
Անցած 5 օրերին Ադրբեջանի ՊՆ–ն պարբերաբար հայտարարել է, որ հայկական կողմը խախտել է հրադադարը։ Բաքվի հայտարարությունները հերքել են ոչ միայն Հայաստանի պաշտպանության նախարարությունը, այլև սահմանի երկայնքով պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդական առաքելությունը։ Հայաստանի խորհրդարանում և կառավարությունում այսօր խոսել են սահմանային հնարավոր լարվածության մասին։ Անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանի օրակարգում միայն խաղաղությունն է, բայց սա չի նշանակում, որ հակառակորդի հարձակման դեպքում բանակը չի պաշտպանի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը սկսվում է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան վերջին գրառումներից մեկի քննարկումով։ Վարչապետը գրել էր, որ իր հանձնարարականը պաշտպանության նախարարությանը հստակ է՝ հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը գտնում է, որ այդ գրառումով վարչապետն անհարմար դրության մեջ է դրել զինված ուժերին․
«ՊՆ-ն պարբերաբար շեշտել է պատրաստակամությունը՝ սահմանում հրադադարի ռեժիմի վերահսկողության և այլ բոլոր գոծողություններն անելու համար։ Մեկ անգամ ևս Նիկոլ Փաշինյանը շեշտելով, որ հանձնարարել է ՊՆ-ին պահպանել զինադադարի ռեժիմը, կարծում եմ՝ շատ անհարմար վիճակի մեջ է դրել մեր զինված ուժերին»։
Հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը վարչապետի գրառումն այլ կերպ է ընկալել․
«Զինված ուժերը միշտ պատրաստ են, եթե հակառակորդը գործողություններ իրականացնի, հակահարված տալու։ Խոսքը դրա մասին չէ, խոսքը այն մասին է, որ երբևիցե մենք սադրանքների չենք ենթարկվելու և դա շատ բնական է։ Որովհետև շատ ավելի մեծ նպատակ ունենք մեր առաջ և այդ նպատակին հասնելու համար գուցե պետք է մի քիչ էլ նման զսպվածության կոչերը դնենք սեղանին, բայց դա չի նշանակում որ զինված ուժերը կարող են իրենց պարտականություններում թերանալ»։
Որ բանակը պատրաստ է պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, համոզված է նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Լրագրողների հետ զրույցում նա ճշտում է՝ պաշտպանության նախարության հանձնարարականը կայունություն պահպանելն է, բայց դա չի նշանակում, որ հակառակորդի հարձակման դեպքում քայլեր չեն ձեռնարկվի․
«Բնականաբար, ՊՆ-ն Հայաստանի հանրապետությունը պաշտպանելու է, էդտեղ որևէ հարց չկա։ Եթե հարձակվեն, պաշտպանելու ենք Հայաստանի տարածքը»։

Վերջին հինգ օրերին Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարությունները մեկ տասնյակից ավելի հայտարարություններ են արել հրադադարի ռեժիմի վերաբերյալ։ Ադրբեջանական կողմի պնդումները, թե իբր հայկական կողմը խախտում է հրադադարը, հերքում է ոչ միայն Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը, այլև սահմանի երկայնքոցվ պարեկություն անող ԵՄ դիտորդական առաքելությունը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երկու օր առաջ խորհրդարանում հայտարարել էր, որ այս պահին էսկալացիայի վտանգ չի տեսնում․
«էդ միտումը հաշվի առնելով, որ իրենք մշտապես այդ աշխատելաոճը կիրառել են, սկզբից հայտարարել են, որ հայերն են կրակում և այլն, և իրենք ստիպված են պատասխան տալու։ Դա իրենց մշտական ոճն է, բայց չեմ կարծում, որ այս փուլում նման քայլի կգնան, նոր ենք հայտարարել, որ Խաղաղության համաձայնագիրը համաձայնեցված է» ։
Հայաստանը առաջ է մղում խաղաղության օրակարգը՝ հայտարարում է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ քանի որ Խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է, Հայաստանն այժմ աշխատում է այն ստորագրելու ուղղությամբ․
«Հայաստանի օրակարգում խաղաղությունն է, մենք շարունակելու ենք առաջ մղել խաղաղության օրակարգը և առաջ ենք մղելու այն, որ քանի որ տեքստը այլևս համաձայնեցված է, մենք ստորագրենք այն»։
Հայաստանը ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը հերքելուն զուգահեռ, շարունակում է պնդել, որ պատրաստ է հետաքննելու հրադադարի խախտումները, եթե Ադրբեջանը փաստեր ներկայացնի։ Սակայն, մինչև այս պահը պաշտոնական Բաքուն որևէ փաստ չի փոխանցել հայկական կողմին։




