
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով՝ Սիրիայում մարտի 6-ից սկսված բախումների հետևանքով սպանվածների թիվը հասել է 1500-ի, մեծամասամբ՝ ալևիներ։ Երկրի կառավարությունը ստանձնած ուժերի և նրանց իշխանությունը չճանաչող խմբավորումների միջև բախումներն առավել ինտենսիվ են հայաշատ Լաթակիայում և հարակից Տարտուս, Համա, Հոմս ափամերձ շրջաններում։
Reuters-ի փոխանցմամբ՝ մարտի 14-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ռուսաստանի և Միացյալ Նահանգների մշակած հայտարարությամբ դատապարտել է բռնությունը և Սիրիայի ժամանակավոր իշխանություններին կոչ արել պաշտպանել բոլոր սիրիացիներին՝ անկախ էթնիկ և կրոնական պատկանելությունից:
«Սիրիան բոլոր սիրիացիներինն է, նրանք պետք է ընդհանուր լեզու գտնեն, վերականգնեն քաղաքացիական խաղաղությունը և աշխատեն խաղաղ անցման ուղղությամբ, որը կհանգեցնի կայուն, ժողովրդավարական Սիրիայի: Դա իմ ուղերձն է: Եթե կան հանցագործություններ, ապա դրանց կրկնությունը կանխելու և զսպելու միակ միջոցը մեղավորներին պատասխանատվության ենթարկելն է»,- ասում է Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հումանիտար կոորդինատոր Ադամ Աբդելմուլան։
Ավելի վաղ խաղաղության կոչ էր արել նաև Սիրիայի անցումային շրջանի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան՝ միաժամանակ շեշտելով, որ չեն հանդուրժի օրենքին հակասող որևէ քայլ։
«Մենք հայտնվել ենք նոր վտանգի առջև, որն առաջացել է նախկին ռեժիմի մնացորդների և նրանց թիկունքում կանգնած արտաքին կողմերի փորձերի հետևանքով․ փորձ է արվում նոր խռովություն հրահրել և մեր երկիրը ներքաշել քաղաքացիական պատերազմի մեջ՝ նպատակ ունենալով պառակտել այն։ Մենք պետք է պահպանենք ազգային միասնությունն ու ներքին խաղաղությունը»։
Այնուամենայնիվ, իշխանությունը կորցրած նախագահ Բաշար ալ-Ասադին հարող և Սիրիայում անցումային կառավարություն ձևավորած իսլամիստական ուժերի միջև զինված բախումները շարունակվում են։ Զոհերի թիվը տարբեր աղբյուրներում տարբեր է, սակայն փաստ է, որ ավելանում է։
Մինչև այս պահը հայտնի է 2 հայի՝ հոր և որդու սպանության մասին։ Այս տեղեկությունն օրեր առաջ փոխանցել էր Հալեպում լույս տեսնող «Գանձասար» պարբերականը։
Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ կապ հաստատել այսօր չհաջողվեց, սակայն նախօրեին «Ռադիոլուր»-ի հետ զրույցում Դամասկոսում ապրող Հակոբ Խաճարյանը դիտարկում էր արել, որ հենց քրիստոնյա համայնքի դեմ ուղղված ճնշում չկա։
Հալեպահայ գրականագետ Յարութ Վարդանեանն էլ, իրավիճակը գնահատելով, սեփական ձևակերպումն էր արել՝ «երկիրը տկար է»․
«Ինչպես ասում են, եթե վատ սերմ էր ցանվել, հիմա դա վատ բերք է տալիս։ Երկրում գործող նախորդ ռեժիմի որոշ ջոկատներ առայժմ գոյություն ունեն, որոնք չեն ցանկանում համակերպվել նոր իրավիճակի հետ։ Դրանք հեռավոր շրջաններում որոշ զինյալ ջոկատներ են կազմել ու ընդդիմանում են նոր իրավիճակին։ Նոր ռեժիմն էլ պահանջում է, որ նրանք զինաթափ լինեն, իսկ իրենց ներկայացուցիչները մասնակցեն բանակցությունների։ Այս ալևի ջոկատները, այսպես ասած, ծուղակներ ու թակարդներ են լարում, և երբ պետական նոր ուժերը ցանկանում են մոտենալ ու տարածվել ծովափնյա շրջաններում, ենթարկվում են պլանավորված հարձակման»։
ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն ամենօրյա կապի մեջ է Սիրիայի հայ համայնքի հետ։ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում քաղաքացիների տարհանումն այս փուլում անհնար է համարել․
«Համայնքը, ինչպես նաև ոչ սունի մուսուլման համայնքները շատ վախեցած ու անհանգստացած են, բոլորը փորձում են լուռ մնալ, աչքի չընկնել, մինչև իրավիճակն ավելի պարզվի։ Իհարկե, խաղաղեցման որոշակի գործընթաց տեղի է ունեցել, բայց, միևնույն է, ոչ սունի մուսուլման համայնքը սարսափահար վիճակում է այս պահին, հուսով ենք, որ իրավիճակը կխաղաղվի»։
Սիրիահայերին ոչ թե տարհանելու, այլ օգնելու կարիք կա՝ այս կարծիքին է գրող, հրապարակախոս Սագօ Արեանը։ Հանրային ռադիոյի հետ զրույցում նա դիտարկում է արել, որ սիրիացիները պետք է հաշտվեն իշխանության փոփոխության հետ ու փորձեն իրավիճակը գնահատել պակաս հուզականությամբ։
«Այսօր Սիրիան ունի նոր ձևաչափ, ու մենք պիտի հասկանանք Սիրիայում գործընթացն ինչ հունով կընթանա։ Ո՞վ կհաղթե էս խաղի մեջ՝ ես չեմ կըրնա հովանավորել այդ մեկը, բայց ես կասեմ՝ այս է մեր վիճակը, մենք զգույշ պիտի վարվենք և քանի այնտեղ ունենք համայնք, պետք է ամեն ինչ անենք, որ այդ համայնքն անվտանգ, ապահով շարունակի իր երթն ու առաքելությունը։ Մեզի համար սիրիահայերը կարևոր են, մենք կտագնապինք, կցավինք, եթե կարիք կա, պետք է տեսնենք՝ ինչպես կարող ենք օգնել, լրացնել իրենց կարիքները, որովհետև իրենք նաև տնտեսական լուրջ խնդիրների մեջ են այսօր, սիրական լիրայի արժեզրկում, տնտեսական տագնապ, անգործություն»։
Սիրիական զինյալ ուժերը, որոնք վայելում են թուրքական իշխանությունների անթաքույց աջակցությունը, 2024-ի դեկտեմբերին ամբողջական վերահսկողություն հաստատեցին երկրում․ Ասադների կեսդարյա ռեժիմը տապալվեց։ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման առաջնորդ Ահմեդ աշ Շարաան ստանձնեց երկրի անցումային շրջանի կառավարումը՝ վստահեցնելով, որ ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանվելու են։
Reuters-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում Դանիայի դեսպան Քրիստինա Մարկուս Լասենը նախօրեին ասել է, որ Անվտանգության խորհուրդն ի գիտություն է ընդունում Սիրիայի ժամանակավոր իշխանությունների հայտարարությունն այն մասին, որ ստեղծել են անկախ կոմիտե՝ հետաքննելու բռնությունները խաղաղ բնակիչների նկատմամբ և բացահայտելու մեղավորներին։ Միջազգային կառույցը կոչ է անում արագ, անկախ, անաչառ և համապարփակ հետաքննություն անցկացնել:




