ԿարևորՄշակույթՌեպորտաժներ

Ճամփորդություն Իտալիա Չարենցի հետ․ ցուցադրություն գրողի տուն-թանգարանում

Չարենցի տուն-թանգարանում բացվել է «Ճամփորդական հուշեր․ Իտալիա» ժամանակավոր ցուցադրությունը։ Այն ներկայացնում է գրողի  հուշերը, նամակներն ու տպավորությունները Իտալիայի ճանապարհորդությունից։ Այցելուները Չարենցի հետ շրջագայելու են 1925 թվականի Հռոմով ու Վենետիկով։

Չարենցի տուն-թանգարանի ներքնահարկում մի մեծ ճամպրուկ է դրված։ Բանաստեղծի ճամպրուկն է, որը նրա կյանքի մի կոնկրետ ժամանակահատվածի լուռ վկան է։ Այդ ճամպրուկում են տեղավորվել բանաստեղծի նամակները, նշումները, գրիչները և այլ իրեր, որոնք նրա հետ են եղել Իտալիայում ճամփորդության ընթացքում։ 

Չարենցի տուն-թանգարանում բացվել է «Ճամփորդական հուշեր․ Իտալիա» ժամանակավոր ցուցադրությունը։ Այն ներկայացնում է գրողի շրջագայությունը՝ հուշերով, նամակներով ու տպավորություններով։

Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյան. «Այս տարի լրանում է Չարենցի ճամփորդության 100-ամյակը, և թանգարանը որոշել է անդրադառնալ հենց այդ թեմային։ Առավել շեշտադրված է Իտալիան,  քանի որ այնտեղ են տեղի ունեցել  Չարենցի  կյանքի շատ կարևոր դրվագներ։ Հենց  այնտեղ է նա հանդիպել Ավետիք Իսահակյանի հետ, քանի որ վերջինս երկար ժամանակ ապրում էր Վենետիկում։ Ու քանի որ նաև Իսահակյանի 150-ամյակն է, որոշեցինք անդրադառնալ այդ ճանապարհորդությանը»։

Չարենցի շրջագայությունը սկսվում է գրականագետ Հարություն Սուրխաթյանի նամակից՝ ուղղված  Ալեքսանդր Մյասնիկյանին։ Նա խնդրում է արտասահման  ուղարկել երիտասարդ տաղանդավոր գրող Եղիշե Չարենցին։ Բանաստեղծի յոթամսյա շրջագայության ամենավառ էջերը գրվել են Իտալիայում։

Անուշ Թասալյան, Չարենցի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ. «1924 թ․ նոյեմբերի 17-ին Թիֆլիսում բանաստեղծը ստանում է ճանապարհորդության անձնագիր։ Արդեն 1925 թ․ մարտի 14-ին Եղիշե Չարենցը մի թերթիկի վրա գրառում է կատարում․ «Սքանչելի քաղաք է Վենետիկը»»։

Վենետիկում սկսվում է Չարենցի և Իսահակյանի մտերմությունը։ Այն բարեկամության է վերածվում, մինչդեռ առաջին տպավորությունը խոստումնալից չի լինում։ Հետագայում Իսահակյանն իր հուշերում գրում է․

«Չարենցը եկել էր Հայաստանից Եվրոպա ճանապարհորդելու։ Նա ինձ այցելեց Հռոմից։ Առաջին տպավորությունը, որ ստացա նրանից, փայլուն չէր․ վտիտ մարմին, կարճ հասակ, բայց խոհական, խելացի աչքեր։ Նա մի ամբողջ ամիս մնաց Վենետիկամ, և մենք խորին կերպով բարեկամացանք, մտերմացանք։ Ամբողջ օրը միասին էինք։ Առավոտը կանուխ գալիս էր հյուրանոցից, մնում մինչև ուշ գիշեր մեր տանը։ Թափառում էինք հրաշալի Վենետիկում՝ ջրանցքներով, գոնդոլներով, գնում էինք ծովափ, հետո՝ Մխիթարյանների վանքը՝ Սուրբ Ղազար։ Խոսում էինք անվերջ ամեն հարցի մասին՝ գիտության, գրականության, փիլիսոփայության, հեղափոխության, բոլոր այն մեծ խնդիրների, որ կան, և փոքր խնդիրների, որ հուզում են մարդկանց»,-հիշում է Ավետիք Իսահակյանը:

Պահպանվել է Վենետիկի Սբ Մարկոսի հրապարակում արված հայտնի լուսանկարը, որը հետաքրքիր պատմություն ունի։

Անուշ Թասալյան, Չարենցի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ

«Լուսանկարը խոսում է վենետիկյան մեկամսյա մտերմության մասին։ Իսահակյանը պատմում է, որ Սուրբ Մարկոսի հրապարակում կային աղավնիներ։ Կառավարությունը թույլ էր տալիս, որ այդտեղ սերմեր վաճառեին, որոնցով  կկերակրեին աղավնիներին։ Իսկ դա զբոսաշրջիկների սիրած գործերից մեկն էր։ Այդ օրը գրողները զբոսնում էին Սուրբ Մարկոսի հրապարակում և աղավնիներին էին կերակրում։ Լուսանկարվելու ընթացքում մի աղավնի նստում է Չարենցի ձեռքին։ Իսահակյանն ասում է՝ Չարենցը բախտավոր եղավ»։

Վենտիկյան շրջագայությունը Չարենցի կյանքում մեծ հետք է թողել։ Այդ ազդեցությունն արտացոլվել է տարբեր գործերում, որոնցից շատերը մինչև օրս թարգմանվում են իտալերեն։

Կարդացեք նաև

Back to top button