
Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցումից հետո կողմերի միջև քննարկումներ և խորհրդակցություններ դեռ չեն սկսվել, թեև հայկական կողմը մի քանի անգամ նման առաջարկով դիմել է պաշտոնական Բաքվին։ Փոխարենը՝ մի քանի օր է, ինչ քննարկվում է Ադրբեջանի նախաձեռնած ապատեղեկատվական արշավը։
Երևանի և Բաքվի միջև օրը մի քանի անգամ տարածվող հայտարարություններին զուգահեռ՝ միջազգային հարթակներում քննարկումներ են ընթանում։ Այնտեղ, սակայն, քննարկում են ոչ թե ապատեղեկատվությունը, այլ սպասում են խոստացված խաղաղությանը։ Միջազգային հարթակներում այս մասին խոսել են նաև հայ պաշտոնյաները։
Միաժամանակ Բրյուսելում, Ստրասբուրգում և միջազգային մի շարք այլ հարթակներում վերջին օրերին հստակորեն ներկայացվում է խաղաղության հասնելուն միտված փաստաթուղթը ստորագրելու շուրջ պաշտոնական Երևանի դիրքորոշումը։ Հայ պաշտոնյաները խոսել են Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագրի համաձայնեցումից, ստորագրման ձգձգումից և Ադրբեջանի նախաձեռնած ապատեղեկատվական արշավից։
ԵԽ Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տարբեր երկրների իր պաշտոնակիցների հետ առանձին հանդիպումներում խոսել է այս բոլոր խնդիրների մասին։ Իսկ համաժողովի ժամանակ նա հայտարարել է․
«Ես մտահոգված եմ Ադրբեջանի վերջին կեղծ հայտարարություններով՝ Հայաստանի իբր ռազմական գործողությունների մասին, որոնք լարում են իրավիճակը սահմանին: Այս համատեքստում մենք ընդգծում ենք վստահության ամրապնդման միջոցների կարևորությունը, ինչպիսիք են՝ ԵՄ քաղաքացիական առաքելությունը և սպառազինության վերահսկման մեխանիզմները: Լուծում պահանջող հարցերի մեծ մասը կա՛մ արդեն ներառված է համաձայնագրում, կա՛մ կարգավորվում է դրա շրջանակում նախատեսված աշխատանքային խմբի միջոցով: Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ համաձայնեցնելու պայմանագրի ստորագրման ժամկետներն ու վայրը: Հույս ունենք, որ Ադրբեջանը նույնպես ցանկություն ունի թևակոխելու նոր դարաշրջան»:

Ալեն Սիմոնյանը Ստրասբուրգում հիշեցրել է, որ շարունակում են չլուծված մնալ հումանիտար խնդիրները: ԱԺ նախագահն առաջնահերթ խնդիր է համարել գերիների անհապաղ ազատ արձակումը և ընդգծել, որ Ադրբեջանում հայ ռազմագերիները և քաղաքացիական անձինք երկարատև կալանքի, անմարդկային վերաբերմունքի են ենթարկվել, իսկ Բաքվում նրանց դատավարությունները Սիմոնյանը որակել է շինծու։
Խաղաղության օրակարգին և գործընթացին անդրադարձել է նաև Բելգիայում Հայաստանի դեսպան և ԵՄ-ում ՀՀ ներկայացուցիչ Տիգրան Բալայանը։ Արևելյան գործընկերության բարձր մակարդակի պաշտոնյաների հանդիպման ժամանակ Բրյուսելում քննարկվել է Արևելյան գործընկերության 2025-2027 թվականների աշխատանքային ծրագրի նախագիծը։ Բալայանն ընդգծել է․
«Հայաստանը համոզված է, որ ժամանակն է դադարեցնելու տարածաշրջանային հակամարտությունները և հաստատելու խաղաղ համակեցություն ապագա սերունդների համար։ ԵՄ-ն կարող է օգտագործել իր փափուկ ուժը՝ ապահովելու, որ տարածաշրջանային ծրագրերը ներառական լինեն և չբացառեն որևէ երկիր։ Օրինակ՝ Սևծովյան ստորջրյա մալուխի նախագիծը, որը կարող է դառնալ տարածաշրջանային համագործակցության նոր հարթակ։ Փոխկապակցվածության հարցերը շարունակում են մնալ օրակարգի առաջնային կետերից։ Այս համատեքստում Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը հիմնված է ինքնիշխանության, անվտանգության, փոխադարձության և հավասարության սկզբունքների վրա, կարող է առանցքային դեր խաղալ տարածաշրջանային կապերի և գործակցության ամրապնդման հարցում»։

Նախորդիվ հայկական կողմի՝ խաղաղությանը միտված քայլերի մասին Բրազիլիայում խոսել է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Շտապելով հակադարձել՝ Ադրբեջանի արտգործնախարարությունը տարածել է, որ համաձայն չէ հայ պաշտոնյաների ձևակերպումներին։ Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ իր ջանքերի արդյունքն է համարում խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը։ Բայց Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեի հայտարարության մեջ չկա հիմնավորում, թե ինչու է այդ դեպքում հենց Բաքուն ձգձգում փաստաթղթի ստորագրումը։
Հայաստանի արտգործնախարարը հայտարարել էր, որ Ադրբեջանը չի արձագանքել ո՛չ հաղորդակցության, ո՛չ էլ սպառազինության վերահսկման մեխանիզմների վերաբերյալ հայկական առաջարկներին։ Մինչդեռ սա հերքելու նպատակով Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ չկա որևէ հիմնավորում, թե ինչու են հայկական կողմի այդ առաջարկները ևս մնացել անպատասխան։
Իսկ արդեն Ստրասբուրգում Ալեն Սիմոնյանը եվրոպական երկրների խորհրդարանների ղեկավարների ուշադրությունը հրավիրել էր աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում առաջ տարվող քաղաքականության վրա․
«Քաոսը թաքնված է երկդիմի հռետորաբանության մշուշում: Փաստը կեղծիք է, դաշնակիցը՝ թշնամի, զոհը՝ ագրեսոր, ճշմարտությունը՝ խաբկանք, անմեղը՝ մեղավոր: Այնքան թանկ բաներ են վերածվել մոխրի: Լիբերալիզմի հենասյուները ճեղքվում են, իսկ ազատության սրբազան կրակը մարում է: Ժողովրդավարությունը վտանգված է»:

Վերջին օրերի ապատեղեկատվական արշավը և ստորագրումը ձգձգելու Ադրբեջանի կեցվածքը Հայաստանի ընդդիմությունը գնահատում է որպես Երևանից նոր զիջումներ կորզելու փորձեր։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան․
«Ադրբեջանն անընդհատ ընդլայնել է այն պահանջները, որոնք այսօր էլ կախված են Հայաստանի գլխին։ Հիմա տեղի է ունենում շանտաժի քաղաքականություն։ Ադրբեջանը փորձում է պատերազմի խաղաքարտն օգտագործել, վախ առաջացնել հանրության մեջ։ Այս շանտաժի գործոնն այսօր Ադրբեջանը կիրառում է հաջորդ համախումբ պահանջների կատարմանը հասնելու համար»։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը համոզված է, որ այս պարագայում միջազգային հանրությանը մոլորեցնել այլևս հնարավոր չէ։ Ասում է, որ բոլորին է արդեն հայտնի, որ Հայաստանը պատերազմելու և կրակելու մտադրություն չունի․

«Ես կարծում եմ, որ միջազգային հանրությունը շատ լավ տեսնում է, որ այս հայտարարությունները բացարձակապես սուտ են։ Կարծում եմ, որ Ադրբեջանը խուսափում է պայմանագիր ստորագրելուց։ Ուղղակի որևէ խելամիտ տրամաբանություն չկա, թե ինչու են նրանք ձգձգում այդ պայմանագրի ստորագրումը։ Եթե ընդունել են, որ բոլոր կետերով համաձայնեցված է այդ պայմանագիրը, ինչո՞ւ չեն ստորագրում։ Եթե չեն ստորագրում, ուրեմն իրենք ապակայունացնող գուցե և այլ նպատակներ ունեն, և այդ նպատակներն արդեն տեսանելի են ամբողջ աշխարհի համար, և չեմ կարծում, որ Ադրբեջանը կարող է դրանով հեռու գնալ»։
Իշխանական պատգամավորի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն այլընտրանք չունի այս տարածաշրջանում, հետևաբար Արմեն Խաչատրյանը համոզված է, որ Հայաստանը չի շեղվի խաղաղության հասնելու իր նպատակադրումից։




