
Աշխարհն ամեն տարի 0.5 դեցիբելով ավելի աղմկոտ է դառնում։ Մեր շուրջն «աղմկում են» ավտոմեքենաները, շինհրապարակները, սեփական ճաշակն ուրիշներին պարտադրելու հակում ունեցող վարորդներով ավտոմեքենաները, նաև՝ մեր սեփական ականջակալները։ Խնդիրն ահագնացել է՝ ահազանգում է բժշկական համայնքը «Աղմուկի բժշկասոցիալական նշանակությունը» թեմայով հանդիպում-քննարկմանը։ ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ սա մեծագույն ռիսկ է հատկապես երեխաների համար։
«Մեզ համար այսօր շատ կարևոր է հասկանալ, թե աղմուկի ազդեցությունը ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ մասնավորապես երեխաների առողջության վրա, հոգեկան առողջության վրա, տարեցների սոմատիկ առողջության, զարկերակային ճնշման, սրտի աշխատանքի վրա, և առհասարակ սթրեսային իրավիճակները, որոնք ձևավորվում են աղմուկի հետեւանքով։ Կենդանական աշխարհն աղմուկից փախչում է, միայն մարդն է, որ աղմուկից հաճույք է ստանում, իրադարձություններ է կազմակերպում՝ լի այն աղմուկով, որի հետեւանքով առաջանում են ադրենալին, պորտիզոլ, որոնք սթրեսի հորմոններ են, ու երկարատև ազդեցության դեպքում ունենում են իրենց վատ հետևանքները առողջության վրա»։
Միքայելյան համալսարանական հիվանդանոցի քիթ-կոկորդ-ականջաբան, Բժշկական համալսարանի ԼՕՌ հիվանդությունների ամբիոնի դասախոս Արթուր Մինասյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում խոստովանում է՝ ինքն էլ իր ականջի առաջ է մեծագույն մեղքերից մեկը գործում՝ ականջակալ օգտագործելով։ Բայց եթե միջավայրի աղմուկն ականջակալների աղմուկով փոխարինելն անխուսափելի է, ապա անհրաժեշտ է գոնե կրճատել այն կրելու ժամանակը։
«Աղմուկը սթրես է օրգանիզմի համար։ Անդադար լինել աղմուկի մեջ, նշանակում է անընդհատ հյուծել լսողական նյարդը։ Այսինքն՝ այն ավելի ծանրաբեռնված է աշխատում, չի հասցնում հանգստանալ, չի հասցնում վերականգնվել, հյուծվում է, ունենում ենք լսողության կորուստ։ Կարող է հանգեցնել մինչև խլության»։
Մասնագետները հորդորում են առաջնորդվել 3 «60»-ների կանոնով՝
- սահմանափակել օրվա ընթացքում ականջակալներով անցկացրած ժամանակը՝ հասցնելով 60 րոպեի,
- ականջակակներ չօգտագործել քնելուց առնվազն 60 րոպե առաջ,
- թույլ չտալ, որ ականջակալների ձայնի ուժգնությունը գերազանցի 60 դեցիբելը։
Սրանք են ակուստիկ հիգիենայի կանոնները՝ ասում է Արմեն Մուրադյանը։
2020-ին իրականացված ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ 12-35 տարեկան մարդկանց 24 տոկոսն ականջակալներից օգտվում է լսողության համար անապահով պայմաններով։ Իսկ 2022-ին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ամերիկյան կենտրոնի իրականացրած ազգային հետազոտությունները փաստել են, որ 6-19 տարեկանների 12 տոկոսը կամ 5.2 միլիոն երեխա ու դեռահաս լսողության մշտական խանգարում ունի, որն առաջացել է ավելորդ աղմուկի ազդեցությունից։ Արմեն Մուրադյանի խոսքով՝ աղմուկն ազդում է մարդու վրա նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ չի ծնվել։
«Սա հետազոտություն է, որն արվել է օդանավակայանների շրջակայքում ապրող հղիների շրջանում։ Հղիների 17 %-ն ավելի շուտ է ծննդաբերում, նրանք անհաս երեխաներ են ունենում՝ ի տարբերություն նրանց, ովքեր ապրում են ավելի պակաս աղմկովտ հատվածներում։ Արդեն 18 շաբաթականից երեխան սկսում է լսել հիմնականում մոր սրտի բաբախը, օրգանիզմում տեղի ունեցող ֆիզիոլոգիական պրոցեսների ձայները և մեր ձայների 50 %–ը։ Ինչքան այդ ընթացքում ավելի մեղմ և ավելի քնքուշ խոսեն հղիի ներկայությամբ, երեխայի զարգացումն ավելի բնականոն կլինի»։
Սրանք դիտարկումներ են վերահսկելի աղմուկի մասին։ Մենք կարող ենք ընտրել մեր ականջակալից եկող ձայնի բարձրությունը, բայց քաղաքային աղմուկը կառավարող վահանակ ունենալ հնարավոր չէ։ Մասնագիտական հանդիպում-քննարկման ընթացքում Բժշկական համալասարանի ռեկտորը այս հարցը կարգավորող առաջարկներ է ներկայացրել․
«Փաստացի խոսքը վ ճարտարապետական, շինարարական նոր նորմերի մասին է, որոնք պետք է ներկայացվեն համապատասխան մասնագետներին։ Կարծում եմ, որ ազդանշանների վերաբերյալ, իհարկե, պետք է արգելանքներ աշխատեն քաղաքի կենտրոնում և մասնավորապես այն վայրերում, որոնք պահանջում են առանձնահատուկ լռություն։ Խոսքն առաջին հերթին հիվանդանոցային համալիրների, , հանրային վայրերի մասին է»։
Ֆոնային համատարած աղմուկը մարդու վերահսկողությունից դուրս է․ այստեղ պետք է աշխատի օրենքը՝ ասում են մասնագետները։ Բայց անհատական մակարդակում ամեն մարդ կարող է հոգ տանել սեփական լսողության, հոգեկան ու ֆիզիկական առողջության մասին մի պարզ գործողությամբ՝ հանելով ականջակալները։




