ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի ապակայունացման գնահատականներ դեռ չկան․ առայժմ հայտարարությունների փոխանակում է

Վերջին երեք օրերին  Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունները մեկ տասնյակից ավելի հայտարարություններ են արել սահմանին հրադադարի ռեժիմի մասին։ Ադրբեջանական կողմի պնդումները, թե հայկական կողմը խախտում է հրադադարը և կրակում, հերքել և հերքում է ոչ միայն Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը, այլև սահմանի երկայնքով պարեկություն անող ԵՄ դիտորդական խաղաղ առաքելությունը։ Մինչև այս պահը Ադրբեջանը որևէ փաստ չի ներկայացրել հրադադարի ռեժիմի խախտման մասին։ Այս ընթացքում հայտարարություններով փոխանակվել են նաև Հայաստանի վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Հայաստանում իրավիճակը դեռ անկայուն չեն գնահատում, բայց և Բաքվին կոչ են անում վերադառնալու կառուցողական դաշտ։  

Հայաստանի ՊՆ-ն արդեն երեք օր հերքում է Ադրբեջանից պարբերաբար տարածվող ապատեղեկատվությունը՝ հայ–ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի իբր խախտումների մասին։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այս պահին իրավիճակը ապակայունացող դեռ չի գնահատում, բայց հիշեցնում է, որ դեռ 2024 թվականի հունիսի 22–ից Հայաստանը Ադրբեջանին առաջարկել է ստեղծել համատեղ մեխանիզմ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ նման տեղեկությունների հետաքննության համար։

«Իրավիճակը ապականացման չի գնում, պետք չէ նման կանխատեսումներ անել։ Այս պահին, այո, Ադրբեջանից հնչում են անհասկանալի հայտարարություններ։ Դրանք չեն համապատասխանում իրականությանը, ավելին՝ մենք ադրբեջանական կողմից ակնկալում ենք որոշակի փաստական տվյալներ ս, որպեսզի ինքներս ուսումնասիրենք՝ հայկական կողմից նման խախտումներ եղե՞լ են, թե՞ ոչ։ Ադրբեջանի կողմից որևէ փաստական տվյալ չի ներկայացվել, որովհետև այդպիսիք չեն կարող լինել։ Եվս մեկ անգամ պետք է հիշեցնենք, որ Ադրբեջանի հետ երկկողմ խոսակցություններում ոչ մեկ անգամ առաջարկել ենք մեխանիզմ, որով կվերահսկենք սահմանային իրավիճակը և հրադադարի հնարավոր խախտումները։ Որևէ արձագանք Ադրբեջանի կողմից չենք ստանում»։

Վերջին օրերին Ադրբեջանի ՊՆ-ի տարածած ապատեղեկատվությանն անդրադարձել է Հայաստանի մի քանի գերատեսչություն։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստ է հետաքննելու Ադրբեջանի հաղորդագրությունները հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ–ին փոխանցելու պարագայում։  

ՀՀ վարչապետի աշխատակազմը տարածած հայտարարության մեջ նշում է․ մեջբերում․  

«ՀՀ բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի։ Հայաստանի Հանրապետության Կառավարությունն առաջնորդվում է խաղաղության օրակարգով, ինչի անհերքելի ապացույցն են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի վերջնականացմանն ուղղված քայլերը։ Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը և տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը կարևորագույն քայլ է և Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը կոչ է անում մեկնարկել խորհրդակցությունները համաձայնագրի ստորագրման տեղի և ժամկետների վերաբերյալ» մեջբերման ավարտ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ Հայաստանը հույս ունի, որ Ադրբեջանը կվերադառնա կառուցողական դաշտ։

«Ես չեմ կարծում, թե իրավիճակը բոլորովին այլ հունով է գնում։ Կա համաձայնեցված խաղաղության համաձայնագրի տեքստ, որի շուրջ երկար ժամանակ աշխատել ենք, և, ըստ էության, այդ տեքստը երկկողմ է համաձայնեցվել։ Այնպես չէ, որ այդ տեքստին միայն մենք ենք համաձայն։ Ավելին՝ հայկական կողմը 12-րդ շրջափուլից հետո համաձայնել է Ադրբեջանից ուղարկված առաջարկություններին, հետևաբար մեզ համար էլ ավելի անհասկանալի է դառնում Ադրբեջանի նման քաղաքականությունը, հատկապես այն դեպքում,  երբ միջազգային հանրության կողմից տեսնում ենք բավականին դրական արձագանք։ Լսում ենք նաև կոչեր անցնելու հաջորդ փուլին, և մենք էլ ենք կոչ անում ադրբեջանական կողմին վերադառնալ կառուցողական դաշտ և անցնել համաձայնագրի ստորագրման գործընթացին»։  

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այս պահին դժվարանում է ասել, թե ինչ ուղղությամբ կընթանա Ադրբեջանի ապատեղեկատվական արշավը։ Կարծում է, որ հնարավոր զարգացումները կախված են աշխարհաքաղաքական առաջիկա փոփոխություններից։

«Ոչ միայն հրադադարի ռեժիմի մասին կեղծ հայտարարություններ եղան, այլև մեկ շաբաթ է ակտիվ «վերլուծություններ» են արվում, թե իբր Հայաստանը սպառազինություն է կուտակել, որն օգտագործելու է Ադրբեջանի դեմ։ Սա փորձ է արվում ներկայացնել աշխարհաքաղաքական տեսանկյունից՝ իբրև Ֆրանսիայի ուղղորդում, նաև փորձ է արվում ներկայացնել ներհայաստանյան հարթությունում, իբրև թե Փաշինյանը փորձում է առավելություն կամ հաղթողի «թևնոց» կրել և այլն։ Բայց մի բան պարզ է․ Ադրբեջանը, մի կողմից,  համաձայնեցրել է 17 կետերը, մյուս կողմից՝ ուժեղացել ճնշումը բոլոր այն նախապայմանների մասով, որոնք ընդհանուր փաթեթում չեն տեղավորվել»։

Ադրբեջանագետներն էլ ընդգծում են, որ հենց ադրբեջանական սոցցանցային տիրույթում թերահավատություն կա Բաքվի այն քարոզչության նկատմամբ, թե Հայաստանը պատերազմելու ցանկություն ունի։

Ադրբեջանի արտգործնախարարությունը, արձագանքելով Հայաստանի վարչապետի աշխատակազմին, նշել է Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու իր  նախապայմանը․ խոսքը ՀՀ սահմանադրության փոփոխության մասին է։

Սրան արձագանքելով՝  ՔՊ խմբակցության քարտուղարը  պարզաբանում է․

«Հռչակագրի, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, դրա ընդունման ձևի վերաբերյալ քննարկումները ներքաղաքական խնդիրներ են և որևէ առնչություն չունեն Հայաստանի արտաքին քաղաքականության հետ։ Որևէ առնչություն չունեն։ Ինչ կլինի, ինչ տեքստ կքննարկենք, ինչ ընթացակարգերով կգնանք , մեր խնդիրն է, և դա կանենք, երբ կգա պատեհ պահը»։

Սյունիքը ենթադրյալ էսկալացիայի հնարավոր ուղղություն դիտարկելու և, այսպես կոչված, «միջանցքի» թեմայի շահարկումներին ի պատասխան՝ Հայաստանի կառավարության աշխատակազմը պարզաբանում է, մեջբերում․

«2025 թվականի հունվարին Հայաստանի Հանրապետությունը գրավոր կերպով Ադրբեջանի Հանրապետությանն է փոխանցել Ադրբեջանի արևմտյան շրջաններից Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, հակառակ ուղղությամբ և դեպի երրորդ երկրներ, և Հայաստանի Հանրապետության հյուսիս–արեւմտյան շրջաններից Ադրբեջանի տարածքով դեպի ՀՀ հարավային հատված, հակառակ ուղղությամբ և դեպի երրորդ երկրներ երկաթուղային բեռնափոխադրումների խնդրի լուծման առաջարկ, ինչպես նաև սպառազինությունների փոխադարձ վերահսկման երկկողմ մեխանիզմի ստեղծման մասին առաջարկ և սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին» մեջբերման ավարտ։

Հայաստանի կառավարության աշխատակազմից վերահաստատել են, որ Հայաստանը պատրաստ է շարունակելու Ադրբեջանի հետ սահմանազատման աշխատանքը՝ հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայն։

Գործադիրն ընդհանուր առմամբ հաստատում է, որ Խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված տեքստն անդրադառնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և հարաբերությունների հաստատման հիմնարար հարցերին և մեխանիզմներ է նախատեսում անելիքների քննարկման համար։

Կարդացեք նաև

Back to top button