ԿարևորՔաղաքական

Խաղաղության համաձայնագրի նախագծում չկա որևէ դրույթ, որը վերաբերում է միայն Հայաստանին կամ միայն Ադրբեջանին․ Նիկոլ Փաշինյան

Խաղաղության համաձայնագրի նախագծում չկա որևէ դրույթ, որը վերաբերում է միայն Հայաստանին կամ Ադրբեջանին: Բոլոր դրույթներն առանց բացառության վերաբերվում են երկու կողմերին` ՔՊ վարչության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ԱԳՆ-ն այսօր հայտարարել էր, որ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ բանակցություններն ավարտվել են և առաջիկայում քննարկվելու են փաստաթղթի ստորագրման տեղն ու ժամկետները։

Բանակցություններն ավարտված են տեքստի համաձայնեցմամբ՝ ասել է  Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ թեև տեքստը չի հրապարակվել, բայց հանրությունը դրա բովանդակությանն ընդհանուր առմամբ ծանոթ է։

Պաշտոնական Բաքուն նշել էր, որ Երևանն ընդունել է չհամաձայնեցված երկու կետերի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները։   

Անդրադառնալով  դրանց՝ Փաշինյանը հաստատել է, որ խոսքը սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժերի չտեղակայման և միջազգային ատյաններից փոխադարձաբար հայցերը հետ կանչելու մասին է։

Վարչապետի խոսքով՝ պայմանագրում համաձայնեցված դրույթ կա, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ և ապագայում էլ նման պահանջներ առաջ չեն քաշելու:

Վարչապետն անդրադարձել է Սահմնադրության փոփոխության հարցին։ Նրա ձևակերպմամբ՝ Խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված տեքստը «հասցեագրում է երկու երկրների սահմանադրություններում միմյանց նկատմամբ հնարավոր տարածքային պահանջների առկայության հարցը, թեև Հայաստանի Սահմանադրությունը չի պարունակում տարածքների պահանջներ որևէ երկրի նկատմամբ»:

Կարդացեք նաև

Back to top button