ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Հրադադարն ընդունելի է, խնդրի նրբությունները՝ վիճահարույց․ Թրամփ-Պուտին փոխադարձ գոհունակություն կա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստումնալից է համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի  պատրաստակամութունը հրադադարի հասնելու հարցում։ Թրամփը խոսում է նաև Կիևի հնարավոր զիջումների մասին։ Ուկրաինան էլ իր հերթին շեշտում է ՆԱՏՕ-ի անդամակցության կարևորությունը, որը, սակայն, Մոսկվայի համար ռիսկային կարող է դիտարկվել։ Փորձագետները կարծում են, որ Ռուսաստանը չի ընդունի Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական ներկայությունն իր սահմանների մոտ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայն է ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկին, բայց հրադադարը պետք է հանգեցնի երկարաժամկետ խաղաղության և վերացնի ճգնաժամի սկզբնական պատճառները։ 

«Ուկրաինայի համար ձեռնտու կլինի  հասնել 30-օրյա հրադադարի, և մենք կողմ ենք դրան, բայց կան նրբություններ՝ ի՞նչ պետք է անել  Կուրսկի շրջանում արգելափակված ողջ զինվորական անձնակազմի հետ։ Բոլոր նրանք, որ գտնվում են այնտեղ, պետք է առանց կռվի՞ դուրս գան, մենք պետք է նրանց դուրս թողնենք այն ամենից հետո, ինչ արե՞լ են, զանգվածային հանցագործությունների՞ համար, որ կատարել են խաղաղ բնակչության դեմ, թե՞ ուկրաինական ղեկավարությունը նրանց հրաման կտա զենքերը վայր դնելու և հանձնվելու որպես գերի։ Ինչպե՞ս պետք է լինի, պարզ չէ»։

Ուկրաինան ևս պատրաստ է խաղաղության , սակայն  Ջիդդայում ամերիկյան պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ուկրաինացիներն ընդգծել են խաղաղ գործընթացի «կարմիր գծերը» Կիևի համար, մասնավորապես այն, որ  Ուկրաինան չի կարող հրաժարվել ՆԱՏՕ-ի անդամ դառնալու իր հավակնությունից, ինչպես նաև չի կարող սահմանափակել բանակի թվաքանակը։ Այս մասին «РБК-Ուկրաինա»–ին հայտնել է պարբերականի իրազեկ աղբյուրը։

Փորձագետներից շատերը, հենց այս երկու կարևոր շեշտադրումները նկատի ունենալով, բարդություններ են տեսնում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում։ Բանն այն է, որ Մոսկվան իր սահմանների մոտ չի կարող թույլ տալ ՆԱՏՕ-ական զորքերի ներկայություն․ պետք է հաշվի առնել, որ պատերազմը սկսել է հենց դա թույլ չտալու նպատակով։ 

Ուշադրության է արժանի նաև Մոսկվայից ամբողջական և երկարաժամկետ կարգավորման մասին շեշտադրումը, ինչը փորձագետները բնորոշում են, այսպես ասած, որպես փաթեթային լուծում։ Դա ենթադրում է, որ կողմերը կկանգնեն այն տարածքներում, որտեղ համաձայնագրի կնքման ժամանակ կգտնվեն։

Սաուդյան Արաբիայի բանակցություններում ԱՄՆ-ն  ամբողջական զինադադարի առաջարկ է արել։  Փոխարենը Վաշինգտոնը Կիևին խոստացել էր վերականգնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունն ու հետախուզական տվյալների փոխանակումը:

Ջիդդայի հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ Սպիտակ տանը հանդիպման ժամանակ հստակեցրել է, որ  Վաշինգտոնը Կիևի հետ քննարկում է, թե Ուկրաինան ինչ տարածքներ կպահի և ինչ կկորցնի հակամարտության կարգավորմամբ։

Ըստ  Թրամփի՝ Ուկրաինայի հետ քննարկվում են տարածքային զիջումների հարցեր, որոնց պետք է պատրաստ լինի Կիևը Մոսկվայի հետ հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար։

Ջիդդայում ամերիկա-ուկրաինական բանակցություններից հետո Պուտինը շնորհակալություն է հայտնել է Թրամփին ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու նկատմամբ դրսևորած ուշադրության համար։

«Գաղափարն ինքնին  ճիշտ է, և մենք այն ընդունում ենք, բայց  մենք երաշխիքներ ենք ուզում, որ 30-օրյա հրադադարի ընթացքում Ուկրաինան զորահավաք չի անցկացնի, չի վերապատրաստվի և զենք չի ստանա։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել ԱՄՆ նախագահ Թրամփին՝ հակամարտության կարգավորմանն այսքան ուշադրություն դարձնելու համար։ Սակայն կան հարցեր, որոնց շուրջ, կարծում եմ, գուցե նախագահ Թրամփի հետ հեռախոսազրույց կունենանք»։

Չի ուշացել Թրամփի արձագանքը Պուտինի գոհունակությանը։ Նա արդեն հասցրել է գնահատել Ուկրաինայում հրադադարի մասին Ռուսաստանի նախագահի հայտարարությունը՝ գրում է Reuters-ը։

Թրամփը ասել է, որ Պուտինը շատ խոստումնալից հայտարարություն է արել, թեև այն ամբողջական չէ:

ԱՄՆ նախագահը նշել է, որ հանուն հրադադարի պատրաստ է խոսելու ՌԴ նախագահի հետ։

«Հուսով եմ, որ Ռուսաստանը ճիշտ կվարվի»,-հայտարարել է Թամփը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հաղորդում է, որ ժամեր առաջ Մոսկվա այցելած ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի միջոցով Վլադիմիր Պուտինը լրացուցիչ տեղեկություն ու մեսիջներ է փոխանցել Դոնալդ Թրամփին։ Պեսկովն ասել է, որ երկու կողմն էլ կարծում է, որ Պուտին–Թրամփ զրույցն անհրաժեշտ է։ Հավանական է, որ այն տեղի ունենա, երբ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը Թրամփին զեկուցի Պուտինի հետ հանդիպման մանրամասները։ Ըստ Պեսկովի՝ զգուշավոր լավատեսության հիմքեր կան Ուկրաինայում հրադադարի շուրջ բանակցությունների հարցում։

Կարդացեք նաև

Back to top button