
Մարտի 15-ին պաշտոնապես մեկնարկեց Գյումրիի և Փարաքարի ՏԻՄ ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը: Պայքարող քաղաքական ուժերն իրենց ծրագրերը ներկայացնելու հնարավորություն կունենան մինչև մարտի 28-ը ներառյալ:
Հաջորդիվ, մեկ օրվա դադարից հետո, մարտի 30-ին Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքների բնակիչները կընտրեն իրենց նոր ավագանուն, որն էլ իր հերթին արդեն ձևավորված կազմից կընտրի նոր համայնքապետի։
Երկու համայնքում էլ գործող ավագանու լիազորությունները տարբեր պատճառներով վաղաժամ դադարեցվել էին։
Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում նախընտրական խոսքի, այսպես ասենք, թեժ պայքար է սպասվում Գյումրիում և Փարաքարում։ Առաջինը ղեկավարելու հավակնությամբ ընտրապայքարի մեջ է մտել քաղաքական 9 միավոր, երկրորդի ավագանու ընտրություններին առաջադրվել է 3 կուսակցություն, մեկ դաշինք։
Մարտի 30-ին ընտրության է մասնակցելու 133 հազարից ավելի ընտրող, որից շուրջ 112 հազարը Գյումրիում, 21 հազարից ավելի էլ՝ Փարաքարում։
Ասֆալտի, լուսավորության, ջրամատակարարման և համայնքային այլ խնդիրների լուծման խոստումներին դեռ չհասած, կարելի է ասել, ընդգծվել են ընտրապայքարի քաղաքական շեշտադրումները։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուներին պաշտոնապես ներկայացնելիս վարչապետ Փաշինյանը խոսեց նախորդած խնդիրների և ներկայիս նպատակների մասին։
«Նրանք, ովքեր արդեն ինքնահայտարարագրվել են Գյումրիի ընտրություններին մասնակցելու, նրանց մասնակցությունն ընդամենը ունի մի համատեքստ․ նրանք դուրս են եկել իրենց գողացված գույքերը պաշտպանելու վերջին կռվին և վերջին ճակատամարտին։ Գյումրիի ընտրություններին մասնակցում է 300-350 միլիոն դոլարի ապօրինի ձեռք բերված գույք, որը սպասում է վերադարձի»։
Վարչապետի այս հայտարարությանն առաջինն արձագանքեց ընտրություններին մասնակցող «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակում առաջին տեղը զբաղեցնող, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը։ Բարսեղյանը տարակուսանք էր հայտնել՝ ընդգծելով, որ, օրինակ, իր որևէ գույքի չի վերագրվում ապօրինի ծագում։ Թեկնածուն անընդունելի էր համարել, որ, թեկուզ այլ անձանց նկատի ունենալով, նման բնույթի ընդհանրացված հայտարարություն է արվել, որն, ըստ էության, տարածվել է նաև նաև իր վրա։
Գյումրիի ընտրություններին մասնակցող մեկ այլ ուժի՝ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը ևս արձագանքել է։
«Չի կարելի համահարթեցնել։ Ստացվեց, որ հրեշտակ կուսակցություն կա՝ ՔՊ-ն, մնացած բոլոր ընդդիմադիրները, որ մասնակցում են ընտրություններին, թալանի կուսակցությո՞ւն են։ Ընդդիմադիր կուսակցությունների գերակշիռ մասն ընդհանրապես աղերս չունի թալանի հետ»։
Թեժ ընտրապայքարի կանխատեսումներով հանդերձ՝ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն ակնկալում է, որ քաղաքական ուժերը կմնան բացառապես քաղաքական պայքարի տիրույթում․
«Որովհետև այդ ամենն ավելորդ լարելու է իրավիճակը, մեր աշխատանքները մի քիչ բարդացնելու է։ Ըստ էության, 2026 թվականի ԱԺ ընտրություններին մեկ տարուց մի փոքր ավելի ժամանակ է մնացել, սա կարող է նաև այն քաղաքական մշակույթը ձևավորել, օրինակ, թեժ քաղաքական պայքար՝ քննադատություններով, փոխադարձ մեղադրանքներով, բայց առանց վիրավորանքների, առանց սպառնալիքների կամ, չգիտեմ, բռնության դեպքերի։ Ողջ աշխարհում, երբ ընտրություններ են, միշտ էլ պայքարը թեժ է, բայց այդ գիծը պետք չէ անցնել»։
Ընտրությունների օրը՝ մարտի 30-ին, Գյումրի և Փարաքար համայնքներում ձևավորվելու է տեղամասային ընտրական 82 և 16 հանձնաժողով։ ԿԸՀ նախագահը համոզված է, որ կեղծիքների հնարավորությունը հավասարեցված է զրոյի։
«Քվեարկության ողջ գործընթացը բոլոր 98 տեղամասերից ուղիղ հեռարձակվելու է։ Կապ չունի՝ Գյումրիի բնակիչ է, թե Երևանի կամ Հանրապետության այլ մարզի։ Բոլորը կարող են անգամ իրենց բջջային հեռախոսներով հետևել իրենց համար հետաքրքիր տեղամասում ընտրության ընթացքին»։
ՏԻՄ ընտրությունների դեպքում պարտադիր չէ, որ որևէ կուսակցություն հավաքի ընտրողների 50+1 տոկոս ձայն։ Այս ընտրության համար ընտրողների մասնակցության շեմ սահմանված չէ։ Ընտրություններից և ավագանու ձևավորումից հետո ընտրված ավագանին իր առաջին նիստում հենց իր կազմից պետք է ընտրի համայնքի ղեկավարին։ Ձայների մեծամասնություն ապահովելու համար կարող են ձևավորել կոալիցիաներ։ Եթե երկու շաբաթում ավագանին որոշում չի կայացնում և չի հաջողում ընտրել համայնքի ղեկավարի, ապա կառավարությունը, օրենքով սահմանված ժամկետում, ավագանին լուծարում է և նշանակում նոր ընտրություններ։




