ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

ՀՀ ԱԺ նախագահն առաջարկում է ՀՀ և Ադրբեջանի սահմանադրություններն ուղարկել Վենետիկի հանձնաժողով

Հայաստանի ու  Ադրբեջանի կողմից Խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ համաձայնություն ձեռք բերելու հայտարարությունից ընդամենը 3 օր անց Հայաստանի ՊՆ-ն ստիպված էր մեկ օրում ադրբեջանական երեք ապատեղեկատվություն հերքել․ Բաքվից հայտարարել են, թե իբր Սյունիքի սահմանային հատվածներից Ադրբեջանի ուղղությամբ  կրակ է բացվել։  

Հայաստանի ՊՆ հերքումներից բացի՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին անդրադարձել են նաև Եվրոպական Միության դիտորդները։ Մարտի 16-17-ին Հայաստանում  Եվրոպական միության ներկայացուցչությունը պարեկներ է ուղարկել Հայաստան-Ադրբեջան սահմանի  տարբեր հատվածներ: Նրանք էլ պաշտոնապես հայտարարել են, որ․ մեջբերում, «իրավիճակը մնում է հանգիստ և հանդարտ, արտառոց որևէ ակտիվություն չի նկատվում»։ Արդյո՞ք Սա Բաքվի կողմից ինչ-ինչ ուղերձներ պարունակող քայլ է։

Խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցումից հետո Ադրբեջանի որդեգրած կեցվածքն այժմ Հայաստանում շատերին է ստիպում ենթադրել, որ պաշտոնական Բաքուն փորձում է ժամանակ ձգել փաստաթղթի ստորագրման հարցում։ Տարբեր վերլուծությունների համաձայն՝ այդ են վկայում նաև ընդամենը մեկ օրում Ադրբեջանի տարածած երեք կեղծ հաղորդագրությունները, թե իբր ադրբեջանական դիրքերի ուղղությամբ  կրակոցներ են եղել։

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Արմեն Պետրոսյանը համարում է, որ Բաքուն հայտնվել է տեղեկատվական ու դիվանագիտական ցայտնոտի մեջ, քանի որ Հայաստանի ջանքերով խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման վրա միջազգային հանրության ուշադրության սևեռումը ևս մեկ աստիճանով իջեցնում է կողմերի միջև ռազմական հակամարտության ակտիվության հավանականությունը։

Բայց, Պետրոսյանի դիտարկմամբ, քանի որ ուժը կամ ուժի սպառնալիքը Բաքուն դեռ դիտարկում է որպես գործիք Հայաստանի հետ չլուծված հարցերում, ադրբեջանական կողմը փորձում է համապատասխան տեղեկատվական ֆոն ապահովել։ Սա, սակայն, չի հաջողվել նաև ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքով ու նաև նրանց տարածած հերքումներով։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այս փուլում քիչ հավանական է համարում այն թեզը, որ Ադրբեջանը սահմանային իրավիճակի մասին ապատեղեկատվությամբ փորձում է գնալ էսկալացիայի․

«Նոր ենք հայտարարել, որ խաղաղության համաձայնագիրը համաձայնեցված է, և ակնհայտ է ԵՄ դիտորդների գնահատականը։ Աշխարհը հո Ադրբեջանի տելեգրամ ալիքների վրա հիմնվելով չի՞ իր կարծիքները կազմում։ Իրենք իրենց տեղեկություններն ունեն, իրենց արբանյակներն ունեն, Ադրբեջանում իրենց աղբյուրներն ունեն և, կարծում եմ, որ դա պետք է ադրբեջանական կողմը հաշվի առնի»։

ԱՄՆ-ից, Մեքսիկայից մինչև Խորվաթիա, Քուվեյթ, Սաուդյան Արաբիա և ոչ միայն․ բազմաթիվ երկրներ արդեն գնահատել և ողջունել են խաղաղության տեքստի նախագծի համաձայնեցումը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցն Ադրբեջանի նախագահի օգնական, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ հեռախոսազրույցից հետո հատուկ գրառում է արել խաղաղության համաձայնագիրն այս պահին ստորագրելու անհրաժեշտության մասին։ «Հանուն հավասար իրավունքների կենտրոն»-ի ղեկավար, նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի համոզմամբ՝ վերջին հանգամանքն արդեն նոր պայմաններ է ենթադրում։  

«Սա ակնհայտ ցուցիչ է, որ հստակեցնում են, որ պայմանագրային շրջանակը սահմանափակվում է սրանով, և նոր պատճառաբանություններ, թե սա պետք է արվի արվի և այլն, և այլն, չեն ընդունվելու։ Բայց ես կարծում եմ, որ Ադրբեջանը, բնականաբար, այսքանով չի սահմանափակվելու»։

Խորհրդարանական ընդդիմությունից «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը փորձում է կանխատեսել, թե ապագայում խաղաղության պայմանագիրը ստորագրելու ինչ նախապայմաններ է առաջ քաշելու Ադրբեջանը․

«Ադրբեջանը խաղաղության չի գնացել և չի գնում։ Չակերտավոր խաղաղության պայմանագիրը կնքելու նախապայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է, դրան կհետևի, այսպես կոչված, «պատերազմական հանցագործների» վերադարձի պահանջը, դրան կհետևի ինչ-որ 350 հազար ադրբեջանցիների բնակեցումը ՀՀ ինքնիշխան տարածքում։ Սա է։ Ադրբեջանը բացարձակապես որևէ մտադրություն չունի խաղաղության համաձայնագիր կնքելու»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի հասկանում այն գործիչներին, որոնք պայքարում են խաղաղության պայմանագրի նախագծի դեմ։ Նա ընդգծում է, որ համաձայնագրի բոլոր կետերը երկկողմանի են, պարտադիր՝ երկու կողմի կատարման համար։ Լրացուցիչ կետեր և նախապայմաններ փաստաթղթում այլևս չեն կարող հայտնվել, քանի որ այն արդեն փակ է կողմերի քննարկման համար՝ մանրամասնել է ԱԺ նախագահը։ Ի տարբերություն ընդդիմադիր գործիչների՝ Սիմոնյանը վստահ է, որ փաստաթուղթը բխում է Հայաստանի շահերից։ Այդպես է կարծում նաև միջազգային իրավական ատյաններից բոլոր հայցերի փոխադարձ հետքաշման պայմանավորվածության առումով։  

«Դուք ծանո՞թ եք բոլոր հայցերին։ Իսկ չե՞ք լսել, որ ադրբեջանական կողմը խոսում է վերադարձի մասին, որ ունեն հայցեր և ունեն մարդիկ, որոնք հայտարարում են, որ իրենք ՀՀ մեջ գույքեր ունեն և այդ մարդիկ պետք է վերադառնան։ Դուք այդ մասը չե՞ք լսում, թե՞ ձեռք չի տալիս։ Ձեզ թվում է մենք մեր հայցերը կրելու ենք, իրենք իրենց բոլոր հայցերը պարտվելու են, հա՞։ Դե իրենք էլ են հետ կանչում, բա այդ երկկողմանի պայմանավորվածությունն է։ Ո՞նց կարող է լուրջ քաղաքական գործիչը պայքարի մի տեքստի դեմ, որը չի տեսել, ես անկեղծ չեմ հասկանում։ Ցավում եմ, բայց գիտակցված, թե չգիտակցված վատ բան են անում ՀՀ անկախության համար ձեր նշած քաղաքական գործիչները։ Ինչպես ասաց վարչապետը՝ իրենք «մայակներ» են, թե որտեղ մեր հակառակորդը պետք է հարվածի»։

Որ Ադրբեջանը չի շտապում ստորագրել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը և դիմում է ապատեղեկատվության, ըստ ՔՊ խմբակցության անդամ Արսեն Թորոսյանի, ևս մեկ ապացույց է, որ երկկողմանի համաձայնեցված խաղաղության պայմանագիրը լավ բանակցված փաստաթուղթ է Հայաստանի համար:

Ինչ վերաբերում է հնարավոր նոր նախապայմաններին և Բաքվից հնչող տարբեր հայտարարությունների, ապա բանակցային գործընթացի վրա դրանց ազդեցության մասին ավելի վաղ խոսել էր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը․

«Դե, իսկապես, սա այն դրսևորումներից է, ես փորձում եմ մեղմ արտահայտվել և ձևակերպել, որ ոչ այնքան կառուցողական հայտարարություններով ուղղակի տորպեդահարում են բանակցային գործընթացը, խաղաղ կարգավորումը և հարաբերությունների հաստատումը։ Այդ նախապայմանները հնչեցվել են նաև նախկինում, մեր կողմից դրանց լեգիտիմությունը և օրակարգի մաս լինելը երբևէ չի ընդունվել, մենք այդ մասին երբևէ չենք բանակցում։ Եղել է մտքերի փոխանակում այն մասին, որ իրենք ունեն այսպիսի պահանջ, մենք էլ ասում ենք՝ դե մենք էլ ունենք այսպիսի պահանջ, ձեր պահանջները չենք ընդունում»։

ԱԺ նախագահը լրագրողների հետ ճեպազրույցում փորձել է նաև վերջակետ դնել մի քանի առանցքային հարցի։ ԵՄ դիտորդների առնչությամբ ադրբեջանական կողմի դժգոհություններին ի պատասխան՝ Սիմոնյանը հայտարարել է, որ հենց Ադրբեջանն է դիտորդներին պահում հայ-ադրբեջանական սահմանին։ Եթե ստորագրվի խաղաղության պայմանագիրը, ապա, դրա կետերից մեկի համաձայն, դիտորդները այլևս չեն տեղակայվի սահմանազատված տարածքներում։

Իսկ այսպես կոչված «միջանցքին» առնչվող խոսույթի և վտանգների առնչությամբ Սիմոնյանը հիշեցրեց՝ Հայաստանը վաղուց և հստակ արտահայտել է իր դիրքորոշումը և պատրաստ է հենց վաղը ճանապարհները բացելու։
Ապառազմականացված գոտի ստեղծելու արդյունքն էլ, ասում է, լավագույնս երևում է Կիրանցի սահմանազատված հատվածում, որտեղ կանգնած են ոչ թե զինվորներ, այլ սահմանապահներ։

Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխության թեմային, ապա ԱԺ նախագահն այլընտրանքային առաջարկ ունի՝ երկու պետության Սահմանադրություններն էլ ուղարկել փորձաքննության, ասենք, Վենետիկի հանձնաժողով և խորհրդատվական կարծիք ստանալ, թե որի տեքստում կան տարածքային հավակնություններ հարևան պետության նկատմամբ։

Կարդացեք նաև

Back to top button