
ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն այսօր ասուլիսում հայտարարել է, որ ԵՄ-ն չի կարող ինքնաբերաբար ֆինանսավորել «Ազատություն/Ազատ Եվրոպա» (RFE/RL) ռադիոկայանի գործունեությունը, քանի որ իրեն ֆինանսավորման խնդրանքով տարբեր կազմակերպություններ են դիմում։ Կալասը նշել է, որ ԵՄ արտգործնախարարները պնդում են, որ հարցը պետք է քննարկվի եւ ստեղծված վիճակից ելքեր փնտրվեն։
Թրամփի վարչակազմի կողմից RFE/RL ռադիոկայանի ֆինանսավորումը կրճատելուց հետո Չեխիան պնդում է, որ Եվրամիությունը պետք է աջակցի միջազգային այս կորպորացիային, հայտնում է BBC-ին։
Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկին հայտարարել է, որ Պրագայում տեղակայված RFE/RL-ն «այնպիսի բռնապետություններում, ինչպիսիք Իրանը, Բելառուսն ու Աֆղանստանն են, վստահելի քիչ [տեղեկատվական] աղբյուրներից է»։
Ամերիկյան կառավարության ծախսերի կրճատման համար պատասխանատու Իլոն Մասկը հայտարարել է, որ RFE/RL-ը «խոսում է ինքն իր հետ՝ վատնելով տարեկան 1 մլրդ դոլար ԱՄՆ հարկատուների փողերից»։
RFE/RL նախագահ ու գլխավոր տնօրեն Սթիվեն Կապուսը հայտարարել է, որ ֆինանսավորման դադարեցումը «Ամերիկայի թշնամիների համար մեծ նվեր կլինի»։
«Ազատություն/Ազատ Եվրոպա», «Ազատ Ասիա» եւ «Ամերիկայի ձայն» ռադիոկորպորացիաները տասնամյակներ շարունակ ֆինանսավորվել են ԱՄՆ գլոբալ մեդիայի գործակալության կողմից։
Անցած ուրբաթ նախագահ Թրամփը ֆինանսավորումը դադարեցնելու մասին հրամանագիր է ստորագրել։




