ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Ամերիկյան ու ռուսական կողմերի այցելությունները Բաքու. ի՞նչ են ենթադրում պաշտոնապես հայտարարված օրակարգերը

Անցած շաբաթ ամենաքննարկվող թեմաներից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունն էր, որը աշխարհի շատ երկրներ ողջունել են։ Սակայն այս հայտարարություններից ընդամենը ժամեր անց Բաքուն մեկ օրվա մեջ երեք անգամ ապատեղեկատվություն է տարածել հայկական կողմից հրադադարի խախտումների մասին։

Այդ կեղծիքը հերքել է ՀՀ ՊՆ-ն։ Վերը նշված թեմայով փորձագիտական վերլուծությունների առանցքում ԱՄՆ նախագահի խորհրդական Սթիվեն Ուիթկոֆի և Ռուսաստանի դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի Բաքու կատարած այցերի օրակարգերն են։

Հայկական կողմից հրադադարը խախտելու մասին Բաքվից տարածվող ապատեղեկատվությանը հաջորդել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի՝ X-ում արած գրառումը, որտեղ նա կարծիք էր հայտնում, որ Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի։

Նա գրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ․

«Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանն առաջընթաց մեծ քայլ են կատարել և պայմանավորվել խաղաղության պայմանագիր կնքել։ Նրան ասացի, որ մենք պետք է ավարտենք խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը հիմա,

ազատ արձակենք բանտարկյալներին և միասին աշխատենք տարածաշրջանն ավելի ապահով և բարգավաճ դարձնելու համար։

Ամերիկայի ոսկե դարը խաղաղություն ու բարգավաճում կբերի ողջ աշխարհին, և մենք չենք դադարի աշխատել, քանի դեռ դա տեղի չի ունեցել»։

Այս տեղեկությանն այնուհետև հաջորդել է ևս մեկը՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Գերմանիայի իր ռազմակայաններից մեծ թվով տեխնիկա և փոխադրամիջոցներ տեղափոխել Հայաստան։ ԱՄՆ պետգնումների կայքին հղումով այս մասին գրել է RT գործակալությունը։ Նշվում է, որ փոխադրումը տեղի է ունենալու Վրաստանի տարածքով։

REUTERS

Կայքի տվյալներով՝ ԱՄՆ բանակի նյութատեխնիկական ապահովման հրամանատարությունը նախատեսում է Գերմանիայի «Դյուլմեն» ռազմաբազայից տեխնիկան տեղափոխել Հայաստանի «Զառ» ուսումնական կենտրոն։ Փոխադրումը տեղի կունենա հուլիսի 16-ից օգոստոսի 7-ը։ Այնուհետև՝ այս տարվա օգոստոսի 21-ից սեպտեմբերի 20-ը, զինտեխնիկան կվերադարձվի Գերմանիա։

Ընդհանուր առմամբ, նախատեսվում է տեղափոխել մոտ 151 միավոր տեխնիկա, այդ թվում՝ փոխադրամիջոցներ, գեներատորներ և հատուկ բեռնարկղեր։

Ռուս ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովը RT-ին ասել է, որ զինտեխնիկայի տեղափոխումը ամենայն հավանականությամբ պայմանավորված է Պենտագոնի և հայկական բանակի համատեղ հնարավոր զորավարժություններով։

«Դեռ վաղ է սարքավորումների կենսամշակման մասին ակնարկները մեկնաբանել որպես Հայաստանի տարածքը կենսալաբորատորիաների համար օգտագործելու ապացույց, սակայն չի կարելի բացառել, որ ապագայում ամերիկացիները կարող են սկսել նման նախագծեր իրականացնել»։

Ուշագրավ է այս օրերին ԱՄՆ նախագահի խորհրդական Սթիվեն Ուիթկոֆի այցը Բաքու։

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը, արձագանքելով Բաքու Ուիթկոֆի այցին, Ֆեյսբուքում մի քանի նկատառում է անում․

«1. Թրամփն այժմ կենտրոնացած է Ուկրաինայի պատերազմը կանգնեցնելու վրա։

2. Թրամփն այժմ կենտրոնացած է Իրանի հետ հնարավոր բանակցություններ սկսելու կամ այլ կերպ Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու վրա։

Ցանկացած այլ ֆոնային գործընթաց, որը կարող է խանգարել այս հիմնական առաջնահերթություններին, Թրամփին պետք չէ։ ԱՄՆ-ում շատ լավ հասկանում են, որ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան տարածաշրջանում կարող է խառնել որոշ խաղաքարտեր։

Հետևաբար, անհրաժեշտ է Ադրբեջանին (Թուրքիային) զերծ պահել արկածախնդրությունից և թույլ չտալ լարվածություն Հարավային Կովկասում։ Մանավանդ, որ Թուրքիային անհրաժեշտ է նստել գլոբալ բանակցային սեղանի շուրջ, ունենալով իր խաղաքարտերը։ Ի դեպ, ռուս-ադրբեջանական լարվածությունը հենց Թուրքիայի կողմից է հրահրվում նույն նպատակով»։

Անդրադառնալով Թրամփի թիմի ուղերձներին, որոնք վերաբերում են Հայաստանին, ամերիկայի հարցերով փորձագետը նկատում է, որ պարզորոշ երևում է այս հարցում հայ համայնքի, լոբբիստների և իրավապաշտպան կազմակերպությունների աշխատանքը։ Նա ընդգծում է, որ Թրամփի մերձավոր շրջապատում շատ են մարդիկ, որոնք ոչ միայն գիտեն Հայաստանի տեղը, այլև լավ կապեր ունեն հայ համայնքի հետ և լավ են պատկերացնում Հայաստանի խնդիրները։

«Այժմ Թրամփին անհրաժեշտ չէ Ռուսաստանի դեմ նոր լարվածություն ձևավորել. ընդհակառակը՝ նրան պետք է Ռուսաստանի աջակցությունը ինչպես արտաքին, այնպես էլ ներքաղաքական խնդիրները լուծելու համար։ Այդ իսկ պատճառով էլ այս պահին նա շահագրգռված չէ Ռուսաստանի դեմ նոր «ֆրոնտեր» բացելու»։

Այս օրերին պաշտոնական այցով Ադրբեջանում է Ռուսաստանի դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիարակությունը։ Մատվիենկոյին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Մինչև այդ ռուս պաշտոնյան հանդիպել է Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հետ, քննարկել երկկողմ հարցեր, մասնավորապես միջխորհրդարանական հարաբերությունների և խորհրդարանական պատվիրակությունների փոխայցելությունների մասին։ Կողմերը շեշտել են, որ Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները կրում են ռազմավարական, դաշնակցային բնույթ։

Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն կայցելի նաև Երևան՝ հունիսի 5-ից 6-ը։

Մինչև այդ՝ մարտի 30-ից ապրիլի 2-ը, նախատեսվում է նաև Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի այցը Երևան ու Բաքու։

Կարդացեք նաև

Back to top button