
Մարտի 21-ը, 22-ն ու 23-ը համաշխարհային տոնացույցում նշվում են որպես անտառների, ջրի ու հիդրոօդերևութաբանության միջազգային օրեր։ Հենց այս կապակցությամբ Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը միջազգային գիտաժողով է կազմակերպել։ Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի մասնագետները մայր բուհում քննարկելու են փոփոխվող կլիմայի և գլոբալ տաքացման պայմաններում հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի հիմնախնդիրները։ Գիտաժողովը կտևի 3 օր, մասնագետները հանդես կգան շուրջ 6 տասնյակ զեկուցումներով։
Վերջին տասնամյակում Սևանա լիճ լցվող գետերից և ոչ մեկը չի սառցապատվել․ սա կլիմայի փոփոխության ու գլոբալ տաքացման հետևանք է՝ ասում է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ընդհանուր աշխարհագրության ամբիոնի հայցորդ Հովակիմ Ֆրունզիկյանը։ Նա ուսումնասիրել է լիճը լցվող 29 գետերից 12-ը և պարզել, որ գետերի չսառցակալելը տարբեր բացասական ազդեցություններ է ունենում Սևանա լճի վրա։
«Առհասարակ կլիմայի ազդեցությունը շատ մեծ է շրջակա միջավայրի վրա, թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում։ Առաջին հերթին դա ազդում է գետերի վարարումների վրա․ ձյան շերտի հաստության նվազումից հետո ձնհալը քիչ է լինում, հետևաբար կրճատվում է գետերի վարարման շրջանը, որոշ գետեր ընդհանրապես չեն վարարում, ինչի հետևանքով էլ ջրամբարները լրիվ չեն լցվում»,-ասում է Ֆրունզիկյանը։
Գարնանային վարարումները նաև, այսպես ասենք, սանիտարական նշանակություն ունեն։ Վարար գետը մաքրում է իր ափերը, և հետևաբար ավելի մաքուր ջուր է հասնում Սևանա լիճ։ Իսկ հիմա այս գետերում միայն ափասառույց կամ եզրասառույց է նկատվում՝ բացատրում է Հովակիմ Ֆրունզիկյանը։ Նա նշում է, որ այս դիտանկյունից կլիմայի փոփոխությունները քիչ են ուսումնասիրված, և դեռ բացահայտելու շատ բան կա։
«Պետք է շարունակական ուսումնասիրություններ կատարել, ինչի համար լրացուցիչ դրամական միջոցներ են պետք, որ կարողանանք ուսումնասիրությունները հենց տեղում անել, բացահայտել այն նորմաներն ու շեղումները, որոնք դեռ լիարժեք ուսումնասիրված չեն»։
Այս ուսումնասիրությունը Երևանի պետական համալսարանում կազմակերպված «Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի արդի հիմնախնդիրները փոփոխվող կլիմայի պայմաններում» խորագրով միջազգային գիտաժողովին ներկայացվող զեկուցումներից մեկն է։
Գրեթե ամեն տարի մայր բուհում ջրի, անտառների և հիդրոօթերևութաբանության միջազգային օրերին նվիրված նման գիտաժողովներ են կազմակերպվում։ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ընդհանուր աշխարհագրության ամբիոնի դոցենտ, գիտաժողովի համակարգող Վարդուհի Մարգարյանն ասում է՝ գիտաժողովին տարբեր երկրներից, այդ թվում՝ Հայաստանից շուրջ 60 զեկուցում կներկայացվի։
«Հատկապես Ռուսաստանից ունենք մոտ 15 մասնակից, տարբեր մասնագետներ՝ ջրաբան, կլիմայագետ, օդերևութաբան, հողագետ, անտառագետ և այլն, նույնիսկ Յակուտսկից ունենք մասնակից, որ բավական երկար ճանապարհ է կտրել ու եկել մասնակցում է։ Ունենք նաև Ֆրանսիայից ու Գերմանիայից մասնակիցներ»,-ասում է գիտաժողովի համակարգողը։
Ներկայացվող զեկուցումների առանցքում կլիմայի ազդեցությունն է ջրային օբյեկտների՝ գետերի, լճերի, ծովերի վրա։ Կազմակերպիչները նշում են, որ քննարկվող թեմաները բավական ընդգրկուն են, իսկ ամեն օր փոփոխվող կլիմայի պարագայում ուսումնասիրելու դեռ շատ բան կա։
«Ես նախատեսել եմ նաև որոշակի միջոցառումներ, կլոր սեղան քննարկումներ, գիտաժողովներ, սեմիներներ, որպեսզի մեր կատարած ուսումնասիրությունները ներկայացնենք նաև հանրությանը։ Այդ ուսումնասիրությունները վերաբերում են հիմնականում սառցային երևույթներին, ջրային օբյեկտներին, որոնք, կլիմայի փոփոխության հետ կապված, շատ փոփոխությունների են ենթարկվել»,-ասում է Մարգարյանը։
2013 թ-ից մարտի 21-ը նշվում է որպես Անտառի միջազգային օր։ Իսկ 1993 թ–ից մարտի 22-ին նշվում են Ջրի միջազգային օրն ու Ջրաբանի մասնագիտական տոնը։ Մարտի 23-ն էլ Համաշխարհային օդերևութաբանության օրն է․ հենց այդ օրն է ընդունվել Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կոնվենցիան։ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը նկատում է, որ այսպիսի օրերն ու միջոցառումները լավ առիթ են կարծիքներ փոխանակելու և կլիմայի գլոբալ փոփոխության դեմ համատեղ պայքարի ուղիներ նախանշելու համար։
«Եղանակի ու կլիմայի կանխատեսումներն օգնում են մեծացնելու սննդի արտադրության ծավալներն ու ավելի մոտենալու սովի վերացմանը։ Համաճարակաբանական և կլիմայական տեղեկատվության ինտեգրումն օգնում է հասկանալու և վերահսկելու այն հիվանդությունները, որոնք զգայուն են կլիմայի փոփոխության նկատմամբ։ Իսկ վաղ նախազգուշացման մեխանիզմներն օգնում են նվազեցնելու աղքատությունը՝ հնարավորություն տալով մարդկանց պատրաստվելու եղանակային էքստրեմալ երևույթներին և սահմանափակելու դրանց ազդեցությունը»։
Վերջին մի քանի տասնամյակում նկատվում է տարերային աղետների հաճախականության կտրուկ աճ։ Դրանց մոտ 90 տոկոսն ունի եղանակային, կլիմայական ծագում։ Նման իրավիճակներն ուսումնասիրելու և դրանց դեմ պայքարելու համար կարիք կա որակյալ մասնագետների՝ ջրօդերևութաբանների և հիդրոօդերևութաբանների։ Իսկ այդ մասնագետները Հայաստանում պատրաստվում են միայն ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում՝ արձանագրում է դեկանը։




