
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Նրանք քննարկել են, մասնավորապես, «Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած հանդիպումներին հաջորդող քայլերը և պայմանավորվել են շարունակել աշխատանքը Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև հաղորդակցությունը վերականգնելու ուղղությամբ», հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
Ռուբիոն Լավրովին տեղեկացրել է նաև Իրանի կողմից աջակցվող հութիների դեմ Եմենում ԱՄՆ-ի ռազմական գործողության մասին, ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը։ Նրա խոսքով՝ պետքարտուղար Ռուբիոն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի հութիների շարունակական հարձակումները Կարմիր ծովում ամերիկյան ռազմական և առևտրային նավերի վրա։
ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Լավրովը ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած զրույցի ընթացքում ընդգծել է հութիների դեմ գործողության ընթացքում «ուժի կիրառումն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը», ինչպես նաև «բոլոր կողմերի համար քաղաքական երկխոսության գնալու կարևորությունը՝ հետագա արյունահեղությունը բացառող լուծում գտնելու նպատակով»։
Ավելի վաղ տեղի էր ունեցել ԵՄ առաջնորդների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների առցանց հանդիպումը, որի մասնակիցները, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի խոսքով՝ համաձայնել են «կոլեկտիվ ճնշում» գործադրել Ռուսաստանի վրա՝ համոզելու համար, որ նա ընդունի հրադադարի ծրագիրը։
«Կրեմլի կողմից նախագահ Թրամփի հրադադարի առաջարկի լիակատար անտեսումը միայն ցույց է տալիս, որ Պուտինը խաղաղության տրամադրություն չունի», — ասել է Սթարմերը վիրտուալ գագաթնաժողովից առաջ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ կոչ է արել միասնական ջանքեր գործադրել, որ Ռուսաստանը համաձայնի Վաշինգտոնի առաջարկած զինադադարին։
Մարտի 13-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ համաձայն է Ուկրաինայում 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկին միայն որոշակի պայմանների դեպքում։ Նա կարծում է, որ պետք է «վերացնել ճգնաժամի հիմնական պատճառները» և Ուկրաինային զրկել զինադադարի ընթացքում վերազինվելու և լրացուցիչ մոբիլիզացիա իրականացնելու հնարավորությունից։




