Մութ էներգիայի խորհրդավոր ուժը, որը տիեզերքին ստիպում է ընդլայնվել, կարծես թե այնպիսի փոփոխություններ է կրում, որ հարցականի տակ է դնում ժամանակի եւ տարածության ներկա հասկացությունները, գիտական նոր բացահայտման մասին է գրում BBC-ին։
Գիտնականների մի մասը կարծում է, որ գիտությունը գտնվում է աստղագիտական խոշորագույն հայտնագործության նախաշեմին: Ենթադրվում է, որ այս հայտնագործությունը կարող է փոփոխել տիեզերքի կառուցվածքի վերաբերյալ առկա տեսությունը, որը հիմնված է Ալբերտ Էյնշտեյնի հարաբերականության տեսության վրա:
Այս եզրակացությունը հաստատելու համար անհրաժեշտ են ավելի շատ տվյալներ, սակայն Լոնդոնի համալսարանական քոլեջի պրոֆեսոր Օֆեր Լահավն ասում է, որ կարող ենք տիեզերքի պատկերացումների ներկա պարադիգմի փոփոխության ականատեսը լինել:
1998-ին մութ էներգիայի հայտնաբերումը գիտական ցնցում առաջացրեց։ Մինչ այդ, գիտնականները կարծում էին, որ տիեզերքի ընդլայնումը շարունակվում է մեծ պայթյունից՝ այսինքն տիեզերքի ծննդյան օրվանից, բայց ընդլայնումը պետք է դանդաղի գրավիտացիայի ազդեցության տակ։
Սակայն ամերիկացի եւ ավստրալացի գիտնականների դիտարկումները ցույց էին տվել, որ ընդհակառակը՝ ընդլայնումն արագանում է:
Նրանք չգիտեին, թե ինչ ուժ է ազդում այս երեւույթին վրա, ուստի ժամանակին այն անվանեցին մութ էներգիա։




