցերը ինչի՞ համար են։ Մեծ հաշվով՝ խաղաղություն և կայունություն հաստատելու համար։ Կամ՝ խաղաղություն և կայունություն հաստատելու ճանապարհին խնդրահարույց գործոնները հասցեագրելու և լուծելու համար։ Եթե կա խաղաղություն, ուրեմն պետք է հենվել խաղաղության տրամաբանության վրա։ Նկատի ունեմ՝ երբեմն մենք նպատակը և միջոցը խառնում ենք իրար։ Մենք երբեմն խառնում ենք նպատակը և միջոցը։ Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է աջակցենք հենց խաղաղությանը։ Այսինքն շատ տարօրինակ կլիներ հրաժարվել նպատակից և նախընտրել միջոցը»,- ասել է նա։




