
Այսօր առնվազն 23 գերիներ, պատանդներ, այլ պահվող անձինք ունենք Ադրբեջանում և նաև մենք փորձում ենք հնարավոր ջանքեր գործադրել այդ խնդրի լուծման համար, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Ակոս» հայկական շաբաթաթերթի լրագրողի հարցին, թե քննադատություններ կան առ այն, որ համապատասխան ջանքեր չեն գործադրվում և ի՞նչ է մտածում այդ խնդրի հետ կապված։
«Ես, ընդհանուր առմամբ, այդ քննադատությունը հասկանում եմ և միշտ ասում եմ՝ քանի դեռ այդ ջանքերը, որ Կառավարությունը գործադրում է, արդյունք չեն տալիս, բոլորը կարող են ասել, որ ջանք չի գործադրվում, որովհետև այդ ջանքերը հիմնականում դիվանագիտական մակարդակով են գործադրվում: Ինչո՞ւ, որովհետև այս ժանրի մեջ հրապարակային հայտարարությունները պետք է լինեն շատ նպատակային և կոնկրետ նպատակի ծառայեն: Եվ այդ հրապարակային հայտարարությունների որոշակի դեպքերից անդին արդեն իրենք ոչ մի օգուտ չեն տալիս և ընդհակառակը՝ վնաս են տալիս»,- ասել է վարչապետը։
Նա բերել է 2023 թվականի դեկտեմբերի օրինակը, երբ 32 գերեվարված մեր հայրենակիցները վերադարձան Հայաստան, և մինչև վերջին վայրկյանը ոչ մեկի հայտնի չէին այն ջանքերը, որ գործադրվում էին և մինչև վերջին վայրկյանը հնչում էին քննադատություններ, որ Կառավարությունը ոչինչ չի անում:
«Քանի դեռ այդ խնդիրը լուծված չէ, ցանկացած ոք կարող է պնդում անել, որ ուրեմն Կառավարությունն անհրաժեշտ ջանքեր չի գործադրում, բայց մինչև 2023 թվականի դեկտեմբերին մեր գերեվարված հայրենակիցների վերադարձի մասին պաշտոնական լրատվությունը, մինչև այդ վերջին վայրկյանը հնչում էին շատ խիստ քննադատություններ, և որ Կառավարությունը ոչինչ չի անում։ Իսկ Կառավարությունն անում էր, և դա իմացվեց ընդամենն այդ հայտարարություններից որոշ ժամանակ անց, և դա ակնհայտ դարձավ»,- նշել է վարչապետը:
Նա ընդգծել է, որ Ադրբեջանն այս գործոնն օգտագործում է էսկալացիոն տրամաբանությամբ և էսկալացիոն նպատակներով․
«Կա նաև հետևյալը՝ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն այդ խնդիրը ցավոք, էլի ասում եմ, որ մանավանդ խաղաղության գործընթացի համատեքստում, երբ անընդհատ փորձ է արվում բերել լրացուցիչ էսկալացիոն գործոններ, ընդ որում արդեն իսկ հրապարակային հայտարարություններ խոշտանգումների մասին, արդեն իսկ վիզուալ հիմնավորումներ արգելված միջոցների մասին, որն իհարկե անհանգստացնող է, անընդունելի և Հայաստանի Կառավարությունն այդ հարցով հստակ դիրքորոշում է արտահայտել»:




