ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրառում է արել Վլադիմիր Պուտինի հետ վերջին հեռախոսազրույցի մասին՝ այն անվանելով «շատ լավ և արդյունավետ»:
«Մենք պայմանավորվել ենք անհապաղ հրադադար հաստատել էներգետիկ և ենթակառուցվածքային ոլորտներում՝ հասկանալով, որ մենք արագ կաշխատենք, որպեսզի հասնենք լիակատար հրադադարի և, ի վերջո, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այս սարսափելի պատերազմի ավարտին», — գրել է Թրամփը։
Նրա կարճ գրառման մեջ ասվում է նաև, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են «խաղաղության համաձայնագրի շատ տարրեր», ներառյալ այն փաստը, որ «հազարավոր զինվորներ են մահանում, և որ թե՛ նախագահ Պուտինը և թե՛ նախագահ Զելենսկին կցանկանան, որ այն դադարեցվի»:
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարություն էր տարածել Թրամփ-Պուտին հեռախոսազրույցի մասին: Նշվում էր, որ Ուկրաինայում խաղաղության շարժումը կսկսվի էներգետիկ և ենթակառուցվածքային ոլորտներում հրադադարից, ինչպես նաև Սև ծովում կրակի դադարեցման, լիակատար հրադադարի և մշտական խաղաղության մասին տեխնիկական բանակցություններից:
Թրամփն ու Պուտինը քննարկել են նաև «ռազմավարական զենքի տարածումը դադարեցնելու անհրաժեշտությունը», Մերձավոր Արևելքը՝ «որպես ապագա հակամարտությունները կանխելու համար հնարավոր համագործակցության տարածաշրջան» և անդրադարձել են Իրանին՝ նշելով, որ այն «չպետք է ի վիճակի լինի ոչնչացնել Իսրայելը»։




