ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Բանակցելու պատուհան կա․ փորձագետները հավանական են համարում Վաշինգտոնի ու Թեհրանի միջև երկխոսությունը

ԱՄՆ նախագահի նամակը մի քանի օր առաջ Դոնալդ Թրամփի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը փոխանցել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամեդ բեն Զայեդին։ Վերջինս էլ այն իր բանագնացի միջոցով հանձնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին։ Նամակի բովանդակությունը չի հրապարակվում, սակայն Իրանի արտգործնախարարը հայտարարում է, որ Թեհրանը չի բանակցի սպառնալիքների ու պատժամիջոցների խստացման պայմաններում։ Ավելի վաղ Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեին ևս հայտարարել էր, որ Թեհրանը չի բանակցի ճնշման տակ։

Բոլոր դռները չեն փակվել, բացի այդ կան նաև պատուհաններ, որոնք ԱՄՆ–ին ու Իրանին հնարավորություն են տալիս բանակցելու։ Այսպիսի կարծիք է հայտնում իրանագետ Էմմա Բեգիջանյանը, վերլուծելով Վաշինգտոնի ու Թեհրանի միջև առկա հարցերը լուծելու հնարավոր տարբերակները։

Միջազգային մամուլում տեղեկություններ են հայտնվում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Համենեիին ուղղված նամակում Թեհրանի հետ միջուկային նոր գործարք կնքելու համար երկամսյա ժամկետ է սահմանել։

«Այսպես է՝ ասվել է, որ երկու ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետը հայտնի չէ՝ բանակցությունները սկսվելու՞ց հետո երկու ամիս, նամակը գրվելուց  հետո՞ 2 ամիս, թե՞ նամակը հասցեատերին հասնելուց հետո երկու ամիս։ Այսինքն, հստակ չէ՝ այս երկու ամիսը ինչ է նշանակում։

Իհարկե, մեծ մասամբ փորձագետները այն կարծիքին են, որ ամերիկյան քաղաքականությունն այնպիսին է, որ սկզբից ճնշում է գործադրում, բայց երբ բանակցության սեղանի շուրջ է նստում, ավելի շատ մեղմ, զիջողական կլինի, բայց իրանցիները առայժմ չեն համաձայնվում»։

Թրամփի նամակին արդեն արձագանքել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։ Նա հստակեցրել է, որ Թեհրանը շուտով կպատասխանի ԱՄՆ նախագահին․

«Հստակ է, որ մենք բանակցություններ չենք վարի ճնշումների, սպառնալիքների և պատժամիջոցների ուժեղացման պայմաններում։ Բանակցությունները պետք է ընթանան հավասար պայմաններով։ Թեհրանը Թրամփի նամակին մոտ օրերս պատասխան կուղարկի համապատասխան ուղիներով»:

Թեև Իրանի ԱԳ նախարարը հայտարարում է, որ Թրամփի նամակը սպառնալիքներ է պարունակում, միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը գրեթե համոզված է, որ Թեհրանը կփորձի հարթել իրավիճակն ու հարցերը լուծել բանակցությունների միջոցով։

«Գիտենք, որ Իրանի գերագույն առաջնորդը և բարձրաստիճան  ղեկավարությունը շատ նեգատիվ են անդրադարձել նմանատիպ խոսելաձևին և պահանջկոտ վերաբերմունքին, բայց այդուհանդերձ, նաև դիվանագիտական ողջ գործիքակազմը ի ցույց են դրել, որ ամեն դեպքում նրանք Միացյալ Նահանգների հետ կփորձեն ընդհանուր հայտարարի գալ և այդ սուր ծայրերը կփորձեն ավելի մեղմել, որպեսզի հետագայում այլ խնդիրներ չառաջանան, որովհետև Իրանը իր հերթին նաև ակնարկում էր, որ օր առաջ պետք է հնարավոր պատժամիջոցներից ձերբազատվել ու ավելի կառուցողական լինել»։

ԱՄՆ նախագահ Թրամփը դեռ մարտի 9-ին հայտարարեց, որ ցանկանում է Իրանի հետ միջուկային համաձայնության հասնել, սակայն բանակցություններին հատկացված ժամկետը շուտով կարող է սպառվել:

«Իրանի նկատմամբ երկու մոտեցում կա՝ ռազմական և գործարքի կնքում։ Ես կնախընտրեի գործարքը։ Մենք կարող ենք այնպիսի գործարք կնքել, որը նույնքան լավը կլինի, որքան ռազմական հաղթանակը։ Բայց դրա համար ժամանակը սպառվում է: Այսպես թե այնպես, ինչ-որ բան պետք է տեղի ունենա»,- Fox News-ին ասել էր Թրամփը։

Միջազգային մամուլն, ըստ այդմ, եզրակացնում է, որ եթե Թեհրանը մերժի Վաշինգտոնի առաջարկը և չբանակցի, Իրանի միջուկային օբյեկտների դեմ Միացյալ Նահանգների կամ Իսրայելի կողմից ռազմական գործողությունների հավանականությունը կմեծանա։

Իրանագետ Էմմա Բեգիջանյան․

«Հիշեք՝ երկու տարի տևեց, մինչև որ «5+1» ձևաչափով Իրանի հետ բանակցություններում արդյունք արձանագրվեց։ Իհարկե, այսպես է՝ Իրանը լրիվ չի փակել բանակցությունների հարցը, առայժմ հայտարարում է, որ նախապայմաններով բանակցությունների չի գնալու, բայց պատրաստ է բանակցել Իրանի միջուկային ծրագրի հարցի շուրջ։ Ոչ ոք չի կարող ասել, թե ինչպես կընթանան զարգացումները, բայց հնարավոր է՝ Իսրայելը, ասենք, հարվածի տակ դնի Իրանի միջուկային օբյեկտները։ Այսպիսի զարգացում կարող է լինել»։

Իրանագետը, սակայն, նկատում է, որ ամերիկյան կողմը ոչ միայն Իրանի միջուկային ծրագրի մասին է ակնարկում այլև բալիստիկ հրթիռների, որոնք Թեհրանը համարում է երկրի պաշտպանական համակարգի մասը և չի պատրաստվում քննարկել այդ հարցը Վաշինգտոնի հետ։

Ամեն դեպքում, ոչինչ բացառել չի կարելի, նկատում են փորձագետները։ Էմմա Բեգիջանյանի կարծիքով, եթե իրավիճակը լարվի և բանը հասնի ռազմական գործողություններին, ինչը նա քիչ հավանական է համարում, ապա, ամեն դեպքում, պետք է նկատի ունենալ, որ ԱՄՆ երբեք չի ներքաշվի այդ ռազմական գործողությունների մեջ։ Իրանագետը հնարավոր է համարում, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում Իրանը կարող է հարվածներ հասցնել Ադրբեջանում տեղակայված իսրայելական ռազմական օբեկտներին։ Նա նաև չի բացառում, որ եթե ԱՄՆ պնդի իր դիրքորոշումը, ապա բանակցությունները կարող են ձախողվել։

Կարդացեք նաև

Back to top button