
2002թ-ից Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ-2025» մրցանակաբաշխությունը մարտի 27-ին առաջին անգամ անց է կացվելու Երևանից դուրս՝ Կապանում։ Այս տարի լրանում է Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի հիմնադրման 90-ամյակը, ուստի որոշվել է «Արտավազդ» մրցանակաբաշխությունը նվիրել այդ հոբելյանին։ Մրցանակաբաշխությանը նախորդող օրերին՝ մարտի 20-26-ը Կապանում կանցկացվի կամերային ներկայացումների փառատոն, որտեղ հանդես կգան հանրապետության լավագույն թատերական կոլեկտիվները։
«Արտավազդ-2025» մրցանակաբաշխությունը Կապանում անցկացնելու գաղափարը անսպասելի է ծնվել։ Կապանի թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանը դիմել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանին՝ թատրոնի հիմնադրման 90-ամյա հոբելյանը անմոռանալի դարձնելու առաջարկով։ Եվ որոշել են «Արտավազդ» մրցանակաբաշխությունը կազմակերպել Կապանում։ Դրա համար, սակայն, միջոցներ էին պետք։ Դիմում են մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին։ Մարզպետն էլ, հավանելով մտահղացումը, խոստանում է՝ միջոցներ կգտնվեն։

Կապանի թատրոնի տնօրեն Տիգրան Աթայան․ «Երբ որ մոտենում էինք մեր թատրոնի 90 ամյակին, որը մեզ համար լուրջ թիվ է, մեր կոլեկտիվով էլ քննարկեցինք՝ ինչ պիտի անենք, որոշեցինք ամեն դեպքում «Արտավազդի» հետ կապված ռիսկ անենք ու բերենք այստեղ, փառատոնն էլ։ Ու երբ հանդիպեցինք մարզպետին, ոնց որ երևաց միջոցառումների ուժն ու հնարը։ Թերևս այդ հանդիպումից հետո ամեն ինչ տեղը ընկավ, որ կարող ենք այս անել, այն անել»։

Թատերական միջոցառումների բյուջեն 30 մլն դրամ է։ Գումարը հատկացրել է Զանգեզուրի պղնաձամոլիբդենային կոմբինատը։ «Երևի ամենահեշտը մեր գործն էր՝ ֆինանսավորումը, քանի որ գործի գիտակները կազմակերպել են, մենք էլ սոցիալական ծրագրերի շրջանակում աջակցում ենք մի ծրագրի, որը հաջողություն կբերի մարզին ու Կապանին»,– ասում է կոմբինատի լրատվության ու հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը․

«Կցանկանամ, որ Սյունիքի մարզը և Կապանը, աշխարհաքաղաքական, անվտանգային թեմաներից դուրս, մոտ 10 օր էլ բարի ու մշակութային տարբերակով հայտնվի լրատվական հոսքերում»։

Կամերային ներկայացումների փառատոնը նույնպես առաջին անգամ է կազմակերպվում։ 7 օր շարունակ իրենց բեմադրությունները կներակայացնեն Կապանի դրամատիկական, Մհեր Մկրտչյանի արտիստական, Գյումրիի դրամատիկական, Երևանի կամերային, Պարոնյանի անվան կոմեդիայի, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնները։ Մեկ ներկայացում էլ կլինի «Արմմոնո» միջազգային փառատոնի խաղացանկից։ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը խոստանում է կամերային ներկայացումների փառատոնը դարձնել միջազգային․
«Նաև հիմք է դրվում հրաշալի մի փառատոնի՝ կամերային ներկայացումների փառատոնի։ Կասկած չունեմ, որ մարզային իշխանություններն ամեն ինչ կանեն՝ այն ամենամյա դարձնելու համար, քանի որ սա Հայաստանում չի եղել։ Փորձը ցույց է տալիս, որ եթե որևէ մարզում կազմակերպվում է թատերական միջոցառում, ապա այդտեղ կյանքը փոխվում է, բազմապատկվում է, կրկնապատկվում է թատերական մթնոլորտը»։

Սյունիքի փոխմարզպետ Հայկ Հարությունյանն էլ նշեց, որ մշակութային ոլորտի զարգացման համար կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր ունեն։ Նա համոզված է, որ մարզը կարող է մշակութային կենտրոն դառնալ, և դրան կնպաստի այս փառատոնը․
«Կապանում կազմակերպելը մարզկենտրոնը ավելի ընկալելի է դարձնում, բայց ամբողջ մարզի մաշտաբով էլ է ճանաչելի դարձնում, ավելացնում է զբոսաշրջիկների թիվը։ Ինչ վերաբերում է հյուրանոցային ու հյուրատնային տնտեսություններին, ապա դրանք բավական չեն շարունակաբար նման փառատոններ ընդունելու համար։ Այդ իսկ պատճառով նոր հյուրանոցներ են կառուցվում, իսկ մարդիկ էլ սկսել են հյուրատների թիվն ավելացնել»։

Ի դեպ, Կապանի կամերային փառատոնի բոլոր ներկայացումների տոմսերն արդեն վաճառվել են։ Իսկ Կապանի երկրագիտական թանգարանում ժամանակավոր ցուցադրություն կլինի՝ նվիրված Ալ․ Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի հիմնադրման 90-ամյակին։Այն կգործի մինչև մայիս։




