ԿարևորՄիջազգային

Այն մեզ ոչ մի օգուտ չի բերում. Թրամփը սկսել է ԱՄՆ կրթության նախարարության լուծարման գործընթացը

Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով սկիզբ է դնում ԱՄՆ կրթության նախարարության լուծարման գործընթացին։ Սա նրա նախընտրական խոստումներից մեկն է։

Հրամանագիրը ստորագրվել է Սպիտակ տանը տեղի ունեցած արարողության ժամանակ, որին մասնակցել են նահանգապետեր, ​​կրթության ոլորտի պաշտոնյաներ և դպրոցականներ:

Օվալաձև աշխատասենյակում կառուցվել է մի ամբողջ դասասենյակ՝ Թրամփի համար առանձին գրասեղանով։

«Մենք պատրաստվում ենք փակել այն որքան հնարավոր է շուտ։ Այն մեզ ոչ մի օգուտ չի բերում»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը, ինչպես հանրապետականների մեծ մասը, երկար ժամանակ կոչ է անում փակել գերատեսչությունը, սակայն դրա ամբողջական լուծարման համար կպահանջվի Կոնգրեսի հավանությունը:

Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն ավելի շատ գումար է ծախսում կրթության վրա, քան աշխարհի ցանկացած այլ երկիր, սակայն ամերիկացի աշակերտների առաջադիմությունը շատ ցածր է:

«Չնայած կրթության նախարարությունը ոչ մեկին չի կրթում, այն ունի 80-ից ավելի աշխատակիցներով հասարակայնության հետ կապերի բաժին, որի համար տարեկան ծախսվում է ավելի քան 10 միլիոն դոլար։ Կրթության նախարարության լուծարումը երեխաներին և նրանց ընտանիքներին հնարավորություն կտա դուրս գալ մի համակարգից, որն իրեն չի արդարացնում»,- ասվում է հրամանագրում։

Եթե անգամ նախարարությունը պաշտոնապես չլուծարվի, Թրամփի վարչակազմը կարող է կրճատել գերատեսչության ֆինանսավորումն ու անձնակազմը, ինչպես դա արեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) պարագայում:

Կարդացեք նաև

Back to top button